Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հեղափոխությունից մեկ տարի անց. վերլուծում են քաղաքագետները
2019-04-23 18:06:09

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին Հայաստանում շրջադարձային իրադարձություններ էին տեղի ունենում: Ապրիլի 23-ին հրաժարական ներկայացրեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, մեկօրյա ձերբակալությունից հետո  ազատ արձակվեց  Նիկոլ Փաշինյանը, թավշյա հեղափոխությունը մտավ հաղթական փուլ:

Հաջորդած զարգացումներն ընթացան հեղափոխության տրամաբանությամբ ու հանգեցրին արմատապես փոփոխված իրավիճակների: Ի՞նչ ունենք թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց. հարցը ամենաքննարկվողն է քաղաքական, վերլուծական ու հասարակական շրջանակներում: Պատասխանները միանշանակ չեն, բայց կան ընդհանուր  դիտարկումներ:

Նոր Հայաստան ունենալու երազանքով փողոց դուրս եկած հազարավոր հայաստանցիներ ուղիղ մեկ տարի առաջ այս օրը տոնեցին իրենց հաղթանակը: Մարտի  30-ից  քայլարշավով թավշյա, ոչ բռնի հեղափոխության մեկնարկը հայտարարծ և  ապրիլի 22-ին անազատության մեջ հայտնված  Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ ձերբակալման վայրից և ուղևորվեց Հանրապետության հրապարակ՝ արձանագրելու հաղթանակը.

«Ինձ պահում էին մեկուսացած, բայց մի իքս պահից սկսեցին այցելել բարձրաստիճան պաշտոնյաներ, ես հասկացա, որ թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը հաղթել է»:

Մեկ տարի առաջ հենց այս օրը հրաժարական տվեց ՀՀ վարչապետ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:

«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր: Ես սխալվեցի». հրաժարականի խոսքում ասաց Սերժ Սարգսյանը:

Ի՞նչ ունենք թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց: Քաղաքագետներն առաջին հերթին փաստում են, որ անկախ Հայաստանի պատմության մեջ վերջապես հաջողվեց կազմակերպել ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ: Քաղաքագետ, «Դեդեկտոր» վերլուծական նախագծի գլխավոր խմբագիր Էդգար Վարդանյանը սա գլխավոր ձեռքբերումն է համարում և կարևորում է  ինստիտուտի կայացման հարցը:

«Որպեսզի ժողովրդավարությունը ամրապնդվի, ազատ ընտրությունների ինստիտուտը պետք է պահպանել: Չենք կարող ասել, որ այդ ինստիտուտն այսօր  կայացած է, այն չի կարող կախված լինի մեկ մարդու կամքից»:

Հեղափոխությունից մեկ տարի անց համակարգված կոռուպցիան արմատախիլ անելու փուլում ենք՝ ասում է քաղաքագետը:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ հեղափոխությունից մեկ տարի անց Հայաստանում լուրջ գործընթացներ են տեղի ունենում. ձերբկալությունները կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում են:

«Կան մարդիկ, որոնց ձեռք չեն տալիս: Մեկին բռնեցին,  մյուսին ձեռք չեն տալիս: Համակարգային պայքար պետք է գնա»:

Քաղաքագետը նաև շեշտում է, որ հեղափոխությունից մեկ տարի անց  ունենք հին Սահմանադրություն և հին խաղի կանոններ, որոնք պետք է վերանայվեն:

Էդգար Վարդանյանն էլ  հիշեցնում է  հայտնի ձևակերպումներից մեկը՝ «սուպերվարչապետական համակարգը կարվել էր նախկինների հագով», բայց արդյո՞ք այն  հակասահմանադրական է: Հարցի պատասխանը ինքն էլ չգիտի, ասում է, որ պատասխանը կտա ժամանակը:

Նա լեգիտիմ է համարում մարդկանց պահանջը, որ այն, ինչ խոստացվել է, պետք է  կատարվի, պետք է բացատրություն տրվի, թե ինչու հիմա ժամանակը չէ:

 «Մեդիայում դատողություններ են արվում, թե ռեյտինգը ընկել է, ինչի՞ հիման վրա է ասվում, կա՞ գիտական հետազոտություն, հարցում: Գուցե դա փոքր շերտերի կարծի՞քն է»:


Քաղաքագետ
Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ  բարեփոխումները պետք է արագացնել:

«Այո, հակահեղափոխությունը քնած չէ: Ինձ մոտ մեկ-մեկ տպավորություն  է, որ հեղափոխություն չի եղել, հին դեմքեր եմ տեսնում, այո,  պետք են  արագ ռեֆորմներ»:

Քաղաքագետները կարծում են, որ  արտաքին քաղաքական հարցերում տրված խոստումներ հիմնականում պահվել են: Խոստացվել էր, որ կտրուկ շրջադարձեր չեն լինի և չեն եղել՝ արձանագրում են վերլուծաբանները՝ մատնանշելով մեկ կարևոր փոփոխություն՝ ՀՀ վարկանիշը միջազգային հարթակներում փոխվել է, ՀՀ կարծիքը հաշվի է առնվում:

Ի՞նչ է փոխվել մեկ տարի անց՝ ՀՀԿի գրասենյակում հարցը տրվել է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:

«Երբ որ ժամանակը գա, խնդրեմ, կարող ա հարցերի քչություն լինի, բայց պատասխանների քչություն չի լինի»,- հայտարարել է նախկին նախագահը:

0:00
0:00