Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-04-30 10:18:55
  • «Առավոտ». Մերձավոր Արեւելքում հայկական գործոնը կրկին խաղարկվում է
  • «Ժողովուրդ». Սարգսյանը նեղացել է Սարգսյանից
  • «168 ժամ» . «Հայկական կողմի ուղերձները պետք է հստակ ու հասկանալի լինեն ԵՄ-ի համար»
  • «Փաստ». «Օտար երկ­րից ամեն բան ավե­լի ցա­վոտ և մի­ա­ժա­մա­նակ ավե­լի հեշտ է թվում».

Սարգսյանը նեղացել է Սարգսյանից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ԱՄՆ է մեկնել՝ օրերս տեղեկացնելով, որ մեկնել է մեկ տարով՝ ուսանելու: Սակայն ինչպես պնդում են օրաթերթի աղբյուրները, նա Հայաստանից հեռացել է նեղացած:

«Ե՛ւ 2017թ., ե՛ւ 2018թ. ԱԺ ընտրություններում Վիգեն Սարգսյանը գլխավորեց ՀՀԿ համամասնական ցուցակը, եւ խոսվում էր, որ Սերժ Սարգսյանը հենց նրան է տեսնում իրավահաջորդի դերում` պատրաստվելով փոխանցել կուսակցության ղեկը. անգամ խոսվում էր ՀՀԿ համագումար անցկացնելու մասին: Սակայն հետո Ս. Սարգսյանը մտափոխվել է եւ ասել, որ ինքը մնալու է ՀՀԿ նախագահի պաշտոնում: Վիգեն Սարգսյանն էլ մտերիմ շրջապատում նեղսրտել է, թե ՀՀ-ում իր համար ապագա չի տեսնում: ՀՀԿ-ականների մի մասն, իհարկե, չի ցանկանում Վիգեն Սարգսյանին տեսնել կուսակցության ղեկավարի պաշտոնում, սակայն շատերն էլ հենց Սերժ Սարգսյանին են մեղադրում, որ չի ուզում լքել այդ պաշտոնը, քանի որ կուսակցության անունը հնարավոր չէ այլ կերպ մաքրել: ՀՀԿ-ականներն, իհարկե, չեն ցանկանում հրապարակայնացնել այս ամենը»,-մանրամասնում է թերթը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերքել է այդ լուրերը` ասելով. «Նման հարց ՀՀԿ օրակարգում չի եղել, հետեւաμար նման խոսակցությունները ապատեղեկատվություն են»:

Մերձավոր Արեւելքում հայկական գործոնը կրկին խաղարկվում է

Այս տարի, Հայոց Ցեղասպանության սկզբի 104-րդ տարելիցին Հայաստան-Թուրքիա դիվանագիտական փոխհրաձգությունը, ըստ «Առավոտ» օրաթերթի, աննախադեպ թեժ էր, առնվազն վերջին տասնամյակում։

«Անկարան իջավ այն աստիճանի, որ ոչ միայն ժխտեց պետականորեն պլանավորված եւ կազմակերպված ցեղասպանությունը, այն անվանելով «ընդամենը» տեղահանություն, այլեւ Էրդողանը դա անվանեց որպես «այդ ժամանակ միակ խելամիտ որոշում»։ Ավելին, Թուրքիան իր խիստ դժգոհությունն արտահայտեց ԱՄՆ նախագահ Թրամփի ապրիլքսանչորսյան՝ զգուշավոր ուղերձի վերաբերյալ, իսկ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի որոշումը Ֆրանսիայում ապրիլի 24-ը պետականորեն նշել որպես Հայոց Ցեղասպանության հիշատակի օր՝ ուղղակի կատաղեցրեց պաշտոնական Անկարային»,-գրում է թերթը, այս ամենում կարևորելով մի հանգամանք, որի մասին առաջինը հայտնեցին քրդական լրատվամիջոցներն, այնուհետեւ հաստատեց Ամերիկայի Ձայնը։ Խոսքը ԱՄՆ կողմից հովանավորվող, բազմազգ, բայցեւայնպես քրդական հրամանատարությամբ գործող Սիրիական ժողովրդական ուժերի կազմում Հայկական բրիգադի կազմավորման մասին է, որը տեղի ունեցավ ս․թ․ ապրիլի 24-ին։

«Մենք կգնանք մեր նահատակների ուղով եւ կդիմադրենք այնքան, մինչեւ Սիրիայի հյուսիսի եւ արեւելքի բոլոր էթնիկ բաղկացուցիչները չդառնան ազատ, եւ կկառուցենք ապակենտրոնացված Սիրիա», - հանդիսավոր արարողությանն ապրիլի 24-ին, ըստ Ամերիկայի Ձայնի, հայտարարել է նոր հայկական ուժերի հրամանատար Մասիս Մութանյանը, հավելելով․«Ժամանակն է եկել ձեւավորելու իսկական հայկական ռազմական ուժ Սիրիայում»։

Ինչո՞ւ հիմա անհրաժեշտ եղավ ձեւավորել Հայկական բրիգադը, դրան հաղորդելով ապրիլի 24-ի խորհուրդը: Ըստ «Առավոտ»-ի սա ազդակ է, որի հասցեատերերից մեկը, իհարկե, Թուրքիան է, որն արդեն ընդունել է այն, եւ Էրդողանի այդ գերնյարդային արձագանքն իր աննախադեպ եւ անընդունելի շեշտադրումներով բացատրում է նաև այդ հանգամանքով։

