Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱԺ-ում Ծառուկյանի հարցով վերջնական եզրակացության չեն եկել
2019-04-30 18:42:53

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

 

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարությամբ կանդրադառնա «Քաղաքացու որոշում» կուսակցության՝ Գագիկ Ծառուկյանին վերաբերող նախաձեռնությանը: Հարցը քննարկվել է «Իմ քայլը» խմբակցության՝ ապրիլի 29-ի փակ նիստում և այսօր ԱԺ նախագահի հրավիրած հանդիպման ժամանակ:

 

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը դիմել է դատախազություն՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցով, իսկ ԱԺ նախագահին հորդորել է բարձրացնել  Ծառուկյանի  պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցը:

 

Ոչ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում, ոչ էլ ԲՀԿ խմբակցությունում  «Քաղաքացու որոշում» կուսակցության՝ Գագիկ Ծառուկյանին վերաբերող  նախաձեռնությունը չեն քննարկել:

 

«Կարծո՞ւմ եք ԲՀԿ-ն այնքան անլուրջ քաղաքական ուժ է, որ պետք է քննարկի ու արձագանքի բնությանն անհայտ ինչ-որ  ուժի ինքնահաստատման փորձին: Իհարկե չենք քննարկել, նախաձեռնությունը հասցեատերեր ունի, թող նրանք  քննարկեն»,- ասում է խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա ՔՈ-ի նախաձեռնությունը  քաղաքական մանկամտություն է որակում, ասում է՝ ԲՀԿ-ն կներկայացներ հակափաստարկներ, եթե  արտախորհրդարանական ուժը իրական փաստեր մատնանշեր:

 

«Իրենք որևէ փաստ չեն ներկայացրել, հայտարարությունը ծայրից ծայր ապատեղեկատվություն է, իսկ ապատեղեկատվությանը մենք փաստերով չենք պատրաստվում արձագանքել: Դրանով կարժևորեինք բնությանը անհայտ քաղաքական ուժին:
 

-Այսինքն՝ ձեռնարկատիրական գործունեությամբ  զբաղվելու մեղադրանքը Գագիկ Ծառուկյանին չի վերաբերում:

-Իհարկե չի վերաբերում: Գագիկ Ծառուկյանը վաղուց իր բիզնես կառույցները հանձնել է հավատարմագրային կառավարման և Սահմանադրության հետ որևէ հակասություն չունի»:


Մինչդեռ «Քաղաքացու որոշում» կուսակցությունում կարծում են, որ Գագիկ Ծառուկյանը Սահմանադրության հետ հակասություններ ունի: Մասնավորապես, խնդիր կա Գագիկ Ծառուկյանի պատգամավորական գործունեության և  Սահմանադրության 95-րդ հոդվածի միջև: Հոդվածը ամրագրում է, որ պատգամավորը չի կարող զբաղեցնել որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

ՔՈ-ն դիմել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցով: Իսկ դիմումի հիմքում դրել է ապրիլի 19-ին ԱԺ նիստերի դահլիճում Գագիկ Ծառուկյանի արած հայտարարությունները: Քննարկվում էր  «ցեմենտի» հայտնի օրինագիծը, որը ԲՀԿ առաջնորդին 16 տարվա պատգամավորական գործունեության ընթացքում այս էլ 2-րդ անգամ ստիպեց ամբիոնին մոտենալ:

Գլխավոր դատախազից բացի՝ ՔՈ-ն դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ խնդրելով իրականացնել գործողություններ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 157-րդ հոդվածի կատարման համար, այն է՝ Սահմանադրության 95-րդ հոդվածի պայմանները խախտելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելը։  Ինչպես նաև խնդրել են ստեղծել ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով:

Հարցը խորհրդարանական մեծամասնությունը քննարկել է երեկ, նաև այսօր, բայց դեռ  վերջնական որոշում չունի:  Այսօրվա քննարկումից հետո «Իմ քայլի» ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն իր անձնական կարծիքը ներկայացրեց:

 «Իմ անձնական դիրքորոշումն այն է, որ Պարոն Ծառուկյանի արած որոշ հայտարարություններ որոշակի տարակարծությունների տեղիք է տալիս, և արժի, որ հստակություն մտցվի»:

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները հորդորում են սպասել  ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությանը: Ասում են՝ այն շատ չի ուշանա:

0:00
0:00