ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Փոխվե՞լ է արդյոք Ցեղասպանության ճանաչման Հայաստանի քաղաքական օրակարգը
2019-04-24 18:14:43

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

 

Տարիներ շարունակ ՀՀ իշխանությունների ծրագրերում զգալի հատված հատկացվում էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին: Այս պահի դրությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 31 պետություն, ԱՄՆ 50 նահանգներից 49-ը, միջազգային մի շարք կազմակերպություններ: Ո՞րն է լինելու հաջորդ քայլը եւ նոր իշխանությունների ռազմավարությունը Մեծ եղեռնի ճանաչման հարցում:  

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթը լայն լսարանի առջեւ՝ ԵԽԽՎ-ում էր, ապրիլին: Շատերի աչքից չվրիպեց, որ իր խոսքում վարչապետը չխոսեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Հակադրությունը նախորդ իշխանությունների գործելաոճի հետ ակնհայտ է եւ երբեմն քննադատությունների պատճառ է դառնում:

 

ԱԻՄ եւ Դաշնակցություն կուսակցությունների անդամներին չի գոհացնում գործող իշխանությունների կեցվածքը Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ: Սա հաստատում են ե'ւ Պարույր Հայրիկյանը, ե'ւ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

 

«Ես կարող եմ իրենց համար տխրել, իրենց համար լաց լինել, որ հեղափոխություն են անում, արտաքին քաղաքականություն են պահպանում հին մակարդակով, բայց խոսում են հզորանալու մասին: Հենա Սերժ Սարգսյանը հզորացնում էր»,- ասում է Պարույր Հայրիկյանը:

« Բնականաբար պետք է ակնկալեինք, որ ապրիլ ամսվա ընթացքին որեւէ մի բարձրաստիճան պետական այր անպայման հյուսեր Ցեղասպանության նյութը իր խոսքերի մեջ: պարոն վարչապետը 1-2 նախադասություն համենայնդեպս չասաց: Չեմ կարող ասել, որ հատուկ ճիգ կամ համախմբված աշխատանք կա այդ ուղղությամբ»,-ասում է Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

 

Գործող իշխանության ներկայացուցիչները հակադրում են՝ եկել է նոր քայլերի ժամանակը: Պարզապես ճանաչման գործընթացի ջանքերի փոխարեն Հայաստանը պետք է պատասխանի ուժեղ եւ կայուն պետություն ստեղծելով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում խոսեց այն ամենի մասին, որոնք առարկայական էին այդ ելույթի համար՝ պարզաբանում է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:  

 

« Հիմա դուք ի՞նչ եք ենթադրում՝ այնտեղ, որ վարչապետը չխոսեց դրանից ինչ որ մի բան փոխվե՞ց: Դուք չգիտե՞ք, թե ինչպես է վերաբերմունքը յուրաքանչյուր հայի կառավարությունում, թե որտեղ լինի՝ այս ամենածանրագույն, ամենամեծ  խնդիրներից մեզ որպես ժողովրդի, որպես մարդկանց»:

 

Քաղաքական մեկնաբան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի կարծիքով՝ ԵԽԽՎ-ում վարչապետի խոսքում Հայոց ցեղասպանության մասին անդրադարձի բացակայությունը դեռ ինչ որ վարկածների ապացույց չէ:

 

«Այս հարցով խոսեց, թե չխոսեց ես այնքան էլ էական չեմ համարում, որովհետեւ այդ ոլորտում շատ ավելի կարեւոր եմ համարում, որ դեռեւս 2015-ի հունվարի Համահայկական հայտարարագիրը, որ կար՝ սկսել աշխատանքներ պահանջատիրության փաթեթի ստեղծման: Այսինքն՝ մասնագիտական խումբ: Ես ավելի դրա կողմնակիցն եմ: Պետությունը կարիք չունի ամեն անգամ խոսելու այդ մասին»:  

 

Արա Պապյանը նկատի ունի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը: Այդ հռչակագրի ճակատագրի մասին այսօր ոչինչ չկարողացավ ասել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Չէր հիշում փաստաթղթի մասին: Նախկինների քաղաքականություններից տեղյակ գործչի կարծիքով, ամեն դեպքում, այս հարցում նույնպես եկել է փոփոխությունների ժամանակը:

 

«Այն, ինչ արվել է 2-րդ հանրապետության, 3-րդ հանրապետության օրոք՝ ճիշտ է արվել, այդ բոլոր քայլերը ճիշտ են եղել: Միգուցե ժամանակն է փոխելու, որովհետեւ դա եղել է հետեւյալը՝ այլ պետությունների ճանաչման միջոցով ճնշում գործադրել թուրքական կառավարության վրա: Գրեթե բոլորը ճանաչել են, մեծերը ճանաչել են, միջազգային ամենախոշոր կազմակերպությունները ճանաչել են: Միգուցե, այլ բան պետք է անել: Դիվանագիտությունը տեսանելի չէ, դուք տեսնում եք այսբերգի 10 տոկոսը, իսկ այդ աշխատանքներն, իրոք, կատարվում են:

 

Կառավարության 2019-ի ծրագրից պարզ է դառնում, որ հարցն անտեսելու եւ երկրորդ պլան մղելու մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը: Հայոց ցեղասպանության հարցին առնչվող կետեր կան կառավարության ծրագրի արտաքին քաղաքականություն բաժնում: Կառավարությունն ապահովելու է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման գործընթացի շարունակականությունը:


0:00
0:00