ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կալանավայրերում «գումարի պտտվելն է» վերացել, թե դրա ձեւն է փոխվել
2019-04-29 19:12:37

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Իրո՞ք քրեակատարողական հիմնարկներում վերացել են «զոն նայողների» արտոնությունները, ինչպես հայտարարում է արդարադատության նախարարը, թե՞ նախկին արատավոր երեւույթները, այնուամենայնիվ, որոշ դրսեւորումներ գտնում են, ինչպես ԱԱԾ-ն հայտարարեց վերջերս:

Մինչ պետական երկու կառույցների դիտարկումները որոշակիորեն հակասում են միմյանց, կալանավորների իրավունքներով զբաղվող ՀԿ-ներն էլ իրենց մասով են լրացնում  խնդիրների շարքը: Արդյո՞ք ՔԿՀ-ի կարգազանց պետն աշխատանքից ազատվելուց հետո ավելի բարձր պաշտոնի է տեղափոխվել:

Քրեակատարողական հիմնարկներում այլեւս արտոնյալներ չկան. հայտարարությունը արդարադատության նախարարինն է:

«Քրեակատարողական հիմնարկներում չկա այնպիսի խուց, որը չի խուզարկվում: Չկա այնպիսի դատապարտյալ, ով նախկինի նման արտոնյալ է, եւ նրանից չեն առգրավում իրեր: Նախկին բարքերը, ըստ որոնց ՔԿՀ-ներում ընթացիկ վերանորոգում անելու գումարը ստացվում էր այսպես ասած «նայողից», վերացված են: Նրանց գործառույթը վերացված է, որպեսզի նրանք կարողանան գումարներ հավաքագրել ներսում: Մահճակալների համար վճարներ չկան, ներսում առձեռն գումարներ չեն շրջանառվում»:

Արտակ Զեյլանյանն այսպիսով հակադարձում է թե այս առումով, իր ձեւակերպմամբ, չհիմնավորված լուրերին, թե որոշակիորեն նաեւ Ազգային անվտանգության ծառայությանը: Վերջինս իր աղմկահարույց տեսանյութերից մեկում հայտարարել էր՝

«Կալանավայրի խցերում անվտանգության տարրական կանոնները չեն պահպանվել, մասնավորապես՝ բաց են եղել որոշ խցերի կերակրադռներ, առանձին կալանավորներ պահվել են արտոնյալ պայմաններում, իսկ մասնաշենքերից մեկի այսպես կոչված «նայողի» խուցն առհասարակ բաց է եղել, և նա կանգնած է եղել դրսի կողմից մուտքի մոտ»:

Նախարարը նախ հերքում է՝ աղմկահարույց այս գործով աշխատանքից ազատված «Արմավիր» ՔԿՀ-ի պետն ավելի բարձր պաշտոնի չի նշանակվել: Իսկ, ի վերջո, ՔԿՀ-ներում իրավիճակ փոխվե՞լ է, թե՞ ոչ: Նախարարն ասում է՝ նախկին ու ներկայիս վիճակը համեմատելու համար   ինքը պատրաստ է իրենց տվյալները փոխանցել հեռախոսների, անօրինական իրերի, ալկոհոլի, նարկոտիկի առկայության մասին ու մանրամասներ քրեական գործերից:  ԱԱԾ-ի հարցերը, այո, պետք է պատասխան ստանան՝ ասում է արդարադատության նախարարը, բայց իրավաչափ պետք է լինեն մոտեցումները:

« Իսկ կերակրադռները բաց են, թե բաց չեն, դա պետք է լինի իրավաչափ, կամ ոչ իրավաչափ: Դրա հիմքերը պետք է լինեն: Եթե խուցը դատարկ է, դրա դուռը բաց կամ փակ լինելը նշանակություն ունի՞, թե՞ ոչ»:

ՔԿՀ-ներում իրավիճակ փոխվե՞լ է, թե՞ ոչ: Այս հարցում ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը նույնքան վստահ չէ, որքան նախարար Զեյնալյանը:

Հացադուլները, մահվան դեպքերը, որքան էլ, ըստ նախարարի, շատ չեն,  փաստում են խնդիրների առկայության ու նրա մասին, որ արմատական փոփոխություններին դեռ պետք է սպասենք: Հասմիկ Հարությունյանը լուրջ վերապահում ունի նաեւ կալանավայրերում «փող պտտվելը» բացառելու առումով:

«Երեւույթն այնքան լուրջ է, խնդիրը՝ այնքան արմատացած, որ զուտ բանավոր պահանջով, մի քանի դիտարկմամբ չենք կարող ասել, որ կոռուպցիան արմատապես վերացված է: Հնարավոր է՝ վերացել է այն ձեւը, որով նախկինում շրջանառվում էին  գումարները: Բայց երեւույթը ինքնին դեռեւս ՔԿՀ-ներից վերացված չէ»:

ՔԿՀ-ներում դիտարկում իրականացնող խմբի նախագահն ասում է՝ վերջին մեկ տարում իրենք բարեփոխումների կոնկրետ առաջարկներ են ներկայացրել, նախարարի հետ հանդիպումներ ակնկալել, սակայն անպատասխան մնացել: Հասմիկ Հարությունյանի արձանագրած ամենալուրջ խնդիրներից մեկը հետեւյալն է:

« Յուրաքանչյուր ՔԿՀ-ում բժիշկներ չլինելու պատճառով ամեն պահի կարող են անդառնալի կորուստներ ու խնդիրներ լինել, ինչպես այս հունվարին եղավ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Դատապարտյալներից ստացվող ահազանգերը հիմնականում կապված են  բուժսպասարկման հետ՝ տրամադրվող բուժսպասարկման ուշացում, որակական թերություններ»:

Արդարադատության նախարարն այս խնդիրների համատեքստում խոսում է բարեփոխումների նոր փաթեթի մասին: Ընդունված նոր կարգավորումները ենթադրում են նաեւ առավել որակյալ բուժօգնություն, առավել մարդասիրական մոտեցումներ: Օրինակ՝  ազատ արձակված մարդկանց երկամսյա նպաստ կտրամադրվի, որ մարդն ազատ արձակվելուց հետո միանգամից ֆինանսական խնդրի առաջ չկանգնի:

0:00
0:00