Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Աթեշյան. Հուսով եմ Թուրքիայի իշխանությունները Պատրիարքի ընտրություններին չեն խոչընդոտի
2019-05-02 17:14:29

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրությունների գործընթացն սկսվել է: Հայ համայնքն ակնկալում է, որ պատրիարքի ընտրությունների գործընթացը կնպաստի համայնքի համախմբմանը՝ անցած շրջանում նկատված պառակտիչ տարաձայնություններից հետո:

Ապրիլի 29-ին նոր պատրիարքի ընտրություններ անցկացնելու հարցով տեղի ունեցած նիստում ընտրական գործընթացն իրականացնող է ընտրվել Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:  «Ռադիոլուրին» տված հարցազրույցում նա հույս է հայտնել, որ ընտրությունները բնականոն հունով կընթանան եւ մինչեւ տարեվերջ պոլսահայ համայնքը կընտրի նոր պատրիարքին:

Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հույս ունի, որ պատրիարքի ընտրությունները բնականոն հունով կընթանան, իսկ Թուրքիայի իշխանությունները չեն խոչընդոտի դրանց ընթացքին: Ասաց, որ Պոլսո պատրիարքի ընտրությունների անցկացման վերաբերյալ դիմումներն արդեն ներկայացրել են Ստամբուլի նահանգապետարան եւ աշխատանքները կսկսեն՝ պատասխանն ստանալուն պես:

«Մենք նամակը տվել ենք նահանգապետին: Նա Անկարա կուղարկի, որտեղից պատասխան ստանալուց հետո, աշխատանքները կսկսենք: Անշուշտ, այս տարվա ընթացքում պատրիարքն արդեն ընտրված կլինի»:

Պոլսահայ համայնքը վաղուց նոր պատրիարքի ընտրության գաղափարի հետ հաշտվել էր՝ այս կարծիքը մեզ հետ զրույցում հայտնեց «Ժամանակ» հայկական պարբերականի խմբագիր Արա Գոչունյանը:

Նրա խոսքով՝ նոր պատրիարքի ընտրություններին համայնքը գնալու է մեծ ակնկալիքներով: «Ագոս» օրաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի խոսքով՝ առաջին հերթին ակնկալում են, որ նոր պատրիարք ընտրվի մեկը, ով կարողություն կունենա համախմբելու եւ համայնքը արժանապատիվ կերպով ներկայացնելու:

Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նոր պատրիարքի ընտրական գործընթացն իրականացնող է ընտրվել ապրիլի 29-ին այդ հարցի քննարկման նիստի ժամանակ:

Ասաց, որ առաջիկայում կանցկացվեն նաեւ նախաձեռնող մարմնի ընտրությունները: Հույս ունեն, որ մինչ այդ կլինի նաեւ պատասխան Անկարայից:

Թեկնածուների մասին խոսելը դեռ վաղ է: Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ինքը թեկնածուներից մեկն է: Պոլսո պատրիարքի թեկնածու լինելու բոլոր պայմաններին համապատասխանում է, հետեւաբար եւ՝ ավտոմատ կերպով թեկնածու է դառնալու:

Անցած շրջանում պատրիարքի փոխանորդի հարցի շուրջ համայնքում առկա տարաձայնություններին վերաբերող  հարցին անդրադառնալով՝ Արամ Աթեշյանը նկատեց՝  պատմությունը վկայում է, որ չի եղել այնպիսի ընտրություն, որի ժամանակ համայնքում սուր տարաձայնություններ չլինեն:

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի խոսքով՝ ի վերջո, համայնքն է ընտրելու Պոլսո պատրիարք և պետք է համաձայնել այդ ընտրության հետ: Բագրատ Էստուկյանն ասաց, որ համայնքում, ինչպես ցանկացած հավաքականության մեջ, տարբեր կարծիքներ կան, ուստի միահամուռ, ամբողջական ակնկալիքների ու համոզումների մասին խոսելը ճիշտ չէ: Սակայն, նրա ձեւակերպմամբ, մի բան հստակ է.

«Վերջին հաշվով, եթե ամեն ինչ իր օրինականության մեջ ընթանա, ապա ընտրված պատրիարքն ընդունելի կդառնա բոլորի կողմից»:

Պոլսահայ համայնքում հույս ունեն, որ ընտրությունները բնականոն հունով կընթանան եւ Թուրքիայի իշխանություններն էլ  չեն խոչընդոտի դրանց ընթացքին:

Նշենք նաեւ, որ թուրքական իշխանությունները տարիներ շարունակ չէին արտոնում նոր պատրիարքի ընտրություն անցկացնել՝ այն հիմնավորմամբ, թե դրա համար անհրաժեշտ պայմաններ չկան, չնայած որ՝ Պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը 2008 թվականից ի վեր հիվանդության հետևանքով փաստացիորեն անգործունյա վիճակում էր, և վերջին տասնամյակում նոր պատրիարքի ընտրության հարցը մշտապես պոլսահայ համայնքի օրակարգում էր: Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը վախճանվեց այս տարվա մարտի 8-ին՝ 62 տարեկան հասակում:

0:00
0:00