ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱԻ նախարար. Գործառույթների պարզեցման խնդիր կա
2019-04-19 17:47:10

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Կառավարության կառուցվածքը կփոխվի. հինգշաբթի ձայների 71 կողմ, 40 դեմ հարաբերակցությամբ օրենսդրական փաթեթը ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ: Քանի կառավարության կառուցվածքում փոփոխություններ են նախատեսվում, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշում է՝ նախարարությունների միջև գործառույթների պարզեցման խնդիր ևս կա:

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը  բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների հետ աշխատանքում գործառույթների պարզեցման խնդիր է տեսնում:

Արտակարգ իրավիճակներում լիազոր մարմնի և աշխատանքները կոորդինացնողի պարտականությունները դրված են արտակարգ իրավիճակների նախարարության ուսերին, բայց շատ հաճախ գործառույթների մեծ մասը այս գերատեսչությունը չէ, որ իրականացնում է:

Մյուս նախարարություններն իրենց վրա դրված գործառույթները ճիշտ ու լավ են կատարում, խնդիրը աշխատանքի օպերատիվության հարցն է՝ ասում է:

«Մենք ունենք մտավոր և մարդկային բոլոր ռեսուրսները գործը սկզբից մինչև վերջ անելու համար, խնդիրը տեխնիկական զինման հարցն է: Օրենսդրական տարբեր նախաձեռնություններով փորձելու ենք գործառույթները պարզեցնել՝ հասցնելով կատարյալի»:

Փորձեցինք պարզել՝ նշված նախարարությունները արտակարգ իրավիճակների նախարարության հետ աշխատանքում գործառույթների պարզեցման խնդիր տեսնո՞ւմ են:

Պատասխանները չուշացան, բայց լիարժեք չէին: Բնապահպանության և տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների մամուլի ծառայությունից արձագանքեցին՝ հարցին միանգամից պատասխանել չեն կարող: Գրավոր հարցում ներկայացնելու դեպքում պատասխանն օրենքով սահմանված կարգով 5 աշխատանքային օրում կտան:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանի պատասխանը մի փոքր այլ էր՝ գործառույթների պարզեցման հարցը անմիջականորեն կապված է կառուցվածքային կառավարման փոփոխությունների հետ, ու անկախ ամեն ինչից գործառույթների պարզեցման խնդիր կա, բայց կոնկրետ ինչ տեսակետ ունի նախարարությունը ՝ առաջիկայում կասեն՝ հարցին մանրամասն ծանոթանալուց ու քննարկումներից հետո:

Իսկ մինչև երեք նախարարություններից կստանանք հարցի պատասխանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը վստահեցրեց՝ օրենսդրական տարբեր նախաձեռնություններով փորձելու են հնարավորինս մոտեցել գործառույթները կատարյալին՝ արտակարգ  իրավիճակում ամեն բան նախապես պետք է հստակ կետ առ կետ, քայլ առ քայլ հաշվարկված ու մտածված լինի:

0:00
0:00