Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Աշխատանք փնտրելուց մինչև տնտեսական հեղափոխության շարժիչ ուժ. Փաշինյանը տնտեսագիտականում
2019-04-22 19:26:05

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Տնտեսական հեղափոխության մասին հիմնական շեշտադրումը հետևյալն էր՝ յուրաքանչյուրն ինքը պետք է մասնակցի այդ գործընթացին, ճիշտ այնպես, ինչպես մեկ տարի առաջ այս օրերին ՀՀ քաղաքացիները մասնակցեցին քաղաքական հեղափոխությանը: Տնտեսական գործընթացները պետք է զարգանան քաղաքականի ներքո՝ ասաց կառավարութան ղեկավարը:

Կառավարման հետ կապված ամենամեծ խնդիրն այն է, որ փորձագիտական հանրություն-կառավարություն համագործակցության խնդիր կա: Կառավարությունն այսօր ցանկացած խնդրի լուծման համար փորձագետներ է հրավիրում արտերկրից՝ դրա համար վարկեր ու գրանտներ վերցնելով:

Փորձագիտական ինստիտուտը պետք է էականորեն ուժեղանա: Տեսակետներ կան, թե Հայաստանի փորձագիտական ներուժի մեխանիզմներն այն աստիճանի հղկված չեն, և եթե սկսենք տեղական փորձագիտական հանրության հետ աշխատել, շատ բաներից հետ կմնանք:

Սակայն Փաշինյանը կարծում է, որ  այդ ժամանակն արժե ծախսել և ունենալ   ուժեղ փորձագիտական ինստիտուտներ բոլոր ոլորտներում։ Այդ ներուժը հիմնականում կենտրոնացած է համալսարաններում՝ հստակեցրեց Փաշինյանը։

Կառավարությունը պետք է բարձր աշխատավարձի քաղաքականություն վարի՝ հստակեցրեց  վարչապետն ու  աղբյուրը մատնանշեց՝ Հարկային օրենսգրքում նախատեսված եկամտային հարկի դրույքաչափի համահարթեցումը: Առաջիկա տարիներին եկամտային հարկը կնվազի՝ դառնալով 20 տոկոս: Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պետք է վերածվի բարձր տեխնոլոգիաների երկրի ու տեղեկատվական տեխնոլոգիաները պետք է դառնան Հայաստանի շարժիչ ուժը: Նրա համոզմամբ, 10 տարում Հայաստանի 10 կամ 20 ամենահզոր ձեռնարկությունները պետք է լինեն ՏՏ ոլորտից: Կառավարության ղեկավարի խոսքով, տնտեսական մոդել իրականացնելու համար իրենք ստացել են ՀՀ ժողովրդի մանդատը:

Ընդհանրապես հիմնական տեսլականն այն է, որ Հայաստանում պետք է  հավասար հնարավորություններ ստեղծվեն բոլորի համար, ապահովվեն  ֆինանսների հասանելիություն ու արտահանման խթանմանն ուղղված տնտեսություն: Կառավարության ղեկավարը հայտարարեց փոփոխությունների մասին:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ազգային ավիափոխադրող ունենալու հարցն են այժմ քննարկում, սակայն ամեն ինչ  կանեն, որպեսզի  նախորդ ավիափոխադրողի նմանությամբ դաշտում մենաշնորհ չձևավորվի: Խոսքը Միկա Բաղդասավովին պատկանող «Արմավիա» ավիաընկերության մասին է, որը սնանկացավ։

Տնտեսական հեղափոխության համար կարևոր է նաև կրթության  որակի բարձրացումը։ Կրթություն-գիտելիք- որակ. եթե մարդն ունի այս հատկանիշները, բացառում եմ, որ աշխատանք չգտնի Հայաստանում՝ ասաց վարչապետը:

Հեղափոխությանը նույնպես անդրադարձ եղավ՝ ՀՀ- ում երկար տարիներ քաղաքացիներին փորձում էինք համոզել, որ  մեկ մարդու վարքագիծը շրջադարձային նշանակություն ունի քաղաքական իրողությունների հաստատման գործում:

Պետք է հստակ ձևակերպենք, թե Ղարաբաղի հարցի լուծումն ինչպես ենք տեսնում, այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շատ կարևոր հարց է՝ մենք գիտե՞նք, թե ինչպիսի երկիր ենք ուզում տեսնել 20, 30, 50, 100 տարի հետո։ Մենք, ըստ էության, այսպիսի համազգային կամ, առնվազն, պետական մակարդակով ձևակերպված պատասխան չունենք ու իմ կարծիքով, գիտե՞ք՝ ինչն է դրա պատճառը։ Այս հարցը, այս տեսլականը ձևակերպելու համար մենք պետք է ձևակերպենք, թե, օրինակ, Ղարաբաղի հարցի պատկերացումը մենք ինչպես ենք տեսնում։ Էական չէ՝ ինչ տարբերակով կձևակերպենք։ Ես հիմա չեմ ասում, որ մենք պետք է ձևակերպենք հետևյալ կերպ։ Ամենատարօրինակն այն է, որ այս թեմայի շուրջ մինչև հիմա մեզ մոտ հանրային քննարկում չի եղել», - ասաց վարչապետը։

Նա նշեց՝ երբ նոր էր վարչապետ դարձել, հաճախ հարցազրույցներ կամ հոդվածներ էին գրվում, որոնցում Ղարաբաղի հարցով հետևյալ ձևակերպումներն էին լինում. «Որպես հայ ժողովուրդ ինչպես ենք»:

Վարչապետը հստակեցրեց, որ երբ ես ասում է, որ Ղարաբաղի հարցի սեփականատերը որևէ կառավարություն չի, վարչապետ չի, այլ դա համազգային հարց է, այդտեղից բխում է հետևյալ հաջորդ հարցը՝ իսկ ազգը, ժողովուրդն ու նրա յուրաքանչյուր ներկայացուցիչ պատրա՞ստ է կրել Ղարաբաղի հարցի կարգավորման որևէ տարբերակի պատասխանատվությունը։

0:00
0:00

Հատված Ռադիոլուրի 18.00-ի թողարկումից