Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ո՞վ կտուժի եւ ո՞վ կշահի եկամտահարկի համահարթեցումից
2019-05-03 17:37:23

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Եկամտային հարկի համահարթեցման սկզբունքի ներառումը Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծում սոցիալական արդարության սկզբունքից չի բխում, պնդում են փորձագետները և առաջարկում վերանայել կառավարության դիրքորոշումը:

«ԱՀԱԶԱՆԳ» նախաձեռնությունը  «Իմ քայլը» խմբակցության բոլոր պատգամավորներին կոչ է անում հետամուտ լինել նախագծի հետ կանչմանը: Ըստ նրանց՝ այս փոփոխությունն անխուսափելիորեն հանգեցնելու է առանց այդ էլ հասարակության շերտերի միջև առկա բևեռացման խորացմանը:

Կառավարության հարկային օրենսգրքում նախատեսած ընդլայնված փոփոխություններում, թերեւս ամենախնդրահարույցը եկամտային հարկի համահարթեցումն է։

Գործադիրն առաջարկում է 2019 թ. սեպտեմբերի 1-ից եկամտային հարկը բոլորի համար սահմանել 23%, այնուհետև նվազեցնել այնպես, որ 2023 թ. այն հասնի 20 %-ի: Այս առաջարկը բավականին հակասական արձագանքների է արժանացել:

«ԱՀԱԶԱՆԳ» նախաձեռնության անդամները նույնիսկ երեկ երեկոյան հրավեր էին բերել Ազգային ժողովի բակ՝ այդպիսով հայտնելով իրենց բողոքը: Ըստ նրանց՝ առաջին հայացքից դրական թվացող այս նախաձեռնությունը ուղղակիորեն կհարվածի հասարակության մեծամասնությունը կազմող ցածր աշխատավարձ ստացողներին:

Նախագիծը, մեղմ ասած, անարդյունավետ է համարում նաև Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը: Ըստ նրա՝ այս փոփոխությունը սոցիալական անարդարություն է առաջացնելու:  

          

Հասարակության 65 %-ը կազմող ցածր եկամուտ ունեցողների համար մինչև 2023 թ.-ը եկամտային հարկը փաստացի կնվազի միայն 0,5 %-ով, քանի որ եկամտային հարկի նվազեցմանը զուգահեռ վերականգնվելու են կուտակային կենսաթոշակային համակարգի վճարները:

Սրան զուգահեռ, բարձր եկամուտ ունեցողների համար եկամտային հարկի տոկոսադրույքի զգալի իջեցման արդյունքում, պետբյուջեի ունեցած կորուստները ՀՀ կառավարությունը մասամբ նախատեսում է փոխհատուցել ակցիզային հարկի դրույքաչափի ավելացմամբ, ինչը հանգեցնելու է մի շարք ապրանքատեսակների (դիզվառելիք, ալկոհոլային խմիչքներ` ներառյալ տեղական արտադրության գարեջուր, գինի, կոնյակ) գների թանկացմանը:

Ստացվում է՝ բարձր եկամուտներ ունեցող փոքրամասնությանն այս նախագծով հնարավորություն է ընձեռնվում ավելացնել եկամուտները՝ ի հաշիվ ցածր եկամուտ ունեցող մեծամասնության, ում վրա ընկնելու է թանկացումների հիմնական բեռը:

Սա անխուսափելիորեն հանգեցնելու է առանց այդ էլ հասարակության շերտերի միջև առկա բևեռացման խորացմանը: Սա ընդամենը մտավախություն է, ոչ ավելին, «Ռադիոլուրի» հետ զրույցում հակադարձում է ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Գևորգ Պապոյանը:

Մենք ոչ թե պետք է գնանք ցածր աշխատավարձը քիչ հարկելու ճանապարհով, այլ պետք է ձգտենք հասնել նրան, որ մեր երկրում ցածր աշխատավարձ ստացող չլինի՝ նկատեց զրուցակիցս: Իսկ նախագիծն ինքնին միտված է աշխատաշուկայում ստվերի կրճատմանը:

0:00
0:00