ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դավիթ Սանասարյանի գործ. Այդյանն ազատ արձակվեց
2019-04-25 17:13:41

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը վերջին շրջանի ներքաղաքական ամենաքննարկվող թեմաներից մեկն է դարձել: Թեման շոշափվեց նաեւ երեկ: ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ «գործը կարված» է:

Ի պատասխան այս որակման վերաբերյալ լրագրողների հարցադրումների՝ ՀՀ գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանը երեկ հայտարարեց, որ բացառված է Հայաստանի Հանրապետությունում «գործ կարելը»՝ վստահեցնելով, որ քրեական գործով ընթանալու է լրիվ օբյեկտիվ բազմակողմանի նախաքննություն:

Խնդիրը տարբեր տեսանկյուններից են դիտարկում նաեւ քաղաքագետները: Հայկ Մարտիրոսյանն, օրինակ, լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ այն զուտ քաղաքական դաշտում է եւ Նոր Հայաստանի առաջին քաղաքական գործն է համարում:

Հասարակական մեծ հնչեղություն ստացած այս գործը վերջին շրջանի ներքաղաքական ամենաքննարկվող թեմաներից մեկն է դարձել: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն, օրինակ, համոզմունք հայտնեց, որ այն զուտ քաղաքական դաշտում է եւ հետհեղափոխական  Հայաստանում առաջին քաղաքական գործն է համարում, որին տրվում է իրավական ձեւակերպում:

Այս գործում քաղաքական ենթատեքստը կտրականապես բացառում են իշխող մեծամասնության ներկայացուցիչները: «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, օրինակ, օրերս խոսելով գործի մասին շեշտեց, որ ասվել է՝ կոռուպցիայի դեմ  պայքարում իրենք մարդկանց չեն բաժանելու յուրայինների ու օտարների:

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը երեկ իր դեմ հարուցված քրեական գործի մասին չցանկացավ շատ բան խոսել: Ծիծեռնակաբերդի բարձունքում նա ասաց, որ մնում է օրվա խորհրդի մեջ, իսկ գործի հետ կապված առաջիկայում ասուլիս կհրավիրի եւ կպատասխանի բոլոր հարցերին:

«Ես կարող եմ հստակ խոսել, երբ որ նախաքննությունը ավարտվի, որովհետեւ չեմ ուզում ասել բաներ, որոնք որ ուղղակի արդեն ասել եմ»:

Ավելի վաղ Դավիթ Սանասարյանն իր հետ կապված քրեական գործի վերաբերյալ ասել էր, որ «գործը կարված է»: Այս բնորոշմանը երեկ հակադարձեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ի պատասխան լրագրողների հարցադրումների.

«Ես ձեզ  վստահեցնում եմ՝ բացառված է որեւէ մեկի նկատմամբ «գործ կարվի»: Ընդհանրապես մոռացեք այդ արտահայտությունը: Չկա այդպիսի բան»:

Ուզում եմ վստահ լինեք, որ քրեական գործով ընթանալու է լրիվ օբյեկտիվ բազմակողմանի նախաքննություն՝ հավելեց գլխավոր դատախազը: Նա նաեւ հայտնեց, որ ըստ էության գործով հավաքված փաստական տվյալները քրեադատավարական օրենքի պահանջին համապատասխան բավարար էին Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար:

Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանի խոսքով՝ նրա դեմ կեղծ ցուցմունք են տվել, այդ թվում՝ ՊՎԾ աշխատակիցներ:

Պաշտպանները միջնորդություն են ներկայացրել: Անդրադառնալով դրան՝ դատախազ Արթուր Դավթյանը երեկ ասաց, որ դրանում տեղեկություններ կան, որոնք պետք է քննությամբ ստուգվեն:

Որ պահին հսկող դատախազը տեղեկություն ունենա գործ կարելու ռիսկի մասին, նախաքննության մարմինը չի շարունակի այդ գործով վարույթը՝ եզրափակել էր գլխավոր դատախազը: 

Նշենք նաեւ, որ ավելի վաղ հեմոդիալեզի պարագաների մրցույթների գործով մեղադրանք էր առաջադրվել Դավիթ Սանասարյանի ղեկավարած ծառայության երկու աշխատակցի:

Գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանին, որը ի դեպ այսօր ազատ արձակվեց, եւ բաժնի գլխավոր մասնագետ Գեւորգ Խաչատրյանին, որը ստորագրությամբ ազատ է արձակվել:  

0:00
0:00