Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արտախորհրդարանական ուժերը՝ սուպերվարչապետական համակարգի մասին
2019-04-19 18:58:32

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նախօրեին հայտարարեց, որ շուտով ինքը և իրենց խմբակցության մի շարք պատգամավորներ հանդես են գալու սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությամբ՝ ի պատասխան խորհրդարանական վերահսկողության ամրապնդմանն ուղղված ընդդիմության բարձրացրած հարցերին։

Նախաձեռնության նպատակը, ըստ քաղաքական մեծամասնության, այն է, որ վարչապետին ենթակա մարմինները՝ ոստիկանությունը, ԱԱԾ, ՊԵԿ-ը ԱԺ  հերթական նիստերի ընթացքում պատասխանեն  պատգամավորների հարցերին:

Ի՞նչ կարծիքի են նախաձեռնության վերաբերյալ :

Սահմանդրական փոփոխությունների վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությունը փորձ է փրկել Նիկոլ Փաշինյանի դեմքը՝ ասում է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը եւ շարունակում է մնալ իր տեսակետին՝ ուժային կառույցները պետք է ենթարկվեն վարչապետին: Իհարկե, այս դեպքում՝ կա բացառություն:

«Այն ժամանակ ինքը ընդդիմադիր պատգամավոր էր գտնում էր, որ դա սուպերվարչապետական համակարգ է, եւ չպետք է ենթարկվեն վարչապետին: Հիմա իրողութուն է փոխվել, մարդը դարձել է վարչապետ, ախորժակ է բացվել եւ գտնում է, որ պետք է ենթարկվեն: Ես, ի տարբերություն  իրեն, նախկինում էլ, հիմա էլ գտնում եմ, որ պետք է ենթարկվեն վարչապետին»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը նույնպես կարծում է, որ սուպերվարչապետական համակարգին դեմ հանդես եկող քաղաքական գործիչն այսօր չի հրաժարվում կառավարման այդ ձեւից:  «Իմ քայլը» նման նախաձեռնությամբ մեղմում է իրավիճակը, բայց չի լուծվում բուն խնդիրը:

«Ժամանակին Փաշինյանն է քննադատել գերհզոր գործիքների ոչ հաշվետու լինելու հանգամանքը՝ Սերժ Սարգսյանի կոստյումի շրջանառումը հենց դրա մասին է: Նրանք կամ պետք է լինեն նախարարություններ եւ ենթարկվեն խորհրդարանին, կամ էլ սիրողական մակարդակի չգան խորհրդարան եւ իրար հարցեր տան»,- ասում է Նարինե Դիլբարյանը:

«Հարցերը պետք է լուծվեն ինստիտուցիոնալ, հիմնավորապես: Կամ մշակվում է օրենքում համապատասխան կետ, որ իրենք այս ինչ պարբերականությամբ հաշվետու են խորհրդարանին, կամ էլ Նիկոլ Փաշինյանը շարունակում է գերվարչապետական սկզբունքով առաջնորդվել»:

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը չի կիսում արտախորհրդարանական ուժերի կարծիքը եւ ընդգծում է, որ այսօր ՀՀ-ին պետք է ուժեղ վարչապետ՝ իր լծակներով: Քաղաքագետը կողմ է սահմանադրական փոփոխությունների «Իմ Քայլի» նախաձեռնությանը եւ անհեթեթ է համարում սուպերվարչապետության մասին զրույցները:

«ՀՀ-ն տուրբուլենտ շարժման մեջ է հայտնվել, եւ անհրաժեշտ է իշխանության ուժեղություն: Եվ դժվարանում եմ ասել՝ եթե վարչապետի հնարավորությունները սահմանափակվեն,  ի՞նչ կարող են անել նախկին քրեաօլիգարխիկ  տարրեը: Այս պայմաններում պետք է վերապահություն անել»:

Հաշվի առնելով վերջին օրերին ԱԺ-ում բավականին զգայական ելույթները՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նախօրեին հայտնեց՝ սահմանադրական փոփոխության նախաձեռնության վերաբերյալ իրենց նախաձեռնության մասին եւ կոչ արեց գործընկերներին գալ կառուցողական դաշտ:

«Դրա նպատակն է կառավարության և վարչապետին ենթակա մարմիններին ԱԺ հերթական նիստերին պատգամավորների հարցերին հրավիրելը»:

Նշեմ, որ կառավարության կառուցվածքային փոփոխության նախագիծը երկու օր բուռն քննարկվեց խորհրդարանում՝ ստանալով քաղաքական երանգավորում, դարձավ բանավեճի բուռն առիթ եւ հավանության արժանացավ միայն իշխող քաղաքական ուժի կողմից:

0:00
0:00