ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչու էր պատգամավորի եղբայրը նշել Մարիխուանայի միջազգային օրը
2019-04-22 18:44:00

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Տրանսգենդերների հետ կապված խնդիրը ԱԺ-ում դեռ չհարթված, նոր խնդիր է հասունանում ԱԺ համար: Այս անգամ թեման մարիխուանան է եւ իր կամքից հակառակ կիզակետում է հայտնվել իշխանական խմբակցության պատգամավորը:

Երկու օր առաջ մայրաքաղաքի կենտրոնում մի խումբ մարդիկ որոշեցին նշել Մարիխուանայի միջազգային օրը: Իրադարձության արձագանքները, ինչպես երեւում է, դեռ շարունակվելու են:    

Մարիխուանայի ազատականացման մասին Աժ-ում ոչ օրինագիծ կա, ոչ էլ նախաձեռնություն: Բայց խորհրդարանում այսօր հարցն արդիական է: Պարզվել է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հարազատ եղբոր նախաձեռնությամբէ երկու օր առաջ Երեւանի կենտրոնում՝ Ազատության հրապարակում, նշվել Մարիխուանայի միջազգային օրը: Տեղեկությունները հաստատեց անձամբ պատգամավորը.

« Իմ ազգականների հայտնած մտքերի կամ տեսակետի հետ ոչ մի ձեւով չեմ ուզում նույնականացվեմ: Իրենք ազատ են իրենց ցանկացած որոշումը կայացնելու: Ընկերներ ունեմ, որոնք օգտագործում են, պայքարում են մի այլ կարգի, ընկերներ ունեմ, որոնք դեմ են դրան: Բայց դա մի խնդիր է, որ պետք է ուսումնասիրվի եւ հարցին ճիշտ պատասխան տրվի՝ արդյո՞ք դա լավ բան է, թե վատ բան է: Ես ընդհանրապես չեմ օգտագործել կյանքում, ես անգամ ծխախոտ չեմ ծխում»:

Պատգամավորը ճշտում է, որ մարիխուանա օգտագործող ընկերները պետական կառավարման համակարգում չեն, խոսում էր Միացյալ Նահանգներում գտնվող ընկերների մասին, որտեղ նահանգների մի մասում մարիխուանայի օգտագործումն ապաքրեականացված է:

«Ես էլ եմ դեմ, որ քարոզ արվի այդ հարցում, բայց նորից՝ պետք է ուսումնասիրվի: Կարծեմ, թե կառավարության որոշում կար այդ հարցի նախորդ իշխանության կողմից դեռեւս ընդունված, որը վերաբերում էր բժշկական ինչ որ նպատակներով օգտագործման հետ կապված: Այն մինչ օրս չի գործում, քանի որ կառավարության որոշմանը ինչ որ բան է պակասում»:

Մարիխուանայի թեման նոր չէ, որ շրջանառության մեջ է դրվում: Երկու ամիս առաջ հասարակությունն արձագանքեց Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառմանը: Նա առաջարկել էր զարգացնել տուրիզմը վրացիներից շուտ: Այսօր արդեն Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հարցի առնչությամբ քչախոս է:

« Կարծում եմ, մարդիկ ազատ են նշել այն, ինչ իրենց հետաքրքիր է: Մնացածին որեւէ բան ավելացնելու չունեմ»:

Պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի եղբայրը՝ Ալեքսանդր Բաղդասարյանը, պարզաբանում է, թե ինչ իրական նպատակների համար է կազմակերպել հանրային միջոցառումը:

« Որպեսզի հանրությանը պետական մարմինները պատասխաններ տան՝ ինչի են թաքցնում իրականությունը մարիխուանայի մասին, ով է դրա հետեւում կանգնած, ինչի են զարգացնում են սեւ շուկան»:

Հասարակությունն այս հարցում կրկին բաժանված է: Որ կարծիքն է գերակշռում հանրության շրջանում՝ դժվար բացահայտի սովորական հարցախույզը փողոցներում: Բայց ամեն դեպքում, սա այն զգայուն թեմաներից է, որ մարդիկ պատրաստ են խոսել:

Պետության վերաբերմունքը հստակ պարզ դարձավ Մարիխուանայի օրվան նվիրված միջոցառման ընթացքում որդեգրած կեցվածքից: Իրավապահները պատրաստ են պահպանել Սահմանադրությունը:

« Պետք չի, որ անչափահաս երեխան գա սա տեսնի: Այստեղ երեխաների պաշտպանության խնդիր էլ կա եւ Սահմանադրությամբ դա համարվում է առաջնահերթություն: Ակցիայով ներկայացվում է ոչ միայն այն, ինչ արգելված է, այլ համարվում է  քրեորեն պատժելի»:

Այսօր Հայաստանում մարիխուանային օգտագործումն ու տարածումը պատժվում է քրեական օրենսգրքով: Առավելագույն պատիժը 8 տարվա, նվազագույնը՝  մինչեւ 1 տարի ազատազրկումն է:   

Վրաստանում մարիխուանայի օգտագործումն ապաքրեականացվեց 2017-ին, մինչ այդ այն օրինականացված էր արդեն Նիդեռլանդներում, Չեխիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Կանադայում, ԱՄՆ-ի 16 նահանգներում: