Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչո՞ւ են արաբները սիրում Հայաստանը. հարցազրույց ԱՄԷ փոխդեսպանի հետ
2019-04-30 17:42:42

Անի Մինասյան
Անի Զեյթունցյան
«Ռադիոլուր»

Հաջորդ ամիս ստեղծվելու է աշխատանքային խումբ Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ տնտեսական համագործակցության նոր համաձայնագիրը մշակելու համար։

Այդ խումբը կաշխատի նաեւ երկու երկրների միջեւ այլ ոլորտներում համագործակցության իրավականը դաշտը ամբողջացնելու նպատակով։ Ռադիոլուրը այս մասին իմացել է Հայաստանում ԱՄԷ դեսպանությունում։

Տարեսկզբին նախագահ Արմեն Սարգսյանը Աբու Դաբիում անցկացվող «Ապագայի գագաթնաժողով» խորագրով համաժողովում ասել էր. «Սա յուրահատուկ համաժողով է, և պատահական չէ, որ այն տեղի է ունենում հենց այստեղ։ Սա արտացոլումն է այն փաստի, որ կառավարությունը՝ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդի ղեկավարությամբ, նայում է դեպի ապագան»։

Դեպի ապագան են նայում նաև Հայաստանի ու Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունները: Հայաստանից Էմիրություններ ու հակառակ ուղղություններով բոլոր հանդիպումները մեր երկրում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան ուշադրության կենտրոնում են:

Ահլամ Ալ Սալամին դեսպանատան երկրորդ քարտուղարն է, մեզ հետ զրուցում շեշտում է ապագայում Հայաստանի ու Էմիրությունների միջև հարաբերությունները կամրապնդվեն մի քանի կարևոր համաձայնագրով ևս:

«Մենք Հայաստանի հետ յուրահատուկ հարաբերություններ ունենք: Երկու երկրների ղեկավարների միջև մշտապես տեղի են ունեցել բարձր մակարդակի հանդիպումներ: Մայիս ամսին նախատեսվում է ստեղծել երկու երկրների ներկայացուցիչներից կազմված հանձնախումբ, որ կզբաղվի Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջև կնքվելիք տնտեսական համաձայնագրով: Հույս ունենք, որ արդյունքները դրական են լինելու: Նշեմ, որ նույն հանձնախումբը պիտի զբաղվի նաև կրթական, տնտեսական, զբոսաշրջության ոլորտներին առնչվող հարցերով»:

Հայաստանն ու Էմիրությունները ընդհանուր սահման չունեն, բայց դա չի խանգարում երկու երկրներին ունենալ բարձր մակարդակի հարաբերություններ ամենատարբեր ոլորտներում: Վերջին տարիներին Սիրիայից ու Լիբանանից մեր հայրենակիցների մեծաքանակ մուտքը Հայաստան այստեղ բերեց նաև արաբական երանգներ՝ գունավորելով հատկապես մեր խոհանոցը:

Դեսպանատան երկրորդ քարտուղարը նկատում է՝ վերջին տարիներին Հայաստան են այցելում ոչ միայն Էմիրություններում ու արաբական այլ երկրներում ապրող հայերը, այլև արաբներ, որ արդեն հստակ գիտեն՝ ինչու են սիրում Հայաստանը:

«Ուզում եմ նշել, որ 2018-ին Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան է ժամանել 11500 զբոսաշրջիկ: Տուրիզմի ոլորտում Հայաստանը Էմիրությունների  համար հետաքրքիր երկիր է, այստեղ ապահով է, կան պատմամշակութային հրաշալի կոթողներ, խոհանոցը համեղ է, երկիրն էլ՝ գեղեցիկ: Հենց այս պատճառով է, որ արաբ զբոսաշրջիկների համար Հայաստանը հատուկ է եւ սիրելի վայր»:

Արաբների համար Հայաստանն ապագայում էլ ավելի սիրելի երկիր կդառնա՝ Հանրային ռադիոյի շնորհիվ: Ռադիոյի արխիվում 2000-ից ավելի արաբալեզու նյութ կա՝ երգերից մինչև հաղորդումներ, թատերական ներկայացումներից մինչև հարցազրույցներ:

ԱՄԷ դեսպանը մտադիր է Հանրային ռադիոյում անձամբ ծանոթանալ արաբալեզու արխիվին:

0:00
0:00