Ռադիոլուր՝ Սաթիկ Իսահակյան
Սյունիքի մարզի Ուժանիս համայնքում ապրող սոցիալապես անապահով ընտանիքը գոյատևում է հիվանդության կենսաթոշակով՝ 36700 դրամով: Տրանսպորտ չլինելու պատճառով Կապանի դեղատուն հասնում են տաքսիով: Մթերքն էլ գյուղ է հասցնում թոշակ բաժանողը՝ շրջիկ մեքենայով:
Կապան խոշորացված համայնքի Ուժանիս գյուղում եմ: Ծովի մակերևույթից 1120մ բարձրության վրա: Մաքուր օդ, գեղեցիկ բնություն, զով ամառ ու ցուրտ ձմեռ: Գյուղը շատ հին պատմություն ունի, տարբեր պատճառներով բնակատեղին 3 անգամ փոխել է, բայց չի վերացել: Ուժանիսում սոցիալական տարբեր խնդիրներ ունեցող ընտանիքներ շատ կան: Գյուղի ծուռումուռ փողոցներով իջնելիս մատնացույց արեցին այն տունը, որտեղ ապրում է ամենակարիքավոր ընտանիքը:
Երկհարկանի տունը վաղուց կորցրել էր երբեմնի շքեղ տեսքը: Բնակիչները 2 են, ամուսիններ: Արևիկ Խաչատրյանը զգուշորեն իջավ փայտե աստիճաններից, երկաթե դարպասը բացեց ու զարմացած նայեց անծանոթիս, մտածելով ինչ ենք փնտրում այնտեղ, որտեղ քչերն են հյուր գալիս:
Արևիկը խնամում է ողնաշարային հիվանդություն ունեցող ամուսնուն, որը քնած էր, և մենք զրուցեցինք տան բակում, խոնավությունից գրեթե փտած նստարանին: Ընտանիքը գոյատևում է միայն ամուսնու հիվանդության կենսաթոշակով՝ 36700 դրամով: Սեփականաշնորհված հողեր ունեն, սակայն չեն կարողանում մշակել: Գյուղում էլ մարդ չի մնացել, որ հողերը վարձակալությամբ տան ու փոխարենը հացահատիկ վերցնեն:
Արևիկը կարողանում է միայն տնամերձի փոքրիկ բանջարանոցը մշակել: Գյուղում խանութ չկա, ապրանքները գնում են շրջիկ խանութից կամ Կապանից:
Հիմա ձմեռնամուտ է, իսկ ընտանիքը վառելափայտ չունի: Հիվանդ ամուսնուն դեղորայք գնելու համար ստիպված է տաքսիներով հասնել Կապանի դեղատուն:
«3000 դրամ տալիս եմ տաքսուն, գնում Կապան, դեղերն առնում եմ ու նորից 3000 դրամ վճարում, որ հասնեմ տուն»:
Արևիկ Խաչատրյանը գյուղում ապագա չի տեսնում, ցանկանում է հեռանան, սակայն նույնիսկ դրա հնարավորությունը չունեն:
Սոցիալական ծանր պայմաններում հայտված ամուսինները շարունակում են օրերն անցկացնել միայնության մեջ: