Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Իրականում ո՞ւմ եւ ի՞նչ գնով է վաճառվել «Արարատցեմենտ»-ը
2019-04-25 18:15:34

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

«Արարատցեմենտ» գործարանի ճակատագիրը մի քանի օր է, ինչ խորհրդարանի ուշադրության կենտրոնում է ե՛ւ օրենսդրական տեսանկյունից, ե՛ւ վաճառքի կոռուպցիոն խնդիրների պատճառով:

Այսօր շատերն են փորձում պարզել, թե իրականում ում եւ ինչ գնով է վաճառվել Արարատի ցեմենտի գործարանը: Կասկածները շրջանառության մեջ է դրել «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Հայկ Գեւորգյանը:

Մինչեւ ուր կքանդվի գործարանի վաճառքի կծիկը՝ դեռ պարզ չէ: Չի բացառվում, որ այն կարող է նաեւ նվեր դառնալ:

Գագիկ Ծառուկյանը մտադրություն չունի հրաժարվել իրեն պատկանող «Արարատցեմենտ» գործարանից, բայց Հայկ Գեւորգյանը դեռ սպասում է առաջարկների: Երկու պատգամավորի վեճը սկսվել է մի քանի օր առաջ խորհրդարանում:

Գեւորգյանը կասկածի տակ դրեց ցեմենտի գործարանի 17 տարի առաջ տեղի ունեցած վաճառքի գործարքը, Ծառուկյանը խոստացավ՝ եթե ապացուցվի՝ գործարանը նվեր կտա:  

Վաճառքի մանրամասները կողմերը մասնակի են ներկայացնում՝ որ հատվածը ում հարմար է: Վաճառք առանց մրցույթի, էժան գին եւ օֆշոր՝ այս ամենը կա «Արարատցեմենտ»-ի վաճառքի պատմության մեջ:

Ընդ որում մի կարեւոր նրբություն. Գեւորգյաննը ի սկզբանե տվել է օֆշորային «Ռոբերտո» ընկերության անունը, բայց նրան անընդհատ պատասխանում են բհկ-ականները:

«Իրենց կայքում գրված է, որ 2002-ին գործարանն անցել է «Մուլտի Գրուպ»-ին: Իրականում, 2002-ին գործարանը վաճառվել է 200 հազար դոլարով «Ռոբերտո» ընկերությանը, որը գրանցված է Բելգիայում, սակայն, դրա հիմնադիրը օֆշորային ընկերություն է: Թող բարի լինեն բացահայտեն այդ օֆշորային ընկերությունում գրանցված ընկերության բենեֆիցիարներին, այսինքն՝ իրական սեփականատերերին: Ու ձեզ համար ամեն ինչ պարզ կդառնա»,- ասաց Հայկ Գեւորգյան:

« Նույն պայմանագրով, որը ձեռքիս տակ է Հայկ Գեւորգյանը չի նշում երրորդ կետը, որով 10 միլիոնից էլ ավելի գումար է նստել ամբողջ մասնավորեցման գործընթացը, հաշվի առնելով պարտքերի մարումը եւ այլ մնացյալ ծախսերը՝ էլ չենք անդրադառնում 6.2 միլիարդ ներդրումային ծրագրերին»:  

Արարատի ցեմենտի գործարանի վաճառքի հարցը մշտապես շրջանցել է Արամ Սարգսյանը, որը գործարանը ղեկավարել է մինչեւ մասնավորեցումը: Երբեւէ չի ցանկացել խոսել այդ թեմայով՝ պատճառաբանելով, որ այսօր էլ գործարանում աշխատողներից շատերն իր ընկերներն են:  

Տարբեր հրապարակումներն ու պահպանված նյութերը փաստում են՝  գործարանի սեփականաշնորհման առաջին փորձը տեղի է ունեցել 2001-ին: Այն ժամանակ անգամ գործարանի կոլեկտիվը՝ Արամ Սարգսյանի գլխավորությամբ, ցանկություն են ունեցել մասնակցել մրցույթին: Տարբեր խնդիրներից ելնելով, սակայն, միջազգային մրցույթի միակ հայտը ներկայացրել էր շվեյցարական «Հոլսիմ» ընկերությունը, որը վերջին պահին հրաժարվել էր գործարքից:

Երկրորդ փորձը ուղիղ վաճառքի տեսքով էր: Մեր գործընկերներին՝ «factor.am»-ին տված ծավալուն հարցազրույցի մի հատվածում Արամ Սարգսյանը, այնուամենայնիվ, երեկ վերհիշել է գործարանի սեփականաշնորհման պատմությունը, սակայն, վաճառքի գինը ինքն էլ չգիտի:

«Չգիտեմ: Վաճառքը եղել է գիշերային: Առավոտը հայտարարել են, որ գործարանը վաճառվել է ու վերջ: Դրանից հետո ինչ է վճարվել, ինչ չի վճարվել՝ ես չգիտեմ: Դա իրավապահ մարմինների խնդիրն է»:

Այն տարիներից, ի դեպ, կան հրապարակումներ, որ «Արարատցեմենտի» ուղիղ վաճառքը փորձագետներն «անօրինական» էին համարում, քանի որ տարբեր այլ միջազգային ներդրողներ կային, որոնք շատ ավելի մեծ գումարներ էին առաջարկում:

«Ռոբերտոյի» հետ գործարքից հետո, այն ժամանակ տարածքային կառավարման նախարար, Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, իբր, «Արարատցեմենտը» «Ռոբերտոյին» վաճառելու մասին կառավարության որոշումը գործարանի մասնավորեցման նպատակով հայտարարված մրցույթի շարունակությունն է»:

Վերադառնալով այսօրվա իրողություններին եւ կողմերի գնահատականներին, ստացվում է, որ գործարքի գինը գնահատելը պարզապես մոտեցման հարց է։ Եթե վաճառքի գին ընդունենք պետությանը փոխանցած գումարը՝ կստացվի, որ այն իրոք վաճառվել է 200 հազար դոլարով։

Բայց եթե հաշվի առնենք տարբեր պարտքերի մարմանն ուղղված հումքը, կստացվի ԲՀԿ-ականների վկայակոչած մոտ 10 միլիոնը: