Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Տրված եւ արդեն կատարված խոստումները. մեկ տարի անց
2019-04-20 17:55:16

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Առաջիկա օրերին Հանրապետությունում նշվելու է հեղափոխության մեկ տարին: Այս շրջանում ամենատարածված հարցն է, թե հեղափոխության ժամանակ տրված խոստումներից որն է իրականացվել, իսկ որ հատվածը՝ ոչ: Մեկ տարի անց եկել է հեղափոխական իշխանություններին գնահատելու ժամանակը:

Հեղափոխությունները ենթադրում են առաջին հերթին քաղաքական համակարգի փոփոխություն: Հեղափոխականները մեկ տարի առաջ Հայաստանում հաղթեցին պատկերավոր ասած Սերժ Սարգսյանի կոստյումի դեմ պայքարելով, բայց դրան հաջորդած ընտրություններում, հանրության մեծամասնությունը ընտրեց հեղափոխականներին առանց ուշադրություն դարձնելու, որ նախընտրական ծրագրում բացակայում է Սահմանադրությունը փոխելու պահանջը:

Թղթի վրա գրվածն ավելի կարեւոր չէ տրված խոստումներից՝ ասում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

« Եթե հեղափոխություն է առաջին հերթին պետք է քաղաքական հենքը պետք է փոխվի, որից էլ պետք է ածանցվի տնտեսականը: Ժողովուրդը գնացել է Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի հետեւից, որովհետեւ ապրիլ-մայիսին տրվել են խոստումներ: Իսկ դեկտեմբերյան ընտրություններին իհարկե, ոչ մեկը չի կարդացել ընտրությունները: Ես էլ չեմ կարդացել, ինչի՞ս էր պետք: Այո, կան դրական փոփոխություններ, ավելի շատ հոգեբանական ոլորտում են, որոշ նախադրյալների ստեղծման ոլորտում են: Բայց եթե համեմատենք խոստումների հետ՝ ոչ բավարար արագությամբ են դրանք իրականացվում»,- նշում է Պապայանը:

Հեղափոխության հաջող ընթացքի համար քաղաքական վերլուծաբանը կարեւորում է հատկապես Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի, Կուսակցությունների մասին եւ մի շարք այլ առանցքային օրենքների փոփոխությունը, որի քննարկումներն արդեն, կարծում է, սկսած պետք է լինեին:

Ապրիլի սկզբին ԱԺ նախագահը աշխատանքային քննարկման ժամանակ խմբակցությունների ներկայացուցիչներին առաջարկեց տալ ընտրական օրենսգրքի բարեփոխումների մեկնարկը։ Մի քանի օր առաջ սահմանադրական մասնակի փոփոխությունների մասին Աժ-ի ամբիոնից խոսեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Այսպիսի մասնակի փոփոխություններին դեմ է խորհրդարանական ընդդիմությունը: Մեկ տարվա ընթացքում, ի դեպ, նոր իրողությունների պայմաններում ընդդիմության տեղի եւ դերի համար նույնպես պայքար է ծավալվում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, Նիկոլ Փաշինյանի նախկին գործընկեր («Ելք» խմբակցությունից) Էդմոն Մարուքյանը պնդում է՝ իրենք հասարակության կողմից հասկացված չեն:

« Այո, հեղափոխության լիդերը վարչապետն է եւ այո, այդ հեղափոխության լիդերին պետք է քննադատենք, եթե համաձայն չենք: Այդտեղ պետք չէ ընտրել ինչ որ խաղ, դավաճանություն, ծախվածություն, սրիկայություն, ինչ հայհոյանք ասես տեսնում ենք սոցիալական ցանցերում: Մի հիվանդություն էլ դա է»,- ասում է Մարուքյանը:

Հեղափոխական իշխանություններից մեծ ակնկալիքները բնական է համարում քաղաքական վերլուծաբան Արա Պապյանը: Ինքն էլ ունի այդպիսի սպասելիքներ եւ բացատրում է, թե ինչու.

«Շատ պարզ է՝ եղել են խոստումներ: Հակառակ պարագայում ստացվում է, որ այս ամբողջը արվել է մեկ նպատակի համար՝ իշխանության գալու: Ես կոնկրետ մեկ տարվա ընթացքում տեսնում եմ՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գների թանկացում: Չի կարող իշխանությունը հեղափոխական ճանապարհով գալ իշխանության եւ գործել որպես ոչ հեղափոխական իշխանություն: Այսինքն՝ սպասեք, տեսնենք ինչ է լինում, մեկ երկու ժամկետ՝ արդեն խոսվում է դրա մասին»:

Խոստումների եւ գործերի մասին բոլոր խոսակցություններին իշխանական «Իմ քայլը» կուսակցությունից արդեն պատասխանել են: Աժ փոխնախագահ Լենա Նազարյանն ընտրեց Աժ ամբիոնը.

« Ես ուզում եմ հստակ ցուցակ ասել: Բարձրացել է իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց աշխատավարձը 20 տոկոսով, պոլիկլինիկաների բուժաշխատողների աշխատավարձը՝ 30-40 տոկոսով, հուլիսի 1-ից 10 տոկոսով ԶՈՒ զինծառայողների աշխատավարձը կբարձրանա, սեպտեմբերի 1-ից՝ ուսուցիչների»:

Այս ամենին գումարվում է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարն ու ապօրինի գումարների վերադարձը:

Միացյալ Նահանգներում հաշվարկել էին, օրինակ՝ թե Բարաք Օբաման որքան խոստում է տվել: Ստեղծվել էր հատուկ սանդղակ՝ ուսումնասիրելու, թե 400-ից ավելի խոստումից որն է իրականացվել, որն է ընթացքի մեջ, իսկ որոնք ընդհանրապես չեն իրականացվել: Հայաստանում նույնպես առաջարկում են ստեղծել այդպիսի սանդղակ:

0:00
0:00