ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Փրկեք փոքր բիզնեսը. բողոքի ակցիա՝ կառավարության մոտ
2019-05-02 18:21:24

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Շրջիկ առևտրի սեփականատերերն այսօր արդեն իրենց բողոքի ձայնն են  բարձրացնում կառավարության շենքի մոտ: Արդեն 12 օր հոսանքազրկված սննդի կետերի սեփականատերերը պահանջում են մինչ համապատասխան օրենքի ընդունումը թողնել իրենց աշխատել:

Շրջիկ սրճարանների սեփականատերերն ասում են՝ պայքարելու են այնքան ժամանակ, մինչև խնդիրը ունենա տրամաբանական լուծում

Շրջիկ սրճարանների սեփականատերերը պայքարում իրենց բիզնեսի համար: Քաղաքապետ, քա՛յլ արա, արդար, տրամաբանական լուծու՛մ տուր շարժական սրճարաններին, լսեք փոքր բիզնեսի ձայնըև նմանատիպ այլ պաստառներով  շրջիկ սրճարանների սեփականատերերը կառավարության առջև են: Պահանջում են  հանդիպում կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կամ նրա օգնական Նաիրի Սարգսյանի հետ:

Շրջիկ սրճարանների սեփականատերերից Տիգրան Զալինյանն առանց էլեկտրաէներգիայի, մոմի լույսի տակ փորձում է հավատարիմ հաճախորդների բանակը բաց չթողնել: Սակայն այդպես երկար ձգել չի կարող: Ինչպես նա, մյուսները ևս պահանջում են մինչ դաշտի կարգավորվելը՝ համապատասխան օրենք ունենալը, թողնեն աշխատել:

«Հիմա սեզոնային էտուրիստներ են գալիս, բավականին աճ կա: Այսինքն՝ այն պահին, երբ պետք է բոլորն աշխատեին և իրենց ներդրումներից  վաստակ ունենային, կանգնեցրել են: Դա անարդար է»:

Էլեկտրաէներգիայի անջատումից հետո տնտեսվարողներին այցելել  է ԱԻ նախարարության ներկայացուցիչն ու հորդորել տեղադրել կրակմարիչներ: Տնտեսվարողներից Դավիթ Գևորգյանը նշում է՝ կրակմարիչը գնել է, բայց էլեկտրաէներգիան էլի չի վերականգնվել

«Իրենց հորդորը եղել է ուղղակի հակահրդեհային բալոնների տեղադրումը, մենք կես ժամվա ընթացքում  տեղադրել ենք»:


Այնուհետև
շրջիկ սրճարանների միությունը  որոշել է  լարվածությունն իջեցնելու նպատակով  այն տեղերում, որտեղ անթույլատրելի է նման  գործունեություն իրականացնելը, ապամոնտաժել  տաղավարները: Միության նախագահ Արեն Մելիքյանն ասում է, իրենք քայլ ենք արել դեպի երկխոսություն:

«Մեր այս քայլին կառավարությունն ու քաղաքապետարանն ընդառաջ քայլ չեն արել»:

Ավելին, հասարակական կազմակերպության նախագահը թեև չհրապարակեց անուններ, սակայն վստահ է, որ  դաշտն ուզում են մոնոպոլիզացնել:

Շուկայում կասկածելի տվյալներ կան, որ մոնոպոլիա է ձևավորվում։ Այս քայլերով տպավորություն է, որ ուզում են տեղ ազատել, որ մոնոպոլիստ գա: Արդեն գործարանային պատրաստված մեքենաներ կան, կան նմանատիպ կառույցներ և խոշոր խաղացողների հետ է կապված այս ամենը:

Իսկ քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում մերժում է մեղադրանքները:

«Ես չգիտեմ, թե ով ինչ տվյալ ունի, և ինչ ենթադրությունների կամ մտահանգումների հիման վրա է հայտարարություններ անում, ամեն դեպքում ես չեմ կարծում, որ  փաստերի խեղաթյուրումով  կամ իրականության հետ կապ չունեցող հերյուրանքներ տարածելը սեփական բիզնեսը  պաշտպանելու լավագույն միջոցն է»:


Շրջիկ
սրճարանների համար չկա օրենսդրական կարգավորում, սակայն կան նորմեր, որոնք  պետք է պահպանվեն, ասում է քաղաքապետարանի պաշտոնյան: Քաղաքապետարանը հարցումներ է ուղարկել մի քանի գերատեսչական մարմինների՝ շրջիկ սրճարանների օրինականությունը պարզելու համար:

Խախտումներ արձանագրվել են, թե՝ ոչ, կիմանան այդ գերատեսչությունները՝ ասում է զրուցակիցս: Իսկ տնտեսվարող Դավիթ Գևորգյանը հակառակն է պնդում.

«ՀԷՑ-ը մեզ բացեիբաց ասել է, որ մենք Ձեզ հետ որևէ խնդիր չունենք: Ձեր խնդիրը քաղաքապետարանի հետ է, հարցը լուծեք նրա հետ: Երբ ձեր հարցերը կլուծեք, մենք  լույսերը կմիացնենք»: 

Ոչ մի կառույցի հետ որևէ խնդիր չկա,  քաղաքապետարանն ինքն է խաթարում մեր գործունեությունը՝ ասում է:

0:00
0:00