ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Խորհրդարանում կրկին մարտի 1-ից տուժածների աջակցության հարցն է
2019-04-22 18:23:04

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

 

Փակ գաղտնի քվեարկությամբ խորհրդարանն այսօր  ընտրել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նոր նախագահին:

 

Վարչապետի առաջադրած թեկնածուի՝ Գեղամ Գևորգյանի օգտին  քվեարկել  է 95 պատգամավոր, դեմ է եղել 26-ը:  Քվեարկությունից առաջ միայն  «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է հայտարարել, որ դեմ է քվեարկելու Գևորգյանի թեկնածությանը:


Խորհրդարանն այսօր նաև մի քանի նախագծեր  է քննարկել, այդ թվում՝   «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» ԱԺ փոխնախագահներ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագիծը:

Քայլ՝ դեպի հանրային համերաշխություն:  Օրենսդրական առաջարկի հեղինակները կարծում են, որ իրենց նախաձեռնությունը լուծելու է այս, նաև  պետական ինստիտուտների նկատմամբ վստահության վերականգնման խնդիրը:

 «Հուսով եմ՝ պետական այս վերաբերմունքով մենք հանգստություն ձեռք բերելու հնարավորություն կտանք տուժածների ընտանիքներին և կմեղմենք նրանց հոգսերը»:

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը խորհրդարանի մյուս փոխխոսնակի՝ Ալեն Սիմոնյանի հետ հեղինակել է օրինագիծ, որը աջակցություն է նախատեսում  2008 թվականի  մարտի 1- 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց:

Նախագծով աջակցության  իրավունք ունեն այն անձինք, որոնց կյանքին կամ առողջությանը մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս։


«Հասկանալի է, որ նախագծով չենք հատուցում այն կորուստները, որ մարտի 1-ին կրել են քաղաքացիները, մենք չեն վերադարձնում առողջություն կորցրածներին, սակայն սա քայլ է հանրային համերաշխության հաստատման համար: Ցավոք, պետք է արձանագրեմ, որ նախկին կառավարության կողմից ոչ բոլոր տուժածներն են ընկալվել որպես տուժած: Եղել է խիստ տարբերակված մոտեցում »:

Տարբերակված մոտեցում ասելով՝ Լենա Նազարյանն ասում է, նկատի ունի այն, որ մարտիմեկյան իրադարձություններից տուժած ոստիկաններին աջակցություն տրամադրվել է, իսկ քաղաքացիներին՝ ոչ:

 

Թե ինչ ձև է ունենալու աջակցությունը, օրենսդիրը թողնում է գործադիրի հայեցողությանը: Նախագծում նշվում է, որ աջակցության ձևը, չափը,  տրամադրման կարգը սահմանվում են կառավարության որոշմամբ:

Նախագծում մեկ այլ ուշագրավ ձևակերպում էլ կա:

 

Նշվում է, որ աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձինք դիմումը կարող են ներկայացնել կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում: Այս դրույթը օրինագծում  ավելացվել է գործադիրի առաջարկով: Թե ինչու, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է բացատրում:

 

«Երեք տարի, որովհետև կարող է փոխվել տուժողների կազմը: Այս պահի տվյալներով՝ 10 զոհված կա, 187 ոստիկան, 32 քաղաքացիական անձինք: Այս պահին պոտենցիալ շահառուները նրանք են»:

 

Պոտենցիալ շահառուների թիվը, ըստ նախարարի, խիստ նախնական է. Արտակ Զեյնալյանը չի բացառում, որ օրենքի ընդունումից հետո կլինեն նոր անձինք, որոնք կդիմեն որպես տուժող ճանաչվելու համար: Ընդգծում է, որ առանցքային է ոչ թե փոխհատուցում, այլ աջակցություն նախատեսելու մոտեցումը: Աջակցությունը,  ասում է, կարող է լինել ֆինանսական,  սոցիալական  և այլ կերպ: Կախված է գործադիրի ցանկությունից ու հնարավորություններից:

Մարտի 1-ի թեմային խորհրդարանն առաջին անգամ չի անդրադառնում:   Շուրջ մեկ տարի առաջ՝ 2018 թ. փետրվարին,  խորհրդարանում քննարկվում էր Ելք խմբակցության  հայտարարության նախագիծը: Այն իրավապահների առջև պահանջ էր դնում սեղմ ժամկետներում բացահայտել և պատասխանատվության կանչել մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած սպանություններին, վերանայել այս գործով դատապարտված ընդդիմադիրների մեղադրական վճիռները: Առաջարկվում էր նաև մշակել օրենսդրական փաթեթ, որով արժանապատիվ փոխհատուցում կտրվի մարտի 1-2-ի իրադարձությունների տուժածներին:

0:00
0:00