Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Շիրակամուտի չդադարող ցնցումները
2019-04-26 12:01:58

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի գրասենյակի կազմակերպած մեդիատուրի շրջանակներում «Ռադիոլուր»-ն օրերս Լոռու մարզում էր՝ ծանոթանալու և վերհանելու այն խնդիրները, որոնք այսօր ծառացած են մարզի համայնքների առջև: Լրագրողական երթուղում նաև Լոռու մարզի Շիրակամուտ համայնքն էր: 88-ի ավերիչ երկրաշարժից հիմնահատակ ավերված գյուղն այսօր էլ սոցիալական ցնցումների մեջ է:

Լոռու մարզի Շիրակամուտ՝ նախկինում Նալբանդ, համայնքը 88-ի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոնն էր: Շուրջ տասը բալանոց երկրաշարժը հողին էր հավասարեցրել ամբողջ գյուղն ու խլել ավելի քան 300 մարդու կյանք: Գյուղն այսօր վերականգնվել է, տները կանգուն են, բայց երկրաշարժից շուրջ 30 տարի անց ցնցումներն այստեղ շարունակվում են սոցիալական խնդիրների տեսքով:

Համայնքի ղեկավար Աշոտ Երանոսյանն ասում է, որ գյուղի շուրջ 1800 բնակիչներից 300-ը վերջին տարիներին տեղափոխվել ու բնակություն են հաստատել Ռուսաստանում: Հողն այստեղ մարդկանց չի կերակրում, որովհետև տարածաշրջանի մյուս համայնքների համեմատ Շիրակամուտը սակավահող տարածք է համարվում:

Շիրակամուտում շահավետ չէ նաև անասնապահությամբ զբաղվելը, քանի որ եղած սակավ արոտավայրերը հեռու են, բարձրադիր վայրերում: «Խորհրդային տարիներին այստեղ կարի ֆաբրիկա ունեինք, որտեղ 250 մարդ էր աշխատում, այժմ նույն ֆաբրիկայում ընդամենը 17 մարդ է աշխատում: Ունեինք վերելակների պահեստամասեր արտադրող գործարան ՝ 230 ախատատեղով: Երկարաշարժն ամեն ինչ ավերեց ու այլևս չվերականգնվեց»,- ասում է համայնքի ղեկավարը:

Նա նաև Շիրակամուտի՝ իր բնորոշմամբ, ուժեղ կողմին է անդրադառնում՝ համայնքը մոտ է Վանաձոր, Գյումրի ու Սպիտակ քաղաքներին, իրենք էլ խելացի երիտասարդներ շատ ունեն, գնում են սովորելու, բայց սովորելուց հետո քչերն են վերադառնում: «Վերջերս անգամ Չեխիա են մեկնում աշխատելու, մեկը գնացել էր, մի քանիսին էլ հետևից տարել է»,-պատմում է Աշոտ Երանոսյանը:

Շիրակամուտի բնակիչ Հռիփսիմե Սարգսյանի հետ զրույցում հատկապես կանանց խնդիրներին ենք անդրադառնում: Ինչպես եք դիմագրավում գյուղի հազար ու մի խնդիրներին, հարցին արձագանքում է՝ իր սերունդը դիմացկուն էր, բայց երիտասարդների մասին նույնն ասել չի կարող:

Համբարյան Վարդուհի Արամի, 77 տարեկան: Մեր այցի պահին նա հեռուստացույցով քաղաքական թունդ բանավեճին էր հետևում: Հետևում եք, թե ինչ է կատարվում աշխարհում, հարցիս՝ Վարդուհի տատի պատասխանն այսպիսին էր. «Էէէ, որ հետևիմ իմ ձեռքես ինչ գուքա»:

Տիկին Վարդուհու միակ հոգսը ցածր թոշակը չէ: Շուրջ բոլորն է նայում ու տեսնում, որ մենակ է մնացել: Հարևաններից շատերի դռներին այսօր մի մեծ կողպեք է.

«Շուրջս դատարկ տներ են, էս տարածքում ես եմ մնացել ու գյուղապետարանը: Մի քանի մարդ են, էն էլ ծռմռված, դարդ տեսած: Երկրաշարժը գիտես, ինչ արեց…երկու աղջիկս, եղբայրս…մտածում էի չեմ ապրի, բայց երեսուն տարի այդ ցավով ապրում եմ»:

Սա էր Շիրակամուտը ՝ իր հոգսերով, մարդկանցով, չամոքվող վերքերով:

0:00
0:00