Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԵԱՏՄ վարչապետը խոստանում է լուծել միության խնդրահարույց հարցերը
2019-04-30 19:20:40

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

ԵԱՏՄ հնգյակը հետամուտ է միության ինտեգրման գործընթացների արդյունավետության բարձրացմամբ՝ վստահեցնում են ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերը:

ԵԱՏՄ միջկառավարական  խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված 13 հարցերից Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց միության թվային օրակարգի  իրականացման հետ կապված հարցերը։

Այն մեծ նշանակություն ունի առցանց առևտրի զարգացման համար՝ ասաց։ Բացի այդ՝ նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ապրանքաշրջանառության վրա գազի ու էլեկտրաէներգիայի գների ազդեցության մասին.


«ԵԱՏՄ
շրջանակում Հայաստանի համար կարևոր է ընդհանուր շուկայի ստեղծումը: Առաջնահերթություններից է բնական գազի, նավթի, էներգառեսուրսների միասնական շուկայի ստեղծումը։  Ապագայում՝ նաեւ էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ստեղծումը: Քննարկումներն այս ուղղությամբ շարունակվում են ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ երկկողմ ձեւաչափերով։ Հույս ունեմ, որ քննարկումները արդյունք կտան, քանի որ  գազի ու էլեկտրաէներգիայի գները զգալիորեն ազդում են ապրանքների ինքնարժեքի վրա։ Այս նրբությունը խիստ կարեւոր է ընդհանուր տնտեսական տարածքի համար»։

Հայաստանի համար առաջնահերթություն համարվող թվային օրակարգի կիրառումը էապես կթեթևացնի տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը՝ փաստում են նիստին մասնակից հնգյակի վարչապետերը:

Հայաստանը այս տարվա սկզբից ստանձնել է ԵԱՏՄ նախագահությունը և ԵԱՏՄ-ում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը օրակարգում առկա 13 հարցերից գերադասեց խոսեց խնդրահարույցների մասին.

«Բոլոր 13 հարցերով համաձայնություններ են ձեռք բերվել: Եվ ես ուզում եմ նշել այն խնդրահարույց հարցերի մասին, որոնք այսօրվա օրակարգում էին: Առաջին խնդրահարույց հարցը, որի վրա ուշադրություն է դարձնում բիզնեսը, այն խոչընդոտներն ու սահմանափակումներն են, որոնք թույլ չեն տալիս ձևավորել միասնական շուկաներ: Մենք եռամսյակը մեկ հաշվետվություն ենք ներկայացնում վարչապետներին մեր ընդհանուր շուկաներում տիրող իրավիճակի մասին, որպեսզի կարողանանք ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել  բիզնեսի համար, որ խոչընդոտների չհանդիպեն: Ցավոք, մենք արձանագրեցինք, որ այդ խնդիրը այսօր լուծված չէ, և անհրաժեշտ է վարչապետների քաղաքական կամքը  այդ հարցերի լուծման համար»:


Տիգրան
Սարգսյանը նշեց մոտավորապես 65 խոչընդոտների մասին, որոնք նկարագրված են միության հաստատած  այսպես կոչված Սպիտակ գրքում: Նա ասաց, որ կազմվել է այդ խնդիրների լուծման ճանապարհային քարտեզը:

Ըստ նրա՝  բիզնեսի համար հաջորդ կարևոր հարցը դա  հակադեմպինգային հետաքննության գործառույթն է:

ԵԱՏՄ կազմավորման 5 տարին մեծ ժամանակահատված չէ, սակայն այս  ընթացքում հնգյակի՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի   ընդհանուր տնտեսությունը զարգանում է և կան դրական տեղաշարժեր բոլոր ուղղություններով՝ ասում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Կան խնդիրներ, որոնց լուծման վրա մենք պետք է կենտրոնացնենք մեր ջանքերը ապագայում։ Առաջինը՝ թվային տեխնոլոգիաների ներմուծումն է, որը կարևոր գործոն է տնտեսությունների մրցակցության համար։ Ակտիվ աշխատում ենք այդ ուղղությամբ և արդեն մշակում ենք ճանապարհային քարտեզ։ Թվային առևտրի զարգացման ընդհանուր մոտեցում ենք մշակում»:

ԵԱՏՄ միջկառավարական հաջորդ նիստը կկայան այս տարվա օգոստոսի 9-ին՝ Ղրղզստանում:

0:00
0:00