Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայոց ցեղասպանության թեման՝ հայկական և թուրքական դասագրքերում
2019-04-24 16:57:25

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

 

Ինչպե՞ս է Հայոց ցեղասպանության թեման ներկայացված հայկական և թուրքական դասագրքերում:

Հայոց ցեղասպանության մասին հանրակրթական դպրոցի աշակերտները տեղեկանում են  8-րդ դասարանում և հավաքած գիտելիքներն ամփոփում 11-ում: Առանց այն էլ քիչ ժամանակահատվածում Հայոց պատմության կարևորագույն այս թեման ներկայացված է շատ հակիրճ՝ իրազեկվածության մակարդակի: Կարծիքը հայոց պատմության ուսուցիչ Վարդան Կարապետյանինն է:

Թեման 8-րդ դասարանի դասագրքում սկսվում է ցեղասպանություն հասկացության բացատրությունից  և շատ ամփոփ ներկայացվում է հայերի կոտորածների պատմությունը:

«Ինքնապաշտպանական մարտերը միացված են կոտորածի պատմությանը: Այնուհետև խոսվում է ցեղասպանության ճանաչման գործընթացի սկզբի մասին: Մեկ դասով կամ մեկ-երկու պարագրաֆով ցեղասպանության պատմությունը  ներկայացնել 1915-23 թվականներ տխուր է, որովհետև սովորողը չի ստանում համակողմանի և ամբողջական  գիտելիքներ ցեղասպանության պատմության մասին»:


Այնպես, ինչպես հայոց ցեղասպանությունը ներկայացված է դասագրքերում, հնարավոր չէ աշակերտի մոտ ձևավորել ցեղասպանական այդ քաղաքականության դեմ պայքարելու  գիտակցությունը, ցեղասպանությունը որպես ազգային և համամարդկային հիմնախնդիր գնահատելու կարողությունները:

Ի վերջո, ամփոփ ներկայացվածությունը չի կարող սովորողի մոտ ձևավորել համակողմանի գիտելիք, կարողություն այս թեման յուրացնելու և նաև գնահատելու, «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է հայոց պատմության ուսուցիչը:  

«Պիտի փոխվի մոտեցումը, պետք է թեման ներկայացվի նորովի,  նորովի պետք է ներկայացվի և՛ ցեղասպանության պատմությունը, և՛ Արևմտյան Հայաստանի պատմական ժառանգությունը: Օրինակ լավ չի լուսաբանված  մեր ժողովրդի հերոսական վերապրումը: Լավ չի լուսաբանված  ցեղասպանության  ճանաչման պատմական իրավունքի վերականգման հիմնահարցը» :

Նորովի ներկայացման իր պատկերացումներն է թվարկում զրուցակիցս:  Օրինակ, հնարավորություն տալ աշակերտին առաջարկել հիմնախնդրի լուծման համար իր ուղիները, կամ ասենք ինչպես հակազդել  Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը, ինչպես պայքարել, որպեսզի լուծվի այս համամարդկային խնդիրը:

Այս հարցերի ուսումնասիրության համար ցեղասպանությունը կարելի է առանձին ուսուցման նյութ դարձնել, կարծում է ուսուցիչը: Հայոց պատմության դասագրքերի համահեղինակ Արամ Նազարյանը հակառակն է պնդում: Հայոց ցեղասպանության թեման հանրակրթական դպրոցների «Հայոց պատմություն» առարկայի ծրագրերում և դասագրքերում ներկայացված է բավականին  հանգամանորեն:

Ըստ համահեղինակի՝ սովորողներին տալիս են ոչ թե զուտ ինֆորմացիա ցեղասպանության մասին, այլ ելնելով  քաղաքական ներկա օրակարգից։ 2015 թվականի համահայկական հռչակագրի ընդունումից հետո  արդեն օրակարգում է ցեղասպանության ոչ միայն  ճանաչման խնդիրը, այլ նաև հատուցման և պատմական արդարության վերականգնման  հարցը:  

«Այդ ուղղությամբ սովորողներն ուսումնասիրելով թեման ծանոթանում են՝ ինչու է տեղի ունեցել Մեծ եղեռնը, պատճառները որոնք էին, ինչ դասեր պետք է քաղենք այդ թեման ուսումնասիրելուց, մեր իրավունքների վերականգնման համար ինչ է անհրաժեշտ, ինչու պետք է աճող սերունդն իմանա դրա մասին  և  պատրաստ լինի պայքարելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման  և արդարացի հատուցման համար»:   

Սովորողները ոչ միայն դասընթացից, այլ նաև  առօրյա  իրենց  կյանքից են տեղեկանում ցեղասպանության մասին ապրիլ24-ին Ծիծեռնակաբերդի բարձունք բարձրանալով կամ այդ օրվան նվիրված միջոցառումներ կազմակերպելով: Եվ բացի այս՝ աշակերտները ցեղասպանության մասին գիտելիքներ են ստանում ոչ միայն «Հայոց պատմության»  դասընթացից, այլ նաև «Հասարակագիտություն» առարկայից:

Եթե «Հայոց պատմության» դասագրքերում այս կամ այն չափով ներկայացված է թուրքական ոճրագործությունը, ապա Թուրքիայում  իրադարձությունները ներկայացված են խեղաթյուրված: Թուրքիայի հայկական ու թուրքական դպրոցներում  անցնում են ուսումնական մեկ ծրագրով և այդ ծրագրի համաձայն ցեղասպանություն տեղի չի ունեցել, այլ  առաջին աշխարհամարտի տարիներին  որպես զինվորական կանխամիջոց, հայերի անվտանգությունից ելնելով, տարել են ռուսական սահմանից հեռու վայրեր: Ցեղասպանության մասին ոչ մի խոսք չկա, «Ռադիոլուրին» ներկայացնում է Պոլսի «Ակօս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

«Հայերն իրենց ընտանեկան պատմություններով գիտեն  ցեղասպանության թեման, խնդիրը, բայց բացի դպրոցները, հասարակական կյանքի մեջ  վերջին 15-20 տարիների ընթացքում Թուրքիայի մեջ անհավատալիորեն աճել է Հայոց ցեղասպանության մասին գրականությունը»:

Թե՛ հայ և թե՛ այլազգի հեղինակների կողմից ցեղասպանության թեմայով հրատարակությունները մեծ թռիչք են արձանագրել: Այստեղ թեև հասարակությունն ընթերցասեր չէ, սակայն  մտավորականները չեն բավարարվում ներկայացված վարկածով և անընդհատ պրպտումների մեջ են:

«Անոնք գոհացնելու աստիճանի  շատ հարուստ հրատարակություն մը գա, բայց այդ հրատարակությունը  երկրի ընդհանուր կարծիքը փոխելու ազդեցություն մը չունի»:

Թուրքիայում վերջին 6-7 տարիներին  ապրիլի 24-ը  հիշատակվում է փողոցներում: Սգո միջոցառումներ են կազմակերպվում, իսկ դրանք կազմակերպողները այլազգիներ են՝ թուրքեր, քրդեր, չերքեզներ:

0:00
0:00