ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Իրանական ներկրվող ցեմենտը սահմանին կթանկանա, հումքը՝ ոչ
2019-04-19 19:13:23

Լենա  Բադեյան
«Ռադիոլուր»

Երեք օր շարունակ քաղաքական դաշտը ալեկոծող տնտեսական նախաձեռնությունն այսօր ԱԺ-ում քննարկվեց եւ ընդունվեց առաջին ընթերցմամբ: Ցեմենտի շուկային առնչվող «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներն ընդունվեցին 78 կողմ, 42 դեմ քվեարկությամբ:

Դեմ քվեարկեցին «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները: Որոշում ընդունվեց մինչեւ երկրորդ ընթերցում խորհրդարանում ստեղծել ենթահանձնաժողով, որը մեկ ամսում կուսումնասիրի եւ կփորձի հասկանալ՝ ինչ է տեղի ունենում ցեմենտի շուկայում:   

Մի քանի օր է, ինչ ցեմենտը խարխլել է իշխանության եւ ընդդիմության համագործակցության հիմքերը: Քննադատությունը վերաճեց վեճի եւ փոխադարձ մեղադրանք-վիրավորանքների:  Քաղաքական փոխհրաձգություններից հետո երեկ կառավարության շենքում մոտ կես ժամ անցկացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Վարչապետի հետ հանդիպումից հետո նա շենքից հեռացել է առանց հարցերին պատասխանելու։ Այսօր արդեն ԱԺ-ում ասաց.

«Հանդիպումը շատ ջերմ է եղել, հիմնականում քննարկել ենք ներդրումների եւ «Արարատ ցեմենտ»-ի խնդիրը»:

Այսօր խորհրդարանում կրկին շատ էին քաղաքական մեկնաբանությունները, ինչի պատճառով հաճախ կորում էր խնդրի էությունը: Պարզ ասած՝ նիստերի դահլիճում տեղի էր ունենում շահերի բախում: ԱԺ կանոնակարգ օրենքը հստակ պահանջ ունի՝ այսպիսի դեպքերում քաղաքական ուժերը կամ անհատները պետք է հայտարարություն անեն շահերի բախման մասին, որպեսզի լոբբինգով չզբաղվեն եւ նախընտրելի տարբերակը առաջ չմղեն ելույթներով եւ հայտարարություններով: Այսպիսի հայտարարություն էր այսօր պահանջում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Շահերի բախման մասին որեւէ հայտարարություն այդպես էլ չեղավ, չնայած  քննարկմանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների ակտիվությունը հասկանալի է՝ Գագիկ Ծառուկյանը «Արարատ-ցեմենտ» գործարանի սեփականատերն է: Այս թեւի ցանկությունն է, որ պետությունը պաշտպանի տեղական արտադրողին՝ անգամ եթե արտադրության գինը ավելի թանկ է ներկրվողից:

Ներկրվող ցեմենտի մեկ տոննայի համար 22 հազար պետտուրք սահմանելուն զուգահեռ պահանջում են տուրք սահմանել նաեւ ներմուծվող հումքի կլինկերի վրա:

Հարցի մյուս կողմում իշխանական «Իմ քայլը» խմբակցության այն պատգամավորներն են, որոնք չեն կիսում իրենց քաղաքական կառավարության տեսակետը՝ նախընտրում են, որ իրանական շատ էժան ցեմենտն ամեն դեպքում հայտնվի հայաստանյան շուկայում:

Սերգեյ Բագրատյան. «Պետք չէ անփորձ մածունը փոխել մեր փորձված թանի հետ: Իրանական ցեմենտի գործարանները 2 տարվա գործարաններ են, այս ցեմենտը դեռ փարձաքննություն չի անցել: Կառուցված շենքերը 5 տարի հետո ի՞նչ կլինեն՝ ոչ ոք չգիտի»:

Աննա Կարապետյան. «Տեղական արտադրողը չպետք է այնքան պաշտպանված լինի, որ լճանա: Ի վերջո մենք ուզում ենք մրցակցային դաշտ ստեղծել»:

Երկարատեւ քննարկումներից հետո պատգամավորները գտան հետեւյալ լուծումը՝ ներկրվող ցեմենտի վրա 22 հազար դրամի պետտուրքը կսահմանվի մեկ տարով, կլինկերի վրա այն չի տարածվի, իսկ ԱԺ-ում կստեղծվի ենթահանձնաժողով՝ հասկանալու ցեմենտի շուկայում տիրող իրավիճակը եւ միջանկյալ այս լուծման օգուտը:

Նաեւ մինչեւ երկրորդ ընթերցում նախագիծը կվերամշակվի: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը մի պարզ օրինակ է բերում՝ թե նախ ինչը պետք է հասկանան:

« Իրանական ցեմենտը սահմանին 1 կգ արժե 10 դրամ՝ գինն է ընդ որում, ոչ թե ինքնարժեքը: Այսինքն, եթե դրա մեջ մտնում է նաեւ շահույթը ու իրենց տրանսպորտային ծախսերը՝ նշանակում է, որ իրենց ինքնարժեքը շատ ցածր է, ինչը խիստ կասկածելի է»:

Ըստ որոշ տվյալների, որոնք ներկայացվել է Աժ-ում, չի բացառվում, որ տարիներ շարունակ ցեմենտի հայկական շուկայում շուրջ 60 տոկոսանոց  «ստվեր» է եղել: Սա նույնպես պետք է հասկանա ենթահանձնաժողովը:   

Այս պահին Հայաստանում գործում է ցեմենտ արտադրող 3 հիմնական գործարան՝ Արարատինը, Հրազդանինը եւ Երեւանինը: Մեկ տոննա ցեմենտի համար ամենաէժան գինն առաջարկում է Արարատի գործարանը՝ 40 հազար դրամ, ամենաթանկը Հրազդանինն է՝ 48 հազար դրամ:  

Գները, ի դեպ, վերանայվել են վերջերս: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, երբ սկսեց ներկրվել էժան իրանական ցեմենտը, տեղական ցեմենտի գինը 10 հազարով նվազեց: Տեղի արտադրողները խոստանում են՝ եթե պետական աջակցություն ունենան՝ մեկ տարվա ընթացքում եւս մեկ էժանացում կարող են անել՝ մոտ 6 հազարի սահմաններում՝ հիմնականում տեխնիկական վերազինումների շնորհիվ:

Մինչեւ 2016 թվականը՝ 14 տարի «Հրազդան ցեմենտ» գործարանը գլխավորած Նաիրա Մարտիրոսյանը պնդում է, որ ներկա պայմաններում տեղի արտադրողը երկար չի կարող մրցակցել: Կառավարության առաջարկը համարում է ժամանակավոր լուծում:

« Ցեմենտի ծավալը եթե նույնիսկ քիչ ներմուծվի, կլինկեր կսկսեն իրանցիները ներմուծել: մեր մոտ այստեղ կլինկերը կվերցնեն, կաղան եւ դա նույն ավելի էժան ցեմենտն է: Փաստորեն դուրս կգա, որ հարցն այդքան էլ չի կարգավորվում: Եթե մի 2 տարի էլ մեր գործարանները չաշխատեն, ծավալներն իջնենք, մենք աշխատող չենք ունենա: Եվ վերջապես, եթե մենք կորցնենք մեր շուկան վերակագնելը հետո շատ դժվար կլինի»:

Մի քանի օր առաջ ցեմենտի շուկայի հետ կապված ցույցերի ժամանակ ցուցարարներն իրենց հերթին բողոքում էին:  

« Եթե կլինկերը արտադրեցիր, այնտեղ ցեմենտը՝ հեչ, ծախս էլ չես անի: Այսինքն՝ այդ կլինկերի տուրքն էլ պետք է բարձրացվի, որպեսզի մենք կարողանանք աշխատել»:  

«Անցած ամսվանից կլինկերը անընդհատ տարել են՝ բա այդ փողերը ի՞նչ եք արել է՝ ոչ փող եք տվել, ոչ գազն եք մուծել: Ոչ մի բան: Գործարանի այ այն խողովակը լավ նայեք, այն փոշու տեղը փող է դուրս եկել, բայց մեր ժողովուրդը շատ վատ, թշվառ վիճակում են եղել»:

Մասնագետներն այս փուլում հակված են դիտարկել նաեւ դեմպինգի տարբերակը, երբ մրցակիցը իր քաղաքականությամբ ստիպում է գին գցել, հետո գրավում է շուկան եւ վերջում թանկացնում ապրանքը: Մինչ այս տարբերակը քննարկվում է Հայաստանում, տեղեկություններ կան, որ իրանական կողմի որոշումով ցեմենտի շուկայի խնդիրը կլուծվի ինքնաբերաբար:

Իրանում տեղի ունեցած ջրհեղեղից հետո աղետի ենթարկված բնակավայրերի վերականգնման խնդիր կա: Արդեն արգելք դրվել է մետաղական ամրալարի արտահանման վրա, առաջիկա օրերին հնարավոր է արգելք դրվի նաեւ ցեմենտի վրա:


0:00
0:00