ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քաղաքական ուժերը սպասում են քննության ավարտին
2019-04-19 18:20:35

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարարել է քննիչի կողմից երեկ կայացված որոշումը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին։ Այս տեղեկությունը հաստատել  է  վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

 

Երեկ երեկոյան ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, համաձայն որի դեռևս փետրվարին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին:

 

Կոռուպցիայի դեմ պայքարում յուրայիններ չկան՝ այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ անդրադառնալով  ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադարանք առաջադրելու ԱԱԾ որոշմանը:

«Ես բացառում եմ, որ որևէ պաշտոնյայի գլխին կարող է որևէ մեկը գործ սարքել և նաև բացառում եմ, որ որևէ մեկը մեղավոր լինելու դեպքում մնա անպատիժ»:

«Իմ քայլի» ներկայացուցիչը կարծում է, որ բոլոր հարցերին պետք է պատասխանի քննությունը: Նա վստահում է ԱԱԾ գործողություններին կարծում է, Դավիթ Սանասարյանն էլ կարող է ի պաշտպանություն իրեն գործել:

 

 «Ես որևէ մեկի հանդեպ կասկած չունեմ, ամենակարևորը փաստն է: Ես վստահում եմ ԱԱԾ գործողություններին: Դավիթ Սանասարյանն էլ կարող է ի պաշտպանություն իրեն գործել»:

 

Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչը ՝ « Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը,  կասկած չունի, որ իշխանության ներսում կոռուպցիայի դեմ պայքարելու իրական կամք կա: Համոզված է նաև, որ այդ պայքարն ընտրողաբար չի տարվում: Սանասարյանին առաջադրված մեղադրանքն, ասում է, իր համար  շոկային էր: 

 

«Իսկապես անակնկալ էր: Երբ նախկին ռեժիմի ներկայացուցիչ է բռնվում, ինչ-որ առումով սպասելի է, բայց երբ նոր իշխանության ներկայացուցիչն է մեղադրվում կոռուպցիայի մեջ, ցավալի է: Սպասենք քննությունն ընթանա, տեսնենք»:

 

Սանասարյանին մեղադրանք առաջադրելը թեժ քննարկումների առիթ է դարձել լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում: Գնահատականների ու մեկնաբանությունների պակաս չկա:  Հանրային գործիչների մի մեծ հատված կասկած տակ է դնում  Սանասարյանի առնչությունը կոռուպցիոն գործարքներին և անուղղակիորեն կասկածի սլաքներն ուղղում ԱԱԾ-ի ուղղությամբ:

 

Քիչ չեն նաև գնահատականները, ըստ որոնց՝  ԱԱԾ-ին  քննադատելը տեղին չէ: Այդպես է կարծում նաև Էդմոն Մարուքյանը:

 

«Ինձ համար զարմանալին այն է, որ բոլորը քննադատում էին ԱԱԾ պետին, Facebook-ում, այսպես ասած, քարոզարշավ կար այդպիսի։ Զարմանալի էր, որովհետև ԱԱԾ-ի ղեկավարը Հայաստանում այս Սահմանադրությամբ, որը մենք չենք փոխում, այն կառավարողը վարչապետն է։ Այսինքն՝ այդտեղ երկերեսանիության հարց կա, որ սխալ տեղ են ուղղում պահանջները»:

 

Վերջին օրերին օդում անպատասխան կախված էր հարցը, թե արդյոք ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող գործով որպես կասկածյալ կներգրավվի նաև կառույցի ղեկավարը:  Լրատվամիջոցները համառորեն խոսում էին այդ հեռանկարի մասին, իրավապահներն ու ինքը՝ Դավիթ Սանասարյանը, ոչ հերքում, ոչ հաստատում: Երեկ երեկոյան ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, համաձայն որի դեռևս փետրվարին հարուցված քրեական գործով Դավիթ Սանասարյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

 

«Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ Դավիթ Սանասարյանը հանդիսանալով Պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները»:

 

Քրեական գործի հիմքում առողջապահության  ոլորտում իրականցվող գնումների գործընթացն է, մասնավորապես՝ հեմոդիալիզի պարագաների մրցույթները:

 

Ամեն ինչ սկսվել էր այդ սարքավորումները ներկրող «Ֆրեզեն» ընկերության  հայտարարությունից  Ընկերության ղեկավարը վերահսկողական ծառայությանը մեղադրել էր իր գործունեությանը խոչընդոտելու մեջ, փաստեր էր ներկայացրել, որոնք վկայում էին մրցույթների գործընթացին Վերահսկողական ծառայության աշխատակիցների միջամտությունների մասին:

 

Նշել էր, որ  հեմոդիալիզի պարագաների համար հայտարարված մրցույթի չափորոշիչները փոխվել են, ինչի արդյունքում հաղթել է կահույքի մատակարարմամբ զբաղվող «Զորաշեն» ընկերությունը: Գործով 3 էր անձ կալանավորվել էր, 2-ը՝ Վերահսկողական ծառայությունից, մեկը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ից:

 

Ավելի ուշ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցներից մեկն ազատ արձակվեց, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը:

 

Նույն խափանման միջոցը կիրառվել է նաև Դավիթ Սանասարյանի նկատմամբ: Նա, ի դեպ, ֆեյսբուքում գրառում է արել ու նկատել, որ պղտոր ջրում ձուկ բռնողների մեծ բանակ կա։

 

Սանասարյանն իրեն առաջադրված մեղադրանքը հերքում է այսպիսի համեմատությամբ. Քենեդու սպանության մեջ ինձ կասկածելն ավելի հիմնավոր կլիներ, քան կոռուպցիայի հետ կապ ունենալը։


0:00
0:00