Լենա Նազարյան
«Ռադիոլուր»
Հաջորդ տարվա պետական բյուջեն դեռ չհաստատած խորհրդարանի քննարկմանը ներկայացվեց բյուջետային վարկի համաձայնագիր: Արդեն ավանդույթ դարձած կարգի համաձայն՝ կրկին արտահերթով:
Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանի ներկայացմամբ Ասիական բանկի հատկացրած 50 միլիոն դոլարի վարկը բյուջետային դեֆիցիտի ֆինանսավորման շրջանակներում հատկացվում:
Հանրապետական խմբակցությունից պատգամավոր Հայկ Բաբուխանյանի համար եթե նախկինում կառավարության ներկայացրած վարկային համաձայնագրերն ընդունելի էին, ապա այս անգամ ընդվզողներից միակը նա էր: Հայտարարեց՝ դեմ է քվեարկելու:
«Մի հատ հայկական օլիգարխի, որ լավ թափ տայիք, էդ 50 միլիոնը կդնեիք բյուջե: Ինչի չկարողացաք վերցնեիք դնեիք բյուջե, որպեսզի այդ գումարը էլի չծանրանար ժողովրդի ուսերին, հիմա ինչո՞վ ենք տալու»:
Կոռուպցիայի, օլիգարխիայի եւ ստվերային տնտեսության դեմ բոլոր տեսակի պայքարները ինչու չկարողացան ապահովեին անհրաժեշտ 50 միլիոնը՝ որոշեց պարզաբանել «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը, ով ամբիոնին մոտեցավ մեծ տրցակով:
«ՀՔԾ, ԱԱ, Քննչական կոմիտեն եւ ոստիկանությունը վերջին ամիսներին 170 հայտարարությունեն տարածել, որտեղ հստակ բացահայտում են չարաահումների, վատնումների եւ յուրացումների մասին տեղեկությունները: Բնականաբար, այս գումարները, որոնք քննության ընթացքում կպարզվեն, թե ինչպես են հայտնվել տարբեր պաշտոնյաների գրպաններում՝ կվերադարձցեն պետական բյուջե»:
Մինչ չարաշահումների արդյունքում բյուջեից պակասած գումարները կրկին կվերադառնան բյուջե, առանց դրանց 2019-ի համար գլխավոր ֆինանսական փաստաթղթը դեռ հենց սկբից ստացավ «իներցիոն» ձեւակերպումը:
Այսինքն՝ սրանով ի ցույց դրվեց, որ փաստաթուղթը նոր՝ հեղափոխական թիմի լիարժեք նախագիծը չէ: «Ծառուկյան» խմբակցությունը պատրաստվում է կողմ քվեարկել, թեեւ այս քաղաքական ուժից Միքայել Մելքումյանն այլ սպասելիքներ ուներ փաստաթղթից.
«Հետհեղափոխական շրջանում պետական բյուջեն առավելապես չպետք է լիներ «իներցիոն»: Այլ այն պետք է արտահայտեր հետհեղափոխական շրջանի սպասումները»:
ԱԺ-ն քննարկում է 2019թ-ի բյուջեի մասին օրենքի նախագիծը
Բյուջեի նախագծի նախորդ քննարկումից հետո 4 օրյա դադար էր տրվել, որպեսզի պատգամավորները հասցեին առաջարկություններ անել, իսկ կառավարությունը՝ դրանք ուսումնասիրեր՝ ընդուներ կամ չընդուներ: Աժ-ից կառավարությունը ստացել է 146 առաջարկ: Շատերը չեն ընդունվել՝ պարզաբանում է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:
«Նախկին նախագծի համեմատությամբ ծախսային մասի փոփոխությունը կազմել է շուրջ 5.9 միլիարդ դրամ: Ակնհայտ է, որ սպասումները գերազանցում են արձանագրված արդյունքները եւ շատ տրամաբանական է: Ենթադրվում է, որ մենք մշտապես պետք է համակերպված լինենք այն վիճակի հետ, որ պահանջները պետք է լինեն ավելին, քան մենք կարողանում ենք ապահովել, որովհետեւ դա է նաեւ շարժիչ ուժերից մեկը եւ դա է նաեւ նախադրյալը, որ մենք մեր զգոնությունը երբեք չկարցնենք: Մեր ընկալմամբ եւ մեր գնահատմամբ՝ արվել է առավելագույնը»:
Սա, կարելի է ասել, այս խորհրդարանի վերջին քննարկումն էր: Պատգամավորները վաղը կհավաքվեն միայն այսօր քննարկված հարցերը քվեարկելու համար:
Այսօր պարզ դարձավ եւս մեկ ավարտված աշխատանքի մասին: Գաղտնալսումների հարցով Աժ-ում ստեղծված քննիչ հանձնաժողովն այլեւս չի կարող աշխատել ոչ միայն խորհրդարանի լուծարման, այլեւ հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանի՝ Հայաստանից մեկնելու պատճառով:
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական պատգամավորն այսօր լրագրողների հետ զրույցում չմանրամասնեց, թե ինչն է խնդիրը, բայց հստակեցրեց՝ ընդմիշտ չի հեռանալու: Մինչ այս լուրեր էին շրջանառվում, որ պատգամավորը միջազգային կառույցներից աշխատանքի հրավիրեր է ստացել: