ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ալավերդցիների խնդիրներն ու տրամադրությունները
2019-04-22 17:41:36

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Խորհրդային տարիների արդյունաբերական հսկան ճգնաժամ է ապրում: Ալավերդու պղնձաձուլական գործարանն ավելի քան կես տարի չի աշխատում: Պատասխանատուները իրավիճակը մեկնաբանում են մեկ ֆինանսական, մեկ բնապահպանական խնդիրներով, բայց գործարանի ավելի քան 600 աշխատակիցներին դրանք քիչ են հետաքրքրում, մարդիկ աշխատանք են ուզում, շատերն արդեն արտագնա աշխատանքի ուղին են բռնել:

Ռադիոլուրը հանգստյան օրերին Ալավերդիում է եղել՝ ծանոթանալու տեղացիների խնդիրներին ու տրամադրություններին:


Սուրբ Զատկի տոնական օրը Ալավերդիում տրամադրությունն ամենևին տոնական չէր: Քաղաքի  պղնձաձուլական գործարանը չի աշխատում արդեն յոթ ամիս: Մինչ վերևներում փորձում են հասկանալ խնդրի ֆինանսական ու բնապահպանական շերտերը, գործարանի շուրջ 630 աշխատակիցներն ու նրանց ընտանիքները հայտնվել են անելանելի վիճակում:

Այս թվին ավելացել են նաև պարապուրդի մատնված Թեղուտի հանքի շուրջ 400 ալավերդցի աշխատակիցները: Ընդամենը մի կարճ պտույտ ու փոքրիկ հարցախույզ  քաղաքի կենտրոնում և Ալավերդու խոր ճգնաժամն ակնհայտ է դառնում:

Անժիկ Թանդիլյանի որդին պղնձաձուլականում բանվոր է աշխատել: Հարկադիր պարապուրդի համար տրվող չնչին գումարով ընտանիքն այս ամիսներին մի կերպ գոյատևել է, բայց այսպես այլևս չեն կարող շարունակել, տիկին Անժիկն ասում է, որ որդու տրամադրությունն արդեն ճամպրուկային է:
 

Ալավերդու Լաչինի միջանցք կոչվող վայրում մենք հանդիպեցինք նաև ժամանակին քաղաքական շրջանակներում հայտնի Վազգեն Խաչիկյանին: Այժմ նա ապրում է Ալավերդիում, քաջածանոթ է քաղաքի խնդիրներին:

Ասում է. «Ալավերդին ժամանակին ստեղծվել է հենց գործարանի շուրջ, հետևաբար պատկերացնել քաղաքն այսօր առանց պղնձաձուլականի դժվար է: Կարճ ասած՝ առանց գործարանի Ալավերդին Ալավերդի չէ»: Այդուհանդերձ, Խաչիկյանի մոտեցումն այսպիսին է՝ գործարանը կաշխատի, թե ոչ, ապրելու համար քաղաքին այլընտրանք է պետք:

Վազգեն Խաչիկյանը հիշեց նաև աշխարհի ամենաթանկ պանրի տեսակներից մեկը՝ Ֆոնտինան, որը ստանում են Իտալիայի հյուսիսի լքված պղնձախորշերում: «Իսկ ինչու նման մի բան չձեռնարկել հենց այստեղ»,-ասում է:

Ստեղծված ճգնաժամը տուրիզմով հաղթահարելու կողմնակից է նաև Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար  Սասուն Խեչումյանը: Քաղաքի  բոլոր զբոսաշրջային հնարավորությունները մեկ առ մեկ ուսումնասիրել է:

Պատմաճարտարապետական հուշարձանների ու տեսարժան վայրերի մասով էլ, ինչպես համայնքի ղեկավարն է նկատում, Հայաստանում յուրաքանչյուրը կարող է նախանձել ալավերդցիներին:

Սանահին, Հաղպատ, Ախթալա…Ալավերդուց չնչին հեռավորության վրա են: «Տաթևացի, Մաշտոց ու Օձնեցի. հայոց պատմությունից նշված երեք սրբի գերեզման է հայտնի, որոնցից մեկը՝ Հավհաննես Օձնեցունը, հենց այս տարածաշրջանում է»,-ասում է համայնքի ղեկավարը: Նա համոզված է, որ մի քանի համայնք միավորող ու  շուրջ 24 500 բնակիչ ունեցող Ալավերդիում հնարավոր է զարգացնել նաև գյուղատնտեսությունը:

Լավատեսական այս խոսքից հետո համայնքապետն անկեղծանում է. «Այս ամենի մեջ մարդկանց  ներգրավելը բավական դժվար է: Ժողովուրդը  կարծես ծուլացել է: Քարից հաց քամող հայերից մեկ քարն է մնացել, մեկ էլ՝ հայերը»,-կատակում է Խեչոյանը:


Անդրադառնալով այս պահին Ալավերդու գլխավոր՝ պղնձաձուլական գործարանի  խնդրին, մասնավորապես մեր հարցին՝ որն է ալավերդցու համար մեծ հաշվով առաջնայինը՝ տնտեսական ու սոցիալական խնդիրը, թե՝ բնապահպանականը, համայնքի ղեկավարը պատասխանում է
. «Այս հարցը երկու երես ունի»:

Բնակիչների առողջության վրա գործարանի  ծխի հետևանքների, մասնավորապես օնկոլոգիական հիվանդությունների աճի վրա դրա հնարավոր բացասական ազդեցության շուրջ  զրուցեցի նաև Ալավերդու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սերոբ Նազարեթյանի հետ: Մասնագետի կարծիքն այսպիսին էր. «Ալավերդիում օնկոլոգիական հիվանդությունների աճ չկա: Որոշ համայնքներում, որոնք գործարանից  շատ ավելի հեռու են, այդ հիվանդություններն ավելի հաճախ են հանդիպում, քան Ալավերդիում»:


Բժշկական կենտրոնի փոխտնօրենի տվյալներով, օնկոլոգիական հիվանդությունների ցանկում տարածաշրջանում առաջատարը կանանց կրծքագեղձի քաղցկեղն է: Ոչ միայն քաղցկեղի, այլև բազմաթիվ այլ հիվանդությունների մասով կա, այսպես ասած, հիվանդության երիտասարդացման միտում:

0:00
0:00