ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Թուրքիան դիակների վրա կառուցված ցեղասպանական ռեժիմ է. Ալի Էրթեմ
2019-04-22 18:48:29

Հասմիկ Մարտիրոսյան
Մելինե Անումյան
«Ռադիոլուր»

Ցեղասպանության զոհերին մոռանալ՝ նշանակում է մարդկությունը մոռանալ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում այսօր ասել է Գերմանիայում գործող «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության հիմնադիր Ալի Էրթեմը:

Մարդու իրավունքների, հայոց ցեղասպանության ժխտման ակտիվ ջատաոգովը 20 տարի շարունակ ապրիլ ամսին գալիս  է Հայաստան՝ հարգանքի տուրք մատուցելով 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին:

Այսօր Ալի Էրթեմը եւ միության անդամները հյուրընկալվել են խորհրդարանում, հանդիպել ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հետ:

Ալի Էրթեմը եւ Էրան Գյունդուզը Հանրային ռադիոյի էին եկել անմոռուկներով: Էրթեմն ասում է, որ կրծքանշանը միշտ ամրացված է կոստյումին եւ միտքն այսպես միշտ արթուն է մնում:

«Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ ներկայիս Թուրքիան չճանաչի Օսմանյան կայսրությունում իրագործած 20-րդ դարի մեծագույն ոճիրը»,- ասում է «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության հիմնադիր Ալի Էրթեմը:

Ի դեպ, անմոռուկը կրծքին այս օրերին Էրթեմը շրջել է Երեւանում եւ առեւտուր անելու ժամանակ հայ երիտասարդները, երբ տեղեկացել են, որ ազգությամբ թուրք է, հետաքրքրել են՝ տեղյա՞կ է արդոք, թե ինչ կրծքանշան է կրում եւ ինչ խորհուրդ ունի անմոռուկը:

«Ասեցի, իհարկե, տեղյակ եմ՝ ցեղասպանության զոհերի հիշատակի առջեւ իմ հարգանքից ելնելով եմ կրում»: 

Էրթեմը կարծում է, որ Թուրքիան ոչ միայն հերքում է Հայոց ցեղասպանության փաստը, այլեւ կեղծում է պատմությունը, ինչն ամենամեծ վիրավորանքն է նախ զոհերի, ապա զոհերի  հետնորդների համար: «Դա թունավորում է իրականությունը եւ երկու երկրների միջեւ հարաբերությունները»,- ասում է «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության հիմնադիրը։ Մեկ դարից ավելի Թուրքիայի ղեկավարությունը հերքում է սեփական պատմությունը, դասագրքերում հանդես է գալիս զոհի կարգավիճակով, եւ սուտը որպես իրականություն ներկայացնում հասարակություններին:

«Գալու է այն ժամանակը, որ հենց ստի մեջ մեծացած սերունդն է պահանջելու ղեկավարներից առերեսվելու սեփական պատմության հետ»՝ ասում է։

«Թուրքիան դիակների վրա կառուցված, ցեղասպանական ռեժիմ է: Երբ ճանաչվի ցեղասպանությունը այդ ռեժիմը կործանվելու է: Մենք պահանջում ենք ոչ միայն ցեղասպանությունը ճանաչի, այլ դրանից բխող բոլոր պարտականությունները ստանձնի: Եվ ցեղասպանության ճանաչումը ամենամեծ հասարակական փոփոխությունը կլինի Թուրքիայում: Նրանք դա գիտակցում են եւ դրա համար են ժխտում:

Քուրդ մտավորական Էրան Գյունդուզը հավելում է, որ այսօրվա Թուրքիան եւս ոտնահարում է ոչ միայն հայերի, այլեւ բոլոր ազգային փոքրամասնությունների իրավունքները, ոտնահարում ամեն քայլափոխի, բոլոր ոլորտներում։ Իրենք պայքարում են դրա դեմ.

Հայերի, հույների ցեղասպանության ժխտման դեմ պայքարող միության անդամները Հայաստան են եկել ընտանիքներով: Ալի Էրթեմի աղջիկը՝ 17 տարեկան Լեյլա-Անին տպավորված է Հայաստանով, նույնը եւ Էրան Գյունդուզի 11 ամյա դուստրը՝ Էսթերը:

Նա, ի դեպ, հայերի պատմության մասին տեղեկացվել է իր հայ ընկերոջից եւ ցանկություն հայտնել լինել Հայաստանում: «Մենք դաստիրակում ենք մի սերունդ, որը հարգանք է տածում մարդու իրավունքների նկատմամբ, եւ ունի չխեղաթյուրված պատմական գիտելիքներ՝ Թուրքիայի Հանրապետության վերաբերյալ»,- ասում է Ալի Էրթեմը:

0:00
0:00