Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
20 հարց 2,5 ժամում. քաղաքացիների ո՞ր հարցերին պատասխանեց վարաչպետը
2019-04-20 17:00:27

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հայաստանի վարչապետը հերթական անգամ պատասխանեց ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին: Այս անգամ էլ  ավանդույթը չխախտվեց՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց ամենաշատ լայքեր հավաքած հարցերին: Ըստ հարցերի հերթականության՝ առաջին եռյակում էին հեռուսահաղորդումների որակի, Նորագավիթի մաքսատան աշխատակցի աշխատանքից  ազատման եւ բարձր տոկոսադրույքներով վարկերի մասին հարցերը:

Ընդհանուր առմամբ, մոտ 2,5 ժամում կառավարության ղեկավարը պատասխանել է 20 հարցի։

204 հազար օգտատեր է դիտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ֆեյսբուքյան հարցուպատասխանը: Այն սկսվեց հեռուստահաղորդումների որակի մասին հարցով: Այն ամենաշատ հավանությունն էր ստացել։ Լավ սերունդ դաստիարակելու համար Փաշինյանը տեղեկացրեց, թե ինչ ծրագրեր են իրականացնում՝ ՀՀ բոլոր աշակերտները տարեկան մեկ անգամ թատրոն, համերգասրահ ու թանգարան կարող են գնալ՝ պետական բյուջեի հաշվին:

Նիկոլ Փաշինյանը պատասխանում է քաղաքացիների հարցերին (տեսանյութ)

3700  հավանություն ստացել էր Նորագավիթի մաքսատան աշխատակցին  ներելու խնդրանք հարցը: Երիտասարդին կառավարության ղեկավարը հորդորեց դիմում գրել ու հեռանալ՝  աշխատասենյակի անկյունում տեսնելով փոշոտ եռագույնը: Փաշինյանը անդրադարձավ նաև իր հասցեին հնչած քաղաքացու հետ դու-ով խոսելու մեղադրանքին:

Ձեր տեսակետը հարգում եմ, լսում, սակայն աշխարհի ամենավնասակար ղեկավարը թույլ ղեկավարն է՝ հստակեցրեց Փաշինյանը: Հավելեց՝ ճիշտ որոշում է ընդունել:

«Շատ ցավում եմ, որ ձեր խնդրանքը չեմ կարող կատարել»:

Բարձր տոկոսադրույքով վարկերի հարցն էր հետաքրքրում  քաղաքացիներին: 24 տոկոսից բարձր տոկոսադրույքով վարկեր Հայաստանում չկան՝ ասաց Նիկոլ Փաշինյանն ու հստակեցրեց՝ այլ կազմակերպություններ են բարձր տոկոսադրույքով վարկեր տրամադրում: Խոսեց նաև տույժ-տուգանքների մարման մասին:

Հայաստանի ընտանիքների 80 տոկոսը ունի վարկային որոշ պարտավորություններ: Վարկերի տոկոսադրույքները նվազում են՝ հայտարարեց կառավարության ղեկավարը: Արտոնյալ պայմաններով վարկեր են ստեղծում, ՀՕ փոփոխություններ են կատարում: Կարևոր է, սակայն, քաղաքացիների ֆինանսական գրագիտության հարցը:

Հայրենադարձների համար հիպոթեքային վարկավորման ծրագիր է մշակվում՝ տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը։ Այս պահին, սակայն, չմանրամասնեց՝ թե ինչպիսի:

3100 օգտատերերի էլ դուր էր եկել հարցը, թե մինչև երբ պետք է վարչապետ Փաշինյանը մենակ աշխատի:

Ֆեյսբուքյան օգտատերերին ավելի շատ  հետաքրքրում էր երկկողմանի ծնողազուրկ աղջկա՝  միակ եղբորը Արցախ չտեղափոխելու հարցը, քան՝ հարցը՝ եթե մինչև հիմա Սերժ Սարգսյանը չի մեղադրվում որևէ հանցագործության մեջ, ինչի  համար և ում դեմ էր հեղափոխությունը: Ի դեպ, նմանատիպ երկու հարց հնչեց:

10-րդ հարցը հունիսի 1-ին՝ երեխաների միջազգային օրը, աշխատող ծնողների համար ոչ աշխատանքային սահմանելու հնարավորության հարցն էր։ Այս անգամ կառավարության ղեկավարն սկսեց խոսել ժողովրդագրական խնդիրներից, մանկապարտեզների բացակայությունից: Առաջիկա երկու տարիներին հունիսի 1 ոչ աշխատանքային օրեր են լինելու,  վարչապետը  ժամանակ խնդրեց լուծումներ գտնելու համար:

Տնտեսական, մասնավորապես բիզնեսին աջակցելու մեխանիզմներ գտնելու մասին հարցն ավելի քիչ  մարդու էր հետաքրքրում: Հավաքած հավանումների թվով 15-րդ տեղում անցումային արդարադատության մասին հարցն էր: Նիկոլ Փաշինյանն ասաց՝ այժմ քննարկվում է ապօրինի ձեռքբերված գույքի բռնագանձման մասին օրենքի նախագիծը:

2 ժամ 12 րոպե 51 վայրկյան. Փաշինյանն այսքան ժամանակում պատասխանեց օգտատերերի 20 հարցի։ Այս ընթացքում նրա դուստրը՝ Արփին, փորձեց հասկանալ՝ երբ է եղբայրը տուն վերադառնալու:

Հասարակության հետ կապի այս միջոցը կշարունակվի՝ խոստացավ վարչապետը։ Ինչ պարբերականությամբ՝ չհստակեցրեց: Ասաց՝ ասուլիսներն ու քննարկումներն էլ երկխոսություն են քաղաքացիների հետ:

0:00
0:00