ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վանեցյանն ասել է, որ Սանասարյանի մեղադրանքն ամբողջությամբ հիմնավորված է
2019-04-26 17:52:09

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Լրագրողներն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին նաեւ քաղաքական հարցեր են ուղղել: Վարչապետը լրագրողների հետ ճեպազրույցում չի շրջանցել հասարակական հնչեղություն ստացած հարցերը՝ Պետական անվտանգության ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված քրեական գործից մինչեւ չկատարված խոստումների մասին մեղադրանքներ:

ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտպանները հայտարարել են, որ Սանասարյանի վրա «գործ է կարվում»: Հնարովո՞ր է Նոր Հայաստանում որեւէ մեկի նկատմամբ «գործ կարել» - հակադարձելով լրագրողի այս հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ՀՀ կյանքը լրագրողներն են լուսաբանում եւ իրենք կարող են պատասխանել՝ դա հնարավո՞ր է, թե՞ հնարավոր չէ:


Այնուհետեւ վարչապետը շեշտեց, որ որեւէ մեկի անմեղության կանխավարկածը պետք չէ խախտել:

Պետք չէ մոռանալ, որ ՊՎԾ-ը նոր ձեւավորվող մարմին է՝ դրանից բխող հետեւանքներով՝ հավելեց վարչապետը: Նա նաեւ այսօր շեշտեց, որ եթե կոռուպցիոն ռիսկեր լինեն, ապա այս կառույցի գործառույթն է, որ ստուգումներ իրականացվեն թե՛ ԱԱԾ-ում, թե՛ ոստիկանությունում եւ այլ կառույցներում:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր չկիսեց Դավիթ Սանասարյանի պաշտպանների այն գնահատականը, թե ԱԱԾ-ն սույն գործով ուղղորդված եւ կանխակալ քննություն է իրականացնում:

Այն մեղադրանքը, որն առաջադրված է Դավիթ Սանասարյանին այս պահին ամբողջությամբ հիմնավորված է տարբեր մարդկանց ցուցմունքներով, կատարված առերեսումներով՝ շեշտեց Արթուր Վանեցյանը, ապա հորդորեց սպասել:

Այսօր վարչապետ Նիկոլ փաշինյանն արձագանքեց նաեւ ավելի վաղ Սանասարյանի գործի առնչությամբ կատարած իր ֆԲ-յան հայտնի գրառման «ախպերական մտածողություն» ձեւակերպմանը վերաբերող հարցին՝ պարզաբանելով, թե ի՞նչ է նկատի ունեցել այդ ձեւակերպմամբ:

Վարչապետին հարցեր ուղղվեցին նաեւ այն մասին, թե ինչպե՞ս է լինում, որ մարդիկ, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցվում եւ մեղադրանք առաջադրվում, կարողանում են դուրս գալ երկրից: Կոնկրետ այս համատեքստում նշվեց, օրինակ, Արամ Հարությունյանի եւ Միհրան Պողոսյանի անունները:


Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ինչպես Արամ Հարությունյանը, այնպես էլ Միհրան Պողոսյանը օգտվել են իրենց պատգամավորական անձեռնմխելիությունից եւ որեւէ մեկը դրա նկատմամբ որեւէ լծակ չուներ ու դրանում զարմանալու ոչինչ չկա:

Ավելի վաղ Միհրան Պողոսյանի փաստաբանը հայտնել էր, որ ԴԱՀԿ նախկին պետը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից: Պաշտպանության նախարարից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է վերաբերում բարոյական տեսանկունից այն փաստին, որ ՀՀ գեներալը քաղաքական ապաստան է խնդրում.

«Որպես պաշտպանության նախարար, եկեք ես ԶՈւ գեներալների համար պատասխան տամ: Եթե ԶՈւ գեներալները նման քայլի դիմեին, ապա դա կգնահատեի որպես դավաճանություն»:


Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին անդրադարձավ խոստումներ չկատարելու մասին մեղադրանքներին: Օրինակ՝ կարմիր գծերի մասով ասաց, որ Երեւանի քաղաքապետ կա, որ կարող է բյուջեն արդյունավետ օգտագործել եւ այդ բոլոր հարցերը պետք է հերթով քննարկվեն:

Արձագանքելով դիտարկմանը, որ ժողովուրդն ավելին է ակնկալում՝ վարչապետն ասաց, որ ճիշտ է անում ու շատ լավ է, որ այդպես է, ապա՝ թվարկեց անցած մեկ տարվա ընթացքում արված գործերից որոշները:

Օրինակ՝ 50 հազար ստվերից դուրս եկած եւ/կամ նոր ստեղծված աշխատատեղեր, առնվազն 40 մլրդ դրամով պետական բյուջեի եկամտային մասի գերակատարում… նշեց նաեւ, որ  սահմանապահ զորքերի, ԱԱԾ-ի եւ ոստիկանության աշխատողների աշխատավարձերն արդեն  բարձրացել են, բացի այդ՝ հուլիսի 1-ից զինվորների աշխատավարձն է բարձրանալու, սեպտեմբերից էլ՝ ուսուցիչների: 

0:00
0:00