ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մոմավառություն՝ ի հիշատակ Վահագն Մարգարյանի
2018-11-21 16:58:05

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  գլխավոր մուտքի մոտ  առավոտվանից ի հիշատակ բալետի պարող 23-ամյա Վահագն Մարգարյանի մոմավառություն է։ Վահագնի  ընկերները, նրա հետ պարողները, քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում և մոմեր վառում՝ հարգանքի տուրք մատուցելով արտիստի հիշատակին։

Վահագն Մարգարյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18։00-ից Արմավիրի մարզի գյուղ Ապագայում` 7-րդ փող. 12 տուն, հուղարկավորությունը վաղն է։

Վահագն Մարգարյանը մահացել է նոյեմբերի 20-ին Հերացի թիվ 1 բժշակական կենտրոնում։ Նա վթարի հետևանքով նոյեմբերի 6-ից  կոմայի մեջ էր։ Վիճակը գնահատվում էր ծանր։

Վահագն Մարգարյանը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի ունեցած Բալթյան 4-րդ միջազգային բալետային մրցույթում արժանացել էր գլխավոր մրցանակի: Նա նաև Հայաստանը ներկայացրել է «Պատանի պարողների Եվրատեսիլ» մրցույթում։

Այս տարի հունիսի 18-ից 22-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի էր ունեցել Բալթյան 4-րդ միջազգային բալետային մրցույթը, որին մասնակցել էր նաեւ Վահագն Մարգարյանը՝ արժանանալով 2-րդ գլխավոր մրցանակին, քանի որ 1-ին տեղ ընդհանրապես չի եղել /փորձավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյան/։

Վահագն Մարգարյանը ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 5-ին, Էջմիածնում: 8 տարի հաճախել է ՀՀ Արմավիրի մարզի Ապագա գյուղի միջնակարգ դպրոց, որից հետո տեղափոխվել է Երեւանի պարարվեստի պետական ուսումնարան` ուսումը շարունակելով նախ հայկական ժողովրդական, ապա` դասական բաժիններում:

Ուսման տարիներին պարել է տարբեր ներկայացումներում: Ավարտական կուրսում մասնակցել է Լեհաստանի Գդանսկ քաղաքում կայացած «Պատանի պարողների Եվրատեսիլ» միջազգային պարի մրցույթին, որտեղ ներկայացրել է Հայաստանը: 2013թ. ավարտել է պարարվեստի պետական ուսումնարանը եւ ընդունվել աշխատանքի Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն` որպես բալետի արտիստ:

Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում՝ Ա.Խաչատրյանի «Գայանե» (Կարեն), «Սպարտակ» (Հովիվներ), Ժ.Բիզեի, Ռ.Շչեդրինի «Կարմեն» (Սպա), Պ.Չայկովսկու «Շչելկունչիկ» (Պադեդե), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Պադեդե) և այլն: 2015թ. Չեչնիայում մասնակցել է Մախմուդ Էսեմբաևի պարի միջազգային 7-րդ փառատոնին և արժանացել 2-րդ մրցանակին: