ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանի մեծագույն դաշնակիցը գործարար խավն է
2018-11-21 14:29:03

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպել է մեր երկրի տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող գործարարներին` տեղեկացնում են վարչապետի պաշտոնակատարի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպումն անցկացվել է «Բիզնես միջավայր և ներդրումներ. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով: Իր ելույթում վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող գործընթացներին և տնտեսական զարգացման հեռանկարներին:

Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«ՀՀ նախագահը շատ ճիշտ նկատեց, որ մենք, ըստ էության, գտնվում ենք մեր երկրի զարգացման մի շատ կարևոր փուլում, երբ քաղաքական հեղափոխությունը պետք է տրանսֆորմացվի, կամ ավելի ճիշտ զուգորդվի տնտեսական հեղափոխությամբ: Եվ իհարկե, այս գործում մեր մեծագույն դաշնակիցը, Հայաստանի մեծագույն դաշնակիցը, գործարար խավն է, և մենք հույս ենք դնում մեր գործարար մարդկանց տաղանդի վրա, որովհետև մի քանի անգամ ասել եմ, որ ինչպես ամեն մարդ չէ, որ կարող է ստեղծել արվեստի գլուխգործոց, ինչպես ամեն մարդ չէ, որ կարող է ճեղքում իրականացնել գիտության մեջ, այդպես էլ գործարարությունը հատուկ տաղանդի կարիք և անհրաժեշտություն ունի:

Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունում և, ընդհանրապես, հայ ժողովրդի բազմաթիվ ներկայացուցիչներ տիրապետում են այդ տաղանդին, ընդ որում, ոչ միայն նրանք, ովքեր այսօր արդեն զբաղվում են դրանով, այլև մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով ձեռնպահ են մնացել Հայաստանում նման գործունեության ծավալելուց: Մեր դերն է, որպեսզի քաջալերենք այդ մարդկանց, աջակցենք, նպաստենք, որպեսզի այդ տաղանդը լիարժեք բացահայտված լինի»:

Նա հույս հայտնել, որ քաղաքական գործընթացները գործարարներին կքաջալերեն անելու նորանոր ներդրումներ, կներգրավվեն նոր մարդիկ, նոր ուժեր: Հայաստանն իսկապես կդառնա մի երկիր, որտեղ ոչ թե խոշոր բիզնեսը փոքրանում է, այլ փոքր բիզնեսը դառնում է միջին, միջինը խոշոր.

«Սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև երբեմն տպավորություն է ստեղծվում, որ մենք, պայքարելով հանուն փոքր բիզնեսի, ուզում ենք այնպես անել, որ այն հավերժ մնա փոքր և, պայքարելով ընդդեմ խոշոր բիզնեսի, ուզում ենք այնպես անել, որ նա հնարավորինս փոքրանա: Մենք ուզում ենք, որ Հայաստանի տնտեսությունն իրոք լինի տեխնոլոգիական, արդյունաբերական տնտեսություն, որն իսկապես համապատասխանում է 21-րդ դարի չափանիշներին, հնարավորություններին, հեռանկարներին»: