ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Սեւերի եւ սպիտակների» բաժանում չի լինելու
2018-11-21 18:14:14

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ի՞նչ ռազմավարությամբ են անցկացնելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը մասնակից քաղաքական ուժերը: Ոմանք դեռ քննարկում են քարոզչական ռազմավարության ձեւերը, որոշները՝ ճշտել են, սակայն չեն բարձրաձայնում, ոմանք էլ՝ հստակ որոշման են հանգել եւ չեն թաքցնում:  

Օրինակ՝ «Իմ քայլ»-ը դաշինքում, հաշվի առնելով Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների  փորձը, կարծես թե,  հստակեցված է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում այլեւս չի լինելու «սեւեր-սպիտակներ» բաժանում: Իրենք, համենայնդեպս, այդպիսի ռազմավարություն են որդեգրել:


Հեղափոխության ընթացքում եւ դրանից հետո, գուցե, ծայրահեղ արտահայտությունների կամ ծայրահեղ՝ «սեւ-սպիտակի» բաժանումների բնական անհրաժեշտություն ստացվեց՝ նկատեց «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Լուսինե Բադալյանը:


Նրա խոսքով, սակայն, ժամանակն է հաղթահարելու այդ փուլը: Ասաց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների իրենց քարոզարշավի ռազմավարությունն էլ հենց դրանից է բխելու.

«Եթե մենք որոշել ենք կառուցել քաղաքակիրթ երկիր՝ ժողովրդավարության շատ բարձր մակարդակով, ապա՝ քաղաքական ներկապնակը պետք է, իսկապես, բազմազան լինի: Շատ կցանկանայի, որպեսզի «սեւ ու սպիտակ» բաժանումը, որը, այո՛, բան չունեմ ասելու՝ մեր կուսակցության ներսից շատ պատահական դուրս եկավ, արդեն մենք սկսենք լցնել տարբեր գույներով»:

Կարծում եմ, մենք թեւակոխել են հետհեղափոխական նոր փուլ եւ քարոզարշավի ընթացքում այլեւս չի լինելու «սեւերի եւ սպիտակների» բաժանում՝ հավելեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածուն:
 

Հայկ Մարությանի ելույթը՝ բուռն քննարկումների թեմա


Նա վստահ է, որ այս քարոզարշավը կլինի ծրագրերի հստակ ներկայացմամբ՝ փոխադարձ վիրավորանքների եւ մեղադրանքների փոխարեն: Շեշտեց, որ «Իմ քայլը» դաշինքն այդ ռազմավարությունն է  ընտրել:

Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունը նույնպես արդեն հստակեցրել է նախընտրական քարոզարշավում իր ռազմավարությունն ու մարտավարությունը՝ գաղափարայնացնել եւ քաղաքականացնել նախընտրական եւ ընտրական ամբողջ գործընթացը: Այս մասին ասաց կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը:

ՕԵԿ-ից առաջադրված թեկնածու Մհեր Շահգելդյանն ասում է, որ նախընտրական քարոզչության ռազմավարության հարցում իրենց  մոտեցումը հստակ է եւ այն նոր էլ չէ.  

«Իրականության մեջ քաղաքականությունը պահանջում է եւ այսօր նույնպես՝ ճշմարտությունը պետք է ասվի, այսինքն՝ լավին՝ լավ, վատին՝ վատ»:


Եթե խնդիրներ կան, դա ասելու են եւ չեն կաշկանդվելու, որ հայտարարել են իրենց աջակցությունը հեղափոխությանը: Ասելու են նաեւ դրականը, իսկ հեղափոխությունը միանշանակորեն դրական էր՝ հավելեց Մհեր Շահգելդյանը: Ինչ վերաբերում է թիմերին, ապա՝ դրանց գնահատողը լինելու է ժողովուրդը:

«Մեր նախընտրական ռազմավարությունը հիմնվում է ընդհանուր երկրի զարգացման տեսլականի վրա: Կօգտագործվեն քաղաքական ընտրությունների բոլոր մոտեցումները: Բնականաբար, նաեւ հանդիպումները, որովհետեւ հանդիպումներ ժողովրդի հետ մշտապես ունեցել ենք՝ բոլոր բնակավայրերում, նաեւ՝ տուն-տուն հանդիպելով: Սերտորեն աշխատելու ենք նաեւ մամուլի հետ»:

Նախընտրական բացօթյա եւ դահլիճային հանդիպումներ կունենա նաեւ ԲՀԿ-ն: Քարոզարշավին կմասնակցի նաեւ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
 



Այս մասին տեղեկացնում է կուսակցության ներկայացուցիչներից Միքայել Մելքումյանը, որ կրկին ԲՀԿ-ի կողմից առաջադրվել է որպես պատգամավորության թեկնածու:

«Մենք» դաշինքը փորձելու է ընտրողներին վստահեցնել, որ խորհրդարանում լինելու է մեծամասնությանը զսպող ուժ: Այս մասին ասաց «Մենք» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Անուշ Լալայանը:

Նա ասաց, որ չնայած իրենք գործնականում էլ առաջին օրվանից աջակցել են հեղափոխությանը, բայց դա չի կարող իրենց կաշկանդել որեւէ կերպ.

«Այնպես չէ, որ մենք ՔՊ-ի կամ պարոն Փաշինյանի կադրերից ամբողջովին գոհ ենք եւ ցուփուցվանգով ասում ենք, որ իրենք շատ լավն են, որովհետեւ կան ե՛ւ սխալներ, կան եւ ճիշտ նշանակումներ: Դրա համար, կարծում եմ, պայքարը շատ հետաքրքիր կլինի ավելի»:

«Մենք» դաշինքի պատգամավորության թեկնածուի փոխանցմամբ՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում էլ հիմնական շեշտադրումներից մեկը լինելու է հիշեցումը, որ ԵԱՏՄ-ին Հայաստանը անդամակցել է, իր ձեւակերպմամբ, «խայտառակ» պայմանագրով ու մինչեւ հիմա ոչ մի քայլ չի արվում այն փոխելու ուղղությամբ: Այս հարցը սկզբունքային է համարվում, ի դեպ, նաեւ Սասնա Ծռեր կուսակցությունում: Վերջինիս նախընտրական ռազմավարության հստակեցումն ընթացքի մեջ է: Ինչպիսի՞ն կլինի դա Քաղաքացու որոշում կուսակցության, Ազգային առաջընթաց կուսակցության, ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի պարագայում՝ նույնպես հստակորեն կիմանանք մի քանի օր անց, քանի որ առայժմ նրանք չեն շտապում իրենց քարոզարշավի ռազմավարության հրապարակայնացման հարցում:

 

0:00
0:00