«Հայկական կողմի ուղերձները պետք է հստակ ու հասկանալի լինեն ԵՄ-ի համար»

Ավարտին է մոտենում ԵՄ-Ադրբեջան գործընկերության նոր համաձայնագրի շուրջ ընթացող բանակցային գործընթացը: Համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ, ինչպես «168 ժամ» թերթն է գրում, Հայաստանում մտավախություններ կան, որ Ադրբեջանն այն կարող է օգտագործել ԼՂ հակամարտության գործընթացի վերաբերյալ խիստ ադրբեջանամետ և միակողմանի ձևակերպումներ ամրագրելու , հետևաբար, բանակցային սեղանին դիվիդենտներ ձեռք բերելու նպատակով:

Եվրոպացի վերլուծաբան Լոռ Դելքուրը թերթի հետ զրույցում ասել է, որ դժվար է ենթադրել, թե ինչպիսի բովանդակություն կունենա այդ համաձայնագիրը, սակայն դրանում ԼՂ հակամարտությանը լինելու է պարզապես անդրադարձ, քանի որ համաձայնագիրն ընդհանուր առմամբ երկկողմ համագործակցության բովանդակության, սահմանների, ծրագրերի մասին է, իսկ ԼՂ հակամարտությամբ ԵՄ-ն չի զբաղվում, դրանով զբաղվում է միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ ՄԽ-ն, որի դիրքորոշումներն էլ ուղենիշային են սովորաբար եղել ԵՄ-ի համար.

«Չգիտեմ, թե արտահոսքերն այդ ձևակերպումների մասին որքանով են հիմնավոր։ Բայց հայկական դիվանագիտությունը կարող է ունենալ իր ազդեցությունը՝ հատկապես այս փուլում։ Հայկական կողմի ուղերձները պետք է հստակ ու հասկանալի լինեն ԵՄ-ի համար։ Չնայած ներքաղաքական ծանրաբեռնված օրակարգին՝ արտաքին օրակարգը պակաս կարևոր չէ, և որևէ հարցի կարևորություն չպետք է թերագնահատվի»։

«Չգիտեմ, թե արտահոսքերն այդ ձևակերպումների մասին որքանով են հիմնավոր։ Բայց հայկական դիվանագիտությունը կարող է ունենալ իր ազդեցությունը՝ հատկապես այս փուլում։ Հայկական կողմի ուղերձները պետք է հստակ ու հասկանալի լինեն ԵՄ-ի համար։ Չնայած ներքաղաքական ծանրաբեռնված օրակարգին՝ արտաքին օրակարգը պակաս կարևոր չէ, և որևէ հարցի կարևորություն չպետք է թերագնահատվի»։

Մյուս կողմից, ըստ նրա՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրում ևս կա անդրադարձ, պաշտոնական բոլոր հանդիպումների ընթացքում ընդգծվում է ԵՄ-ի դիրքորոշումը, և այն որևէ մեկի համար գաղտնիք չէ. «Կարծում եմ՝ ԵՄ-ն այդ մոտեցումներում արմատական փոփոխությունների չի կարող գնալ, սա զգայուն հարց է երկու կողմի համար էլ, և դա պետք է հաշվի առնվի։ Սպասենք համաձայնագրի բովանդակությանը»:

«Օտար երկ­րից ամեն բան ավե­լի ցա­վոտ և մի­ա­ժա­մա­նակ ավե­լի հեշտ է թվում»

Ինչպիսին են Հայաստանը և մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններն օտար երկրում ապրող մեր հայրենակիցների աչքերով: «Փաստի» հետ զրույցում բանաստեղծ Դավիթ Ասատրյանը, որն արդեն մի քանի տարի է՝ ընտանիքի հետ բնակվում և գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում, անդրադարձել է հայաստանյան մշակութային կյանքին, նախարարության լինել-չլինելու չարչրկված թեմային: Թերթը նաև առիթը բաց չի թողել հարցնելու՝ իսկ հեղափոխությունից սպասումներն արդարացե՞լ են:

Դրսից ամեն բան ավելի ցավոտ է երևում և միաժամանակ ավելի հեշտ` ասել է թերթի զրուցակիցը: Հեռվից ամեն բան հեշտ է քննադատել, մեղադրել, խորհուրդ տալ, ազգը փրկել, Արցախի հարցը լուծել: Ընդամենը հարկավոր է համացանցին միացված համակարգիչ։ Իսկ Հայաստանի ժողովուրդն իր մաշկի վրա է զգում ծանրությունը: Իսկապես հերոս ժողովուրդ է։

Իսկ հեղափոխությունը՝ իր բոլոր թերություններով հանդերձ, փայփայված երազ էր: Սպասումը հենց սկզբից է արդարացել, սպասումը հենց հեղափոխությունն էր, մնացածը ժամանակի հարց է:

Խոսելով մշակութային քաղաքականության մասին նշել է. «Պետությունը պետք է ունենա մշակութային անվտանգության հայեցակարգ։ Եթե օտար բանակը գրավում է որևէ երկրի մայրաքաղաք, ապա այդ երկիրը համարվում է հանձնած, իսկ երբ քաղաքդ է գրավված օտար ու ցածր մշակույթով, միթե՞ հանձնված չես...»

Նաև ասել է, որ մշակույթի նախարարություն չլինելու փաստին վերաբերվում է նույն կերպ, ինչպես վերաբերվում էր դրա լինելու փաստին՝ ժպիտով: