Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դրախտիկում գրադարակ բացվեց
2019-04-22 18:07:12

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Բազմաթիվ երիտասարդ մասնագետներ երազում են փոխել ու փոխում են ոչ միայն իրենց, այլև Հայաստանում ապրող շատ երեխաների կյանքեր:

 «Գրադարակ գրադարաններ» ԿՀ-ի համահիմնադիրներն այդ երիտասարդներից են, որ արդեն երրորդ գրադարակն են նվիրում Հայաստանի մանուկներին:

Հենց նրանց շնորհիվ է, որ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղը միջազգային ստանդարտներին համապատասխան ու «զինված» գրադարան ունի:

Թվով երրորդ գրադարակը արդեն հասցե ունի՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում է: Դրախտիկցի Իլոնան 11 տարեկան է, ուրախությունից  վազվզում է դպրոցի կիսաքանդ շենքում՝ աչքը պահելով  շենքի միակ գունավոր սենյակին, որ այսուհետ իրենց լուսավոր անկյունն է լինելու` ասում է:

Արագ-արագ պատմում է՝ գրադարանում ինչն է իր ձեռքի գործը:

«Ես բարձերն եմ շարել, երեկոյան եկանք, օգնեցինք, որ գրքերն էլ դասավորեն»:

Կարմիր ժապավենը կտրվեց, թե չէ, երեխաներն իրար հերթ չտալով մտան իրենց անկյուն՝ բարձրաձայն ու երջանիկ:

«Գրադարակ գրադարաններ» ՀԿ-ի համահիմնադիր Հայկ Զալիբեկյանը, որ իր ընկերների հետ արդեն երրորդ գրադարակն է նվիրում, երեխաների աղմուկին կողմ է: Նորաբաց գրադարակում Հայկն առաջինը դիմում է երեխաներին:

«Գրադարակը հենց այն վայրն է, որտեղ երեխաները պետք է աղմկեն, գրադարանները մենք հենց դրա համար ենք ստեղծում»:


Գրադարակը Դրախտիկում է Մայիս Մարգարյանի ու Շարմաղ Սակունցի շնորհիվ՝ մեկն իր ներկայությամբ միայն հավատ է ներշնչել, որ գրադարակը հենց Դրախտիկում կառուցվի, մյուսն էլ վազքով՝ գումար է նվիրաբերել:

Շարմաղը «Բարեգործ վազորդների հայկական թիմ»-ից է, առաջին անգամ չէ, որ վազքով գումար են հանգանակում ու նվիրում տարբեր սոցիալական ծրագրերի: Թե ինչու այս անգամ որոշեցին իրենց վազքի բերած գումարը նվիրաբերել այս ծրագրին, պատմում է:

«Ամենահամակարգային ներդրումը, ամենահամակարգային բարեգործությունը կրթության մեջ ներդրում կատարելն է»:

Իսկ Մայիսը թեև երևանցի է, բայց արդեն երկու տարի է ինչ Դրախտիկցի է: «Երազանքի գյուղ Դրախտիկ» ծրագրի համահիմադիրներից է: Տարիներ առաջ ընկերներով որոշեցին փոխել Հայաստանի մեկ գյուղի կյանք, եկան Դրախտիկ, որ գյուղն իսկական դրախտ դարձնեն՝ ճիշտ իր անվան նման:

«Գիտեմ, որ նման գաղափարներն ուզում են տեղում հենարան ունենալ»:

Գրադարակը Դրախտիկը դրախտ դարձնելու ճանապարհին կարևոր ձեռքբերում էր, ասում են բոլոր նրանք, ովքեր ուզում են, որ մայրաքաղաքից հեռու այս գյուղում իսկապես դրախտ լինի:

Սեպտեմբերի 1-ին կգնանք չորորդ գրադարակի բացմանը, մինչև տարեվերջ կբացվի՝ հինգերորդը՝ լուսավորելով հեռու ու մոռացված գյուղերի կյանքն ու երեխաներին:

0:00
0:00