ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Փաշինյանը մայիսի 8-ին կամփոփի պաշտոնավարման մեկ տարին
2019-05-04 12:32:16

Հասմիկ Դիլանյան
Ռադիոլուր-Արարատի մարզ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Արարատի» ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովի ժամանակ հայտնել է, որ ամփոփելու է իր պաշտոնավարման մեկ տարին:

«Մայիսի 8-ին ես հանդես կգամ մամուլի ասուլիսով և կետ առ կետ կներկայացնեմ այն բոլոր փոփոխությունները, որ մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում: Կարևոր է արձանագրել, որ Հայաստանում շատ բան է փոխվել, փոխվել է ամենակարևորը. Հայաստանի Հանրապետությունն այլևս երբեք չի լինի հուսահատ, չի լինի այնպիսին, ինչպիսին եղել է, ՀՀ քաղաքացին ամենակարող է, ամենազոր և Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր մտքով, աշխատանքով, տաղանդով ծաղկեցնելու է իր հայրենիքը` Հայաստանի Հանրապետությունը»,-ասել է Փաշինյանը:

«Տնտեսական փոփոխությունները կառավարության համար բացարձակ առաջնահերթություն են»,-հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տնտեսական հեղափոխության հիմքին ու գաղափարախոսությանը:

«Անհատի վերափոխում կամ անհատական ջանք»,- սա է ըստ Փաշինյանի տնտեսական հեղափոխության հիքմում: Իսկ սա ուղիղ շարունակությունն է ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական փոփոխության, ասել է վարչապետը։


«Հեղափոխությունից առաջ փիլիսոփայությունը և գաղափարախոսությունը հետևյալն էր. իսկ ի՞նչ կարող է անել Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Այս հարցի պատասխանը բոլորիս հայտնի է. Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ըստ էության, ոչ մի բան չէր կարող անել կամ եթե կարող էր անել, շատ սահմանափակ կերպով, այն էլ` որոշակի թույլտվությամբ, թողտվությամբ, հովանավորությամբ: Հեղափոխությունից հետո քաղաքացին կարող է անել ամեն ինչ, քաղաքացու ոչ մի հնարավորություն սահմանափակված չէ, պայմանով, որ մենք խոսում ենք ստեղծարար, օրինական փոփոխությունների և գործողությունների մասին, երբ օգտվում են սեփական ազատություններից և իրացնում դրանք»,-ասել է Փաշինյանն ու հավելել` այդ փիլիսոփայական փոփոխությունն այսօր Հայաստանի Հանրապետությունը դարձրել է աշխարհի առաջատար ժողովրդավարական երկրներից մեկը, այս փիլիսոփայական փոփոխությունը Հայաստանը հիմա դարձնում է և պիտի դարձնի աշխարհի տնտեսական զարգացած երկրներից մեկը:

0:00
0:00