Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երիկամի եւ սրտի փոխպատվաստումները՝ հաջորդիվ
2019-04-25 18:24:45

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Հայաստանում առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում: Արտերկրում 100 հազար դոլար արժողությամբ վիրահատությունը Հայաստանում կատարվել է անվճար, և մի քանի նման վիրահատություններ կշարունակվեն կատարել անվճար այս ոլորտը զարգացնելու համար:

Հայ բժիշկները երկու տարի վերապատրաստումից  հետո Մոսկվայի  Բուռնազյանի անվան պետական գիտական կենտրոնի մասնագետների հետ երեկ Հայաստանում առաջին անգամ կատարել են  լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից ռեցիպիենտին` պատվաստվողին:

Արտերկրում մոտ 100 հազար դոլար արժողությամբ վիրահատությունը կատարվել է անվճար:  Լյարդի մի բլիթը 20-ամյա աղջկանից փոխպատվաստել են 56-ամյա  մորը՝ հնարավորություն տալով  փրկել վերջինիս կյանքը: Հիվանդի մոտ ախտորոոշվել էր հեպատիտ Ց-ից առաջացած լյարդի ցերոզ:

Այժմ երկուսի վիճակն էլ  ռուսաստանյան  կենտրոնի վիրաբուժական գծով փոխտնօրեն Սերգեյ Ոսկանյանը գնահատում է բավարար:

«Այս պահին դոնորի վիճակը կայուն է: Գիտակցությունը տեղն է, և նախատեսվում  է վերակենդանացման բաժանմունքից   նրան տեղափոխել  հիվանդասենյակ:  Մոր վիճակը նույնպես կայուն է` ամեն ինչ գնում է բժիշկների կանխատեսածի պես»։

8 ժամ տևած այս միջամտությամբ  դրվեց  Հայաստանում փոխպատվաստումային բժշկությունը զարգացնելու  հիմքը՝ նշեց  առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:  Հիմնականում պետք է զարգացնել երիկամային փոխպատվաստումը, քանի որ  Հայաստանում  այսօր կա մոտ 1000 դիալեզ ստացող հիվանդ, որոնց կեսին ցուցված է երիկամի փոխպատվաստումը:

Սրան զուգահեռ կա նաև  սրտի, երիկամի, լյարդի փոխպատվաստման անհրաժեշտություն  և ոլորտի պատասխանատուն հույս ունի, որ ապագայում կանցնեն նաև ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստմանը:

«Պլաններում կան նաև մի քանի նման փոխպատվաստումներ: Դեռևս անել անվճար, որպեսզի զարգանա  այս ուղղությունը: Հետագայում արդեն  կորոշվի, թե ինչպես է շարունակվելու ծրագիրը»: 

 

Հայաստանում կատարվել է լյարդի առաջին փոխպատվաստումը

Հաջորդ տարվա բյուջեում  հաշվի են առնվելու մեր հանրապետության  տենդենցները, որպեսզի հնարավորինս  շատ փոխպատվաստումներ արվեն՝ նշեց նախարարը: Միջամտության  հնարավորությունները զարգացնելուն զուգահեռ ՝ նախարարությունը մտածում է նաև հիվանդների բեռը թեթևացնելու  մասին:

Հաջորդ տարվա բյուջեով որոշակի գումար  նախատեսելու են  հենց  փոխպատվաստումային ուղղության վրա, սակայն  թե որքան գումարը ինչի համար  կուղղվի, դեռևս անհայտ է: Նախարարն օրինակ է բերում երիկամի փոխպատվաստումը, որի դեպքում 2.5 միլիոն դրամը տրամադրում է նախարարությունը, իսկ մյուս 2.5-ը՝ հիվանդը:

« Հնարավոր է, օրինակ, պացիենտների թիվն աճեցնել։ Եթե հիմա կարողանում ենք 10 պացիենտի համար վճարել, բայց տեսնելով  տենդենցները, որ շատ պացիենտներ են գնում այդ քայլին, վերցնենք 20 պացիենտի համար այդ նույնը անենք: Լյարդի դեպքում պետք է զրոյից հասկանանք, թե ինչ ենք անելու, քանի որ  այն շատ ավելի թանկ է և ավելի քիչ մարդիկ կկարողանան օգտվել: Պետք է ծախսի արդյունավետությունը որոշենք»:

Նախարարությունը գնում է նաև  դիակային օրգանների փոխպատվաստումային բժշկությունը զարգացնելու ուղղությամբ: Արդեն անհրաժեշտ իրավական փաստաթղթերը պատրաստ են, սակայն առջևում երկարատև աշխատանք է սպասվում:

Դիակային օրգանների փոխպատվաստումը ներդնելուց հետո, կիրականացնեն սրտի փոխպատվաստումներ: Հայաստանում  գործում է  օրգանները մահից հետո տրամադրել չցանկանալու սկզբունքը:

Եթե որևէ մեկը չցանկանա, որ իր օրգաններն օգտագործվեն մահից հետո այլ մարդկանց կյանքեր փրկելու համար, ապա կարող է հրաժարվել, ասաց նախարարը: Այս պահին մեխանիզմը չի գործում, սակայն դա էլ է ներդրվելու:

Եվ հիշեցրեց, որ այդ հրաժարականը կարող  է կյանք արժենալ:

0:00
0:00