ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Թատրոնի վերաբացումը ոգևորել է գավառցիներին
2018-11-21 13:46:59

Վերանորոգումից հետո դռները բացեց Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը, որի վերակառուցման աշխատանքները սկսվել էին դեռևս 2011 թվականից: Ծրագրի իրականացման նպատակով պետական բյուջեից ծախսվել է 780 մլն դրամ: Գավառի թատրոնի բացման արարողությանը մասնակցել է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Պատմում են, որ Գավառի թատրոնի շենքը կառուցելու համար տեղացիները ժամանակին նույնիսկ շշեր են հանձնել, որպեսզի գումար հավաքեն: Որքանով է այս պատմությունը համապատասխանում իրականությանը, դժվար է ասել, բայց փաստն այն է, որ 1935 թվականին Կամո քաղաքում (ներկայում Գավառ) հիմնվեց պետական թատրոն, որը 1959 թվականին անվանակոչվեց Լևոն Քալանթարի անունով: Արդեն 1990-ականներին թատրոնի շենքն անմխիթար վիճակում էր, 2000-ականների կեսերից այն համարվում էր վթարային, ուստի որոշվեց թատրոնի համար կառուցել նոր շենք: 2011 թվականին սկսվեց շինարարությունը:

Թառրոնի վերաբացումը ոգևորել է հատկապես տեղացիներին: Մարզի մշակութային կյանքում թատրոնը բեկումնային փոփոխություններ է խոստանում: Երեխաներն անգամ դասերն էին լքել՝ թատրոնի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար:

Գավառի թատրոնն իր նորամուտը կնշանավորի «Սալոմե» ներկայացմամբ: Կոլեկտիվում ոգևորությունը մեծ է, ծրագրերը՝ շատ:

«Շուրջ 135 տարվա պատմություն ունեցող թատրոնի համար մեծ պատիվ է ունենալ այսպիսի շքեղ շենք, որի կամարների տակ թատերասեր հասարակությունը կշարունակի ստանալ իր հոգևոր սնունդն ու կբավարարի իր գեղագիտական պահանջը: Այս գեղեցիկ ու լուսավոր շենքում հանդիսատեսը կրկին անհամբեր կսպասի վարագույրի բացվելուն, որպեսզի հաղորդակցվի այն հրաշալի կախարդանքին, որը կոչվում է թատրոն»,- ասել է թատրոնի տնօրեն Հայկ Ղափանցյանը:

 

0:00
0:00