ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր կշարունակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերաբերյալ գործի քննությունը
2018-08-10 09:18:20

Վերաքննիչ քրեական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանն ասել է, որ գործի քննությունը հետաձգվել է և կշարունակվի այսօր՝  ժամը 14:00-ին: «Այժմ մեղադրանքի կողմը պետք է ներկայացնի իր դիրքորոշումը մեր հիմնավորումների վերաբերյալ»,- նշել է Ալումյանը:

Հարցին, թե երկրորդ նախագահը ներկա էր և արդյոք դատարանում խոսել է, Ալումյանը պատասխանել է. «Նախագահը ներկա էր, խոսեց և փայլուն խոսեց, և ես նույնիսկ մտածում եմ, որ նրա ասածի զգալի մասը կարելի է հրապարակել, որովհետև բավական լավ հիմնավորված փաստարկներ էին: Խոսեց գործի վերաբերյալ և իր մեղադրանքի մասով»:

Մյուս պաշտպան Արամ Օրբելյանն էլ հավելել է, որ բողոքի քննությունը չի ավարտվել, որովհետև բոլոր կողմերը դեռևս չեն հասցրել իրենց դիրքորոշումը հայտնել:
«Չգիտեմ՝ այն կհասցնենք ավարտել, թե ոչ: Եթե վաղը չհասցնենք, ապա երկուշաբթի: Ակնկալիքները դրական են, սակայն իրադարձություններից առաջ չընկնենք, դեռ դիրքորոշումներն ամբողջությամբ չենք լսել»,– ասել է պաշտպանը։

Նշենք, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել էր  Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը։

Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։

Նույն օրը՝ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին, ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է հուլիսի 27-ից։