ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նոր Հայաստան՝ հին դատախազ. քննարկում ԱԺ-ում
2019-05-02 18:48:56

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Այսօր Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկել է ՀՀ գլխավոր դատախազության 2018 թվականի գործունեության հաշվետվությունը:

Այն ներկայացրել է անձամբ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Առաջիկայում փաստաթուղթը կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, որտեղ եւս Դավթյանը կներկայացնի այն:

Իրավականից մինչեւ քաղաքական հանրային հնչեղություն ունեցող հարցեր՝ գլխավոր դատախազն այսօր պատասխանել է պատգամավորների եւ լրագրողների հարցերին:

Հետհեղափոխական շրջանում գլխավոր դատախազի առաջին տարեկան զեկույցն ակնհայտ հիասթափեցրեց իշխանական ուժը ներկայացնող պատգամավոր Վահագն Հովակիմյանին.  հեղափոխական տրամադրություններ չնկատեց:

« Ոչ միայն անձերը չեն փոխվում, այլ նաեւ անձերի գործելաոճը չի փոխվում: Տարիներ շարունակ մարդիկ, պաշտոններ զբաղեցնող յուրացրել են, վատնել են պետական միջոցները: Այսօր այդ մարդիկ խուսափում են պատասխանատվությունից: Դուք ասում եք վնասի վերականգնում՝ վերակագնում եք, ասում եք շնորհակալություն, գնա տուն»:

Գլխավոր դատախազի պաշտոնը Արթուր Դավթյանը զբաղեցրել է նախորդ խորհրդարանի շնորհիվ՝ 2016-ին: Այն պաշտոնյաներից է, որ չփոխվեց «թավշյա հեղափոխությունից» հետո:

Քննադատություններին ականջալուր է եւ հետեւություններ է անում՝ ասաց լրագրողներին: Քննարկման ընթացքից ամեն դեպքում տպավորություն ստացավ՝ խորհրդարանում գործընկերներ ունի: Հովակիմյանի քննադատական ելույթից հետո դատախազին պետաիրավական հարցերի հանձնաժողովում պաշտպանեց ԲՀԿ-ից պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Չեմ կիսում այն կարծիքը, որ այսօր Դատախազությունը մնացել է նույնը, ոչ մի բան չի փոխվել: Ի՞նչ անձանց փոփոխություն եք ուզում, ավելի կոնկրետ ասեք ՝ էդ ո՞ւմ չեք ուզում այնտեղ տեսնել կամ ո՞ւմ եք ուզում տեսնել»:


Անուններ, իհարկե, չհնչեցին: Փոխարենը բարձրացվեց ձգձգվող դատավարությունների հարցը եւ դրանից ստացվող տպավորությունը: Տվյալ դեպքում պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը դատախազին ներկայացրեց իր տպավորությունները.

«Ես հիմա անուններ չեմ տա, որ չստացվի, որ կոնկրետ անձի հետ կապված խնդիր եմ լուծում: Մի քիչ շատ երկար են ձգձգվում աղմկոտ դատավարությունները, ինչը առիթ է տալիս մտածելու, որ այդ դատավարությունների հիմքում կան քաղաքական ենթատեքստեր»:

«Ես եմ երաշխավորողը այսօր, չկա որեւէ քրեական գործ ոչ միջդատական վարույթում, ոչ դատական վարույթում, որ կարող է ունենալ քաղաքական որեւէ հիմք կամ ենթատեքստ»:  

Դատախազության վերջին շրջանի աշխատանքներից կոնկրետ դժգոհություն ունի նաեւ փաստաբան Հովհաննես Խուդոյանը: «Մարտի 1»-ի անջատված գործով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից է: «Ռադիոլուր»-ին նա փոխանցել էր.

«Զարմանք է առաջացնում, թե գլխավոր դատախազությունն ի վերջո այդ կաշառքի դրվագով գործը շարունակեց տանել դատարան: Այն դեպքում, որ կալանավորման փուլում էլ ե՛ւ առաջին ատյանի դատարանը, ե՛ւ Վերաքննիչ դատարանը հաստատեցին, որ հիմնավոր կասկած չկա: Գործում որեւէ նոր բան չի ավելացել, բայց նրանք համառորեն այն ուզում են տանել դատարան: Չեմ հասկանում եւ չեմ ընկալում իրենց դիրքորոշումը: Կոպիտ ասած՝ ոնց են նման ծանրության տակից դուրս գալու»:

Քոչարյանի փաստաբաններն այժմ փորձում են ձեւավորել կարծիք, թե իրենց պաշտպանյալը ենթարկվում է քաղաքական հետապնդման: Որեւէ կառույց, ում վերջին շրջանում դիմել են նման հայտարարությամբ՝ չի հաստատել այդ կարգավիճակը: Գլխավոր դատախազն այսօր արձագանքեց այդ փորձերին:

«Կոնկրետ արարք է մեղսագրվում: Կոնկրետ արարք, որը համադրվել է Քրեական օրենսգրքի կոնկրետ հոդվածի հետ»:

Գլխավոր դատախազը սրտնեղում է հարցերից, թե ինչու նույն պաշտոնում ասենք 1 տարի առաջ նույն «Մարտի 1-ի» գործով նոր բացահայտումներ չէր արվում: Լրագրողների հետ զրույցում խոստովանում է՝ ունեցել են իրավիճակ, որ մի քանի անգամ հարցաքննված նույն անձը չի հայտնել այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք հայտնել է օրինակ՝ ակտիվացված նախաքննության պայմաններում: Քաղաքացիները սկսել են վստահել եւ համագործակցել:  

« Իշխանափոխությունը կապ ուներ ակնհայտորեն, եթե կապ չունենար մենք այդ արդյունքներն այն ժամանակ կունենայինք: Ամենակարեւոր էֆեկտը որն է՝ մարդիկ համագործակցեցին: Բացառիկ, աննախադեպ դատավարություն է լինելու, դուք կտեսնեք մեր երրորդ հանրապետության ժամանակվա երեք նախագահների՝ դատավարական տարբեր կարգավիճակով, բազմաթիվ հասարակական, քաղաքական գործիչներ, պաշտոնատար անձինք՝ նախկին եւ ներկա»:

«Մարտի 1»-ի առանձնացված գործով դատավարության չնչին հատվածն է լինելու դռնփակ, մնացածին հանրությունը հետեւելու հնարավորություն կստանա: Ինչ վերաբերում է դատավորին, ում մակագրվել է գործը, ապա լուրեր են տարածվում, թե Վարդան Գրիգորյանը հնարավոր է ինքնաբացարկ հայտնի: Արթուր Դավթյանը չի ցանկանում իրադարձություններից առաջ ընկնել եւ չի մեկնաբանում հնարավոր այդ իրավիճակը:

0:00
0:00