Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՄԻՊ-ը խորհրդարանին է ներկայացրել իր ամենածավալուն զեկույցը երբեւէ
2019-04-29 18:45:02

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ազգային ժողովի  Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը  խորհրդարան է հրավիրում  Բարձրագույն դատական խորհրդի նախագահին:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը դիմել է Գագիկ Հարությունյանին՝ հանձնաժողով գալու և պատգամավորների հարցերին պատասխանելու առաջարկով: Գրությունն արդեն ուղարկվել է, պատասխան դեռևս չի ստացվել:

Հանձնաժողովի այսօրվա նիստում Նաիրա Զոհրաբյանը հույս է հայտնել, որ Գագիկ Հարությունյանը չի մերժի պատգամավորներին և կհամաձայնի  բաց նիստում պատասխանել հանրային հնչեղություն ունեցող հարցերի։ Մինչ այդ  պատգամավորներն այսօր  լսել են Մարդու իրավունքների պաշտպանին: Նա հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել 2018-ի տարեկան հաղորդումը:

13 բաժին, մի քանի տասնյակ գլուխ, 700 էջ. 2018-ի բուռն ու գերհագեցած ընթացքը, աննախադեպ ծավալուն է  դարձրել Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը: Այսքան ընդարձակ օմբուդսմենի զեկույցը երբևէ չի եղել:

«2018 թվականն առանձնացել է աննախադեպ ծանրաբեռնվածությամբ: Նման ծանրաբեռնվածություն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, վստահաբար հայտարարում եմ, իր ստեղծման օրվանից չի ունեցել»:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր խորհրդարանական հանձնաժողովում ներկայացնում էր 2018-ի հաղորդումը:  Տարին աննախադեպ էր քաղաքական զարգացումների առատությամբ,  և այն, որ  իրադարձությունների ընթացքը ծանրաբեռնել է գրասենյակի աշխատակազմին, արտացոլվում է նաև վիճակագրության մեջ:  

«Մասնավորապես, հաշվետու տարվա հուլիս ամսին ստացած բողոքների թիվը շուրջ 10 անգամ ավելի է նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի ցուցանիշից»։

Օմբուդսմենը դիմումների շեշտակի աճը պայմանավորում է թավշյա հեղափոխությունից հետո ձևավորված հանրային մեծ սպասելիքներով և դրանց ծավալին՝ պետական կառավարման համակարգի պատրաստ չլինելով:

Փաստաթուղթն աննախադեպ ծավալ ունի՝ 700 էջ, անդրադառնում է բոլոր խնդիրներին՝ քաղաքական,  սոցիալ-տնտեսական ու ընտրական իրավունքներից մինչև շրջակա միջավայրի պահպանություն ու պատշաճ վարչարարություն:

Զեկույցում առանձին բաժնով անդրադարձ կա 2018-ի ապրիլ-մայիսի իրադարձություններին: Պաշտպանի գնահատմամբ՝ քաղաքական զարգացումները ժողովրդավարական բնույթ են ունեցել, Հայաստանի քաղաքացին հնարավորություն է ստացել իր կամքի ազատ իրացման շնորհիվ ապահովել հիմնարար փոփոխություններ: Տարվա  երկու ընտրությունները   նույնպես , ըստ պաշտպանի, առաջընթաց են արձանագրել երկրում ժողովրդավարության ամրապնդման հարցում:  Իսկ հետընթաց  օմբուդսմենը տեսնում է այլ դաշտում՝ ատելության խոսքի աճ, հասարակության բևեռացում:

Օմբուդսմենը կարծում է, որ  մարտահրավերն այսօր էլ կա, հաղթահարվել կարող է բոլորի ցանկությամբ ու ջանքերով: 

Կան արդյո՞ք նոր Հայաստանում քաղաքական հայացքների համար հետապնդվող անձինք՝ պատգամավորի այս հարցին Արման Թաթոյանը այո կամ ոչ չի պատասխանում:

 «Մարդու իրավունքների պաշտպանը չունի այն իրավական գործիքները, սա այն կառույցը չէ պարզապես, որպեսզի գնահատական տա՝ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ»։

Զեկույցում առանձնացվել են նաև օմբուդսմենի գնահատմամբ  «վստահության բաղադրիչ» ունեցող գործերը,  Մարտի 1-ի գործ, Հայաստանի երկրորդ նախագահին, բարձրաստիճան այլ պաշտոնյաներին ազատությունից զրկելու հարցեր: Գնահատականները շատ չեն, Արման Թաթոյանն ասում է՝  դրանց անդրադարձել են  այնքանով, որքանով վերաբերել են ՄԻՊ-ին:

Բայց մի մտահոգիչ միտում արձանագրել են. իրավապահ մարմինների կողմից տարածվող իրազեկող տեսանյութերում կամ հայտարարություններում հաճախ  եղել են անմեղության կանխավարկածը խախտող ձևակերպումներ:

ՄԻՊ հաղորդումը քննարկվելու է  հաջորդ շաբաթ մեկնարկող ԱԺ լիագումար նիստերի ընթացքում: Պատգամավորներն այն կլսեն  և կընդունեն ի գիտություն: Ի դեպ, նույն ընթացքում ակնկալվում է նաև Գլխավոր դատախազի հաղորդման քննարկումը:

0:00
0:00