Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-04-25 09:48:44
  • «Ժողովուրդ». Քոչարյանի գործից հրաժարված դատավորներին կպատժեն
  • «Առավոտ». Սամվել Բաբայանը պատմում է, թե ինչու է Նաիրի Հունանյանը նիստերի դահլիճում իրեն փնտրել ու Սեֆիլյանի միջոցով զանգել
  • «Ժամանակ». Փոքր մարդիկ և մեծ խնդիրները. ո՞ւմ է ակնարկում ԲՀԿ նախագահը

Փոքր մարդիկ և մեծ խնդիրները. ո՞ւմ է ակնարկում ԲՀԿ նախագահը

Բոլորի ուզածը դա է, որ վարչապետի և իմ հարաբերությունը վատանա, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ ի պատասխան վարչապետ Փաշինյանի հետ հարաբերության լարվածության մասին հարցի: Բայց չեն վատանալու, հայտարարել է Գագիկ Ծառուկյանը՝ անելով մի ակնարկ, թե բոլորը խառնվել են, կուսակցություններ են ստեղծում:

«Ժամանակ»-ն այս հայտարարության հետ կապված հարցեր է ձևակերպում՝ ովքե՞ր են կուսակցություններ ստեղծում և ուզում, որ փչանա վարչապետ Փաշինյանի հետ Ծառուկյանի հարաբերությունը: Գագիկ Ծառուկյանը պատրա՞ստ է կոնկրետանալ այդ հարցում և տալ անուններ, բացելով կուսակցություններ ստեղծող շրջանակների անունը, որոնք ուզում են, որպեսզի վատանա Ծառուկյանի և վարչապետի հարաբերությունը:

Այն, որ կլինեն ցանկացողներ, թերթը չի կասկածում. «Ի վերջո, քաղաքականության մեջ ցանկությունները և դրանց, այսպես ասած, վեկտորները բազմաթիվ են: Մյուս կողմից, սակայն, այդ հանգամանքը դարձել է մի յուրօրինակ ալիբի, որն օգտագործվում է հայկական քաղաքական կյանքում շատ հաճախ և տարիներ շարունակ: Խոսքն այն մասին է, որ գործիչները ինչ-որ «մութ ցանկությունների» մասին են հայտարարում, բայց առանց կոնկրետանալու: Ծառուկյանը, օրինակ, հայտարարում է, որ ինչ-որ մարդիկ կամ ուժեր ուզում են, որ վատանա իր և վարչապետի հարաբերությունը: Բայց ոչ մի կոնկրետություն, թե հատկապես ինչ մարդիկ, ինչ ուժեր, և ինչու»:

«Ի վերջո, քաղաքականության մեջ ցանկությունները և դրանց, այսպես ասած, վեկտորները բազմաթիվ են: Մյուս կողմից, սակայն, այդ հանգամանքը դարձել է մի յուրօրինակ ալիբի, որն օգտագործվում է հայկական քաղաքական կյանքում շատ հաճախ և տարիներ շարունակ: Խոսքն այն մասին է, որ գործիչները ինչ-որ «մութ ցանկությունների» մասին են հայտարարում, բայց առանց կոնկրետանալու: Ծառուկյանը, օրինակ, հայտարարում է, որ ինչ-որ մարդիկ կամ ուժեր ուզում են, որ վատանա իր և վարչապետի հարաբերությունը: Բայց ոչ մի կոնկրետություն, թե հատկապես ինչ մարդիկ, ինչ ուժեր, և ինչու»:

Ըստ «Ժամանակ»-ի՝ կարելի է թվարկել հարյուրավոր այդօրինակ դեպքեր, երբ պետական պաշտոնյաները, քաղաքական գործիչները խոսում են իրենց դեմ, կամ այլ երևույթների ներքո եղած ինչ-ինչ շահերի, ցանկությունների, պատվիրատուների մասին, սակայն առանց որևէ կոնկրետության, առանց որևէ հստակեցման, առարկայացման, տալով բազմաթիվ ենթադրությունների ու եզրակացությունների մեծ դաշտ:

«Դա, իհարկե, նվեր է մամուլին, որն այդպիսով ստանում է ստեղծագործության լայն դաշտ: Այդ ստեղծագործությունը երբեմն տեղավորվում է իսկապես որակյալ դիտարկումների, բովանդակային վերլուծությունների, մեկնաբանությունների շրջանակում, բայց մյուս կողմից՝ մեդիադաշտը ողողվում է տեղեկատվական առատ մանիպուլյացիաներով, որոնք քաղաքական կյանքը վերածում են բամբասանքների և ինտրիգների մի անվերջ շարանի, որոնք վերացնում են խոսքի հանդեպ պատասխանատվությունը, իսկ քաղաքական գործիչների գործունեության բուն առանցքը դարձնում են հենց այդօրինակ մանիպուլյացիաների դաշտը սնուցելը՝ ինչ-որ անանուն ցանկությունների պատվերների, դավադրությունների մասին պարբերական հայտարարություններով:

Դրանց շնորհիվ նախ փորձ է արվում ներկայանալ իբրև թե այդ դավադրությունների և պատվերների զոհի կարգավիճակում, և միավորներ հավաքել այդ տարբերակով, մյուս կողմից էլ խուսափել հանրության առաջ շատ կոնկրետ և պատասխանատու հայտարարություններ, հարցերին պատասխաններ, քաղաքական իրողությունների նկատմամբ դիրքորոշումներ արտահայտելու անհրաժեշտությունից»,- գրում է թերթը:

Քոչարյանի գործից հրաժարված դատավորներին կպատժեն

Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել էր տեղեկացնելու, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի երեք դատավորները` Նելլի Բաղդասարյանը, Հարություն Մանուկյանը եւ Դավիթ Գրիգորյանը, տարբեր պատճառաբանություններով հրաժարվել էին քննել սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը: Եւ, ահա, դատավորների վարքագծի վերաբերյալ դիմում է եղել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով, որպեսզի երեք դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվի:

Հանձնաժողովը քննել է եւ կարգապահական վարույթ է հարուցել երեք դատավորների նկատմամբ, եւ գործն օրերս ուղարկել է ԲԴԽ, որպեսզի այնտեղ որոշում կայացնեն` դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ հանձնաժողովի դիմումը մերժելու վերաբերյալ: ԲԴԽ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը հաստատել է թերթի տեղեկությունները՝ հայտնելով, որ իրենք ստացել են ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի դիմումը:

Սամվել Բաբայանը պատմում է, թե ինչու է Նաիրի Հունանյանը նիստերի դահլիճում իրեն փնտրել ու Սեֆիլյանի միջոցով զանգել

«Առավոտ» օրաթերթում նա վստահեցնում է, որ Նաիրի Հունանյանն իրեն տեսած չկա ու չի հաջողվի սլաքներն ուղղել իր կողմ:

ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը օրերս խոսելով Հոկտեմբերի 27-ի մասին, ինտրիգային հայտարարություն էր արել՝ ասելով, թե այն կբացահայտենք, եթե իմանանք, թե ում է զանգել Նաիրի Հունանյանը պառլամենտից եւ ում հետ է հանդիպել մինչեւ այդ:

Թե ում է զանգել կամ փորձել զանգել Նաիրի Հունանյանը, ինչպես «Առավոտ»-ն է նշում, ցուցմունքներ կան այն մասին, որ նրանցից մեկը հենց Սամվել Բաբայանն է եղել: Թերթի հետ զրույցում հարցին, որ Ժիրայր Սեֆիլյանի միջոցով Նաիրի Հունանյանը նիստերի դահլիճում հենց իր համարն է փորձել գտնել ու զանգել, դա ինչպե՞ս կբացատրի՝ Սամվել Բաբայանը պատասխանել է հարցով. «Ասենք իրանց մոտ իմ հետ ինչ խոսել է, նրանց հետ զանգել է, ասել է՝ ժողովրդին հանեք փողոց ու չի էլ թաքցրել, պարզ ասել է: Այսինքն, ի՞նչ է դառնում, եթե ես քեզ խնդրում եմ, ասում եմ՝ ժողովուրդը հանեք փողոց, ուրեմն մենք ինչ-որ բան իրար հետ խոսացե՞լ ենք»:

Թերթը նշում է, որ հոկտեմբերի 27-ից հետո տեւական շրջան խոսվել է այն մասին, թե ահաբեկիչները դահլիճում Սամվել Բաբայանին են սպասել (տես «Առավոտ», 2001 թ. օգոստոս 28): Այն, որ դահլիճից նրա հետ կապվելու փորձեր են եղել, նրան հորդորել են ժողովրդին հանել փողոց, իր ցուցմունքում ասել էր ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ավետիսյանը (Մալաթիա տոնավաճառի տերը):

Սամվել Ավետիսյանը հայտարարել էր. «Ես եմ հավաքել Ժիրայր Սեֆիլյանի հեռախոսահամարը եւ հեռախոսը տվել Նաիրի Հունանյանին։ Դա տեղի է ունեցել հետեւյալ հանգամանքներում։ Դահլիճում սպանությունները կատարելուց հետո Նաիրին սպառնալից տոնով ուղղակի գոռում եւ պահանջում էր կապվել «Իժոյի» հետ (խոսքը վերաբերում է Սամվել Բաբայանին, «Իժոն» վերջինիս մականունն է), ասելով, որ նրան չգտնելու դեպքում վատ կլինի։ Որպեսզի հետագա հնարավոր ավելի վատ հետեւանքներ չառաջանան եւ ինչ-որ տեղ վայրենացած Նաիրի Հունանյանի վիճակը մեղմելու նպատակով, սեղանի մոտ կանգնեցրի նրա եղբայր Կարենին եւ ասացի, որ ես գիտեմ մի մարդու, որը կարող է իմանալ «Իժոյի» հեռախոսահամարը»։ Ի վերջո զանգել էին Սեֆիլյանին, Նաիրի Հունանյանը նրան հայտնել էր երկու հեռախոսահամարներ՝ Սամվել Բաբայանին փոխանցելու համար, որպեսզի դրանցով կապվի իր հետ։

«Իմ կողմ չէին կարա ուղղեին, ասեմ ինչի՝ էդ մարդը (նկատի ունի Նաիրի Հունանյանին) կյանքում ինձ տեսած չկա, ինձ չի էլ ճանաչում, դրա համար ինչքան էլ ուղղեցին՝ չստացվեց: Պետք է վերադառնային իրենց կողմերը, հենց դա էր պատճառը»:

Երբ Սամվել Բաբայանին «Առավոտ»-ի թղթակիցն ասել է, որ ցուցմունքներով Նաիրի Հունանյանի՝ իրեն փնտրելն ու զանգելը այլ կերպ էր մեկնաբանվում, սլաքներն ուղղում էին իր կողմ՝ Սամվել Բաբայանը պատասխանել է. «Իմ կողմ չէին կարա ուղղեին, ասեմ ինչի՝ էդ մարդը (նկատի ունի Նաիրի Հունանյանին) կյանքում ինձ տեսած չկա, ինձ չի էլ ճանաչում, դրա համար ինչքան էլ ուղղեցին՝ չստացվեց: Պետք է վերադառնային իրենց կողմերը, հենց դա էր պատճառը»: