ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բարեկեցիկ հասարակությունն ապահով երկրի երաշխիքն է. ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձը
2019-05-01 10:38:11

Նախագահ Արմեն Սարգսյանն Աշխատանքի օրվա առթիվ շնորհավորել է բոլորին՝ շեշտելով, որ մարդկային կապիտալն ամենաթանկն է աշխարհում:

«Բոլոր արժեքները և արժեքավոր ամեն ինչ՝ հանապազօրյա հացից մինչև նորագույն տեխնոլոգիա, մշակութային արժեքից մինչև տնտեսական նվաճում, ստեղծվում են մարդու աշխատանքի շնորհիվ: Պատահական չէ, որ մարդկային կապիտալն ամենաթանկն է աշխարհում: Աշխատանքը մղում է մտածելու, երազելու, ստեղծելու, արարելու: Հարափոփոխ աշխարհում գիտելիքներով և հմտություններով զինված աշխատանքն է երաշխավորված հաջողության գրավականը: Միաժամանակ, շատ կարևոր է, որ աշխատանքի իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք աշխատելու հնարավորություն ունենա, և այդ աշխատանքն ապահովի արժանապատիվ կենսամակարդակ: Բարեկեցիկ հասարակությունն ապահով երկրի երաշխիքն է»,-ասված է ուղերձում:

Աշխարհի բազմաթիվ երկրներում են ապրում, արարում ու ստեղծագործում մեր հայրենակիցները, բայց բոլարիս մեծագույն ձեռքբերումների աղբյուրը Հայաստանն է, որտեղ պետք է շարունակեն կերտվել հետագա հաջողությունները. «Հենց մեր աշխատանքով պետք է ապահովենք Հայաստանի այսօրվա ու ապագա զարգացումը՝ ոչ միայն նորարար մոտեցումներով, այլև կիրառելով ժամանակակից աշխատանքի կազմակերպման և աշխատողների իրավունքների պաշտպանության առաջադիմական փորձն ու մոտեցումները: Վստահ եմ, որ բոլորիս ջանքերը համատեղելով՝ շենացնելու ենք մեր միասնական Հայաստանը»:

Նախագահն առանձնահատուկ շնորհավորել է աշխատանքի վետերաններին, ովքեր մեզ են փոխանցում ոչ միայն աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունն ու հարգանքը, այլև դարերից եկած արհեստներն ու հմտությունները. «Ցանկանում եմ, որ բոլորդ հնարավորություն ունենաք աշխատանքի միջոցով, աշխատանքի շնորհիվ իրացնելու ձեր ֆիզիկական, մտավոր, հոգևոր ու նյութական հմտությունն ու ներուժը, գիտելիքը, փորձն ու երևակայությունը: Մաղթում եմ, երջանկություն, բարեկեցություն և ամենայն բարիք»: