ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քաղաքացիները սկսել են վստահել փաստաբաններին
2019-04-23 17:05:39

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Ընտանեկան վեճերից  մինչև  աշխատանքային  ու վարկային հարաբերություններին վերաբերող խնդիրներ: Փաստաբաններն ասում են՝ քաղաքացիները սկսել են  վստահել իրենց ու ավելի շատ դիմել: Այսօր մեկ  հարկի տակ են  հավաքվել փաստաբանական ու իրավական այլ ծառայություններ մատուցող կազմակերպությունները:

Առաջին անգամ Երևանում շուրջ  40 փաստաբանական գրասենյակ  ու հանրային  իրավական ծառայություններ մատուցող կազմակերպություններ  հավաքվել են մեկ հարկի տակ՝ Երևան Էքսպո  ցուցասրահում:

Փաստաբանները վստահեցնում են՝  քաղաքացիները  սկսել են ավելի շատ վստահել իրենց:

«Վերջին տարիների համեմատության շրջանակում  խնդիրը դիտարկելիս կարող եմ փաստել, որ դիմելիությունը բարձրացել է: Փոխվել է  նաև  իրավաբանին դիմելու մոտեցումը: Հասարակությունը սկսել է  ավելի շատ վստահել: Եթե  նախկինում քաղաքացիները վարկային պայմանագրերը կնքում էին՝ առանց ընթերցելու  դրանք և հետո կանգնում խնդրի առաջ,  այժմ ունենք շատ դեպքեր, երբ  քաղաքացին օգնություն է խնդրում ՝այս կամ այն պայմանագիրը մեկնաբանելու համար: Նոտարական գործողություններ կատարելիս են  դիմում մեզ, նաև  անձնագրային վարչություններում՝ ըստ անհրաժեշտության: Նաև  քաղաքացիների իրավագիտակցությունն է բարձրացել»,- ասում է Գալիկյան փաստաբանական գրասենյակի փաստաբան Կարինե Ղաշանգյանը:

Էքսպոյին մասնակցում են նաև մեծ թվով քաղաքացիներ: Նրանց մեծ մասը տեղում անվճար խորհրդատվություն էր ստանում:

Փաստաբանական գրասենյակների  վիճակագրությամբ՝ վերջին տարիներին ամուսնալուծությունների թիվն ավելացել է:

«Հիմնականում դիմում են ընտանեկան խնդիրների դեպքում՝ ամուսնալուծություն, երեխայի խնամք, ալիմենտային պարտավորություններ»,- ասում է Իրինա Դանիելյանը:

Արդյո՞ք  հասարակության  վստահության պակասն է դրդել նման միջոցառում   կազմակերպելուն՝ հարցնում  եմ  Փաստաբանների պալատի  մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանին: 

«Որքան էլ փաստաբանությունը զարգանա, միևնույնն է,  փաստաբանի աշխատանքի նկատմամբ մշտապես հարգանքի և վստահության բարձրացման խնդիր կա»,- ասում է Հայկ Հակոբյանը:

Կազմակերպիչները նախատեսում են էքսպոն ամենամյա դարձնել:

0:00
0:00