Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Գեղասարում աղետի գոտի հասկացությունը իսպառ չի վերացել
2019-04-30 18:19:13

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ

1988թ-ի երկրաշարժից հետո էլ Գեղասար գյուղում դեռ շարունակում են ապրել տնակային պայմաններում: Տնակներում ապրող ու մեծացող երեխաներն իրենց ապագան չեն տեսնում գյուղում: 

Դպրոցում սովորող 69 աշակերտից, միայն 5-ն է առաջին դասարանցի: Տեղացիները տարիներ շարունակ վաստակում են արտագնա աշխատանքով, իսկ սեփականաշնորհված հողերը վերածվել են խոտհարքերի:


Սպիտակի տարածքի Գեղասար կամ Թափանլի գյուղում երկրաշարժից  31 տարի անց էլ տնակները չեն վերացել: Գյուղի կենտրոնում  կողք-կողքի շարված իրար նման բնակելի տնակները  աղետից հետո Գեղասար են բերվել Տամբովից ու բնակեցվել մինչև օրս: Ալվարդ Սահակյանն ասում է, որ երկրաշարժից հետո մինչև հիմա իրենք ապրում են այդ նույն  տնակում:

Տնակներն ու տնակային պայմանները  շարունակ հիշեցնում են սարսափելի երկրաշարժի մասին: Բոլոր ընտանիքները զոհեր ունեցել են: Նրանք խորը հոգոցով են հիշում կորցրած հարազատներին:

Գեղասարը մոտ է Շիրակամաուտին: 18 տարի համայնքը ղեկավարած և արդեն 9 ամիս լիազորությունները վայր դրած Ստասիկ Հովհաննիսյանն ասում է, որ 1988 թ-ին 800 բնակչից 187-ը զոհվել էր երկրաշարժի ժամանակ:


Հիմա գյուղում մոտ 20 տնակային տնտեսություն կա, որտեղ  կյանքը շարունակվում է, նոր սերունդ է ծնվում ու մեծանում: Երկաթե տնակներում ապրողների համար նոր տներ են կառուցվել, սակայն  տնակներից չեն հրաժարվել և տարիներ անց նորից են բնակեցվել, արդեն աճող ու տրոհված ընտանիքներով: Արմեն Հակոբյանը նոր ընտանիք կազմելով առանձնացել է հայրական տնից և երկար տարիներ ապրում է չքավորության մեջ: Երեք անչափահաս երեխաների հայրը  միակ աշխատողն է ընտանիքում, որը վաստակում է մինչև 70000 դրամ: Մշակում է իր տնամերձ հողամասը, որտեղ հիմա դրված է երկաթե երկսենյականոց տնակը, մոտ 300 քն տարածքով և հարևանի  200 քմ  տնամերձը:

«Ճանշինում եմ աշխատում, ճանապարհ ենք սարքում, էն էլ մի օր գործ կա, մի 10 օր՝ չկա: Հողից էլ եկամուտ չկա, էսքան հողն է, մի քիչ էլ ուրիշի հողից եմ մշակում: Տանջվում ենք, չարչարվում, պարարտանյութ ենք տալիս, գոմաղբ ենք լցնում, բայց կարտոֆիլը քիչ ենք ստանում, հազիվ ծերը-ծերին հասցնում ենք»:


Գյուղում դրական տեղաշարժ չկա, տնակում ապրող ու մեծացող երեխաները չեն ցանկանում մնալ գյուղում, Արմենի տղան սովորում է 5-րդ դասարանում, բայց որոշել է չափահաս դառնալուն պես տեղափոխվել Երևան:

«Ես մեծանամ գյուղից գնալու եմ Երևանը: Քաղաքը  սիրուն տեղ է, էնտեղ ապրելը լավ է»,- ասում է Կարենը: 

Գեղասարում տնտեսության հիմնական հոգսը կրում են կանայք, տղամարդիկ խոպան են գնում, մեկնում են ապրիլ-մայիսին վերադառնում՝ նոյեմբերին: Արթուր Սահակյանն արդեն ճամպրուկները պատրաստել է և  շուտով որդու հետ մեկնելու է Վոլոգդա, շինարարական աշխատանքների սեզոնը բացվել է: 

«Խոպան գնալը ձեռնտու չէ, տնից տեղից կտրվում ես, բայց որ մնաս՝ ինչով ապրես, ստիպված ենք գնում, տունը յոլա տանում: Մշտական գործ կա, մեր պայմաններն էլ լավ են, բայց փողն են ուշ տալիս: Գալիս ենք տուն, հետո ենք ստանում»:


Գեղասար Համայնքի ղեկավար Վաչագան Գրիգորյանի  տեղեկացմամբ համայնքի բյուջեն կատարվում է ձմռան ամիսներին, երբ տղամարդիկ վերադառնում են արտագնա աշխատանքից: 

«Անցած տարի համայնքի բյուջեն կատարել ենք 102 տոկոսով՝ գույքահարկի ապառքների հաշվին: Հողի հարկերը պարտաճանաչ վճարում են»:

Սեփականաշնորհված տարածքները հեռահար են, սարի վրա,  վար ու ցանքի նպատակով այնտեղ տեխնիկան  չի բարձրանում, ինչն էլ դարձրել են խոտհարքեր:

Տնամերձերում կարտոֆիլ ու կաղամբ են մշակում, որը բավարարում է միայն իրենց տնտեսության կարիքների համար:  Երկրաշարժից հետո գյուղից շուրջ 40 ընտանիք արտագաղթել է: Նրանց դատարկ տնամերձերը  մասամբ մշակում են հարևան- բարեկամները:

0:00
0:00