ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կգնա՞ Հայաստանը լյուստրացիայի ճանապարհով
2019-05-04 17:06:38

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

«Թավշյա հեղափոխությունից» անմիջապես հետո ուշադրության կենտրոնում պահվող թեմաներից մեկը վերաբերում է «անցումային արդարադատություն» գաղափարին: Շատերը փորձում էին հասկանալ՝ պարզապես իրավիճակը համադրելով այլ երկրների հետ, որտեղ արդեն տեղի էր ունեցել հեղափոխություն:

Ապօրինի հարստացման եւ պետությանը պատճառած վնասի վերականգնման հարցում մինչ այսօր արդեն արվել են որոշակի քայլեր: Պետությունը պնդում է, որ այս ընթացքում ամեն ինչը համապատասխանել է միջազգային իրավունքներին եւ Հայաստանի ստանձնած պարտավորություններին:

Համապատասխան օրինագիծ մշակելու համար զուգահեռ ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ վարչապետի նախաձեռնությամբ: Փաստաթուղթը գրեթե պատրաստ է եւ առաջիկայում կհանձնվի պատգամավորների դատին:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» կառավարության մշակած օրենսդրական նախաձեռնությունն առաջիկայում կներկայացվի խորհրդարան: Տեղեկությունը հաստատել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Սա, ըստ էության, կարելի է համարել անցումային արդարադատության դրսեւորման ձեւ, թեեւ դատախազը՝ ինքը կարծում է, որ «անցումային արդարադատություն» ձեւակերպումը դարձավ ամենախնդրահարույցը:  

«Այսպիսի իրավական ձեւակերպումը դուք ոչ մի միջազգային իրավական փաստաթղթում չեք գտնի: Ոչ մի պետության ներպետական օրենսդրության մեջ չեք գտնի: Սա ընդհանուր գաղափարախոսություն է, որ ամեն երկրում, ամեն իրավիճակում, ամեն հեղափոխությունից հետո ունեցել է կոնկրետ դրսեւորումներ»:

Ալեքսանդր Սարգսյան, Արմեն Ավետիսյան, Մանվել Գրիգորյան … Սա նախկին պաշտոնյաների ոչ ամբողջական ցանկն է, որ «թավշյա հեղափոխությունից» հետո ցանկացել են վերադարձնել պետությանը պատճառած վնասի մի մասը:

Վերջին օրինակը՝ «Սպայկա» ընկերության տնօրենի հետ է կապված: Կալանքի տակ գտնվող Դավիթ Ղազարյանը միասնական հաշվեհամարին վճարել է 1 մլրդ դրամ:

Նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել խափանման միջոցը՝ կալանավորումը փոփոխելու մասին:

Առանց դատավճռի բռնագանձման քայլերը, որոշ դեպքում ընկալվում են իբրեւ մարդու իրավունքների ոտնահարում, բայց օրենքների խախտում, առավել եւս հետապնդման տարրեր այստեղ չի նկատում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:  

«Հայաստանը միացել է միջազգային պայմանագրերի, որոնցով ստանձնել է պարտավորություն իր օրենսդրության մեջ մտցնելու սրանք: Սա Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շարքում է: Կան տարբեր մոդելներ տարբեր իրավիճակների համար, այստեղ ունիվերսալ լուծում չկա: Սա չի կարող լինել հաշվեհարդարի գործիք, սա լինելու է հաշտեցման միջոց»:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը տառը տառին համադրվել է եվրոպական իրավունքի մոտեցումների հետ։ ՄԻԵԴ դատարանի նախադեպերն այս առումով ուղենիշային են դարձել աշխատանքային խմբի համար:

Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը՝ Հանրային ռադիոյի «Ստատուս քվո» հաղորդաշարի ընթացքում ասել է, որ «անցումային արդարադատության» կարիք այս պահին Հայաստանում չի տեսնում:

« Իշխանությունները, կարծես թե հաջողությամբ իրենց առջեւ դրված խնդիրները լուծում են, եւ թեկուզ այն բանաձեւը, որ առաջարկվում է կիրառել՝ քաղաքացիական դատարանի վճռի հիման վրա գույքի բռնագրավում, որովհետեւ քրեական դատավարության ճանապարհով դա շատ երկար կտեւի, դա նույնպես կարծես թե կյանքի է կոչվում եւ այս կոնտեքստում անցումային արդարադատության մյուս էլեմենտները կիրառելը, ասենք՝ լյուստրացիա, չեմ կարծում, որ հասարակությունը դա կողջունի: Հաշվի առնենք, որ լյուստրացիա, առաջին հերթին նշանակում է ԱԱԾ լյուստրացիա: Հիմա արդյո՞ք քաղաքական որոշում կկայացվի: Ես մի քիչ կասկածում եմ»:  

Գլխավոր դատախազի խոսքով՝ Աժ ներկայացվելիք օրենսդրական նախաձեռնության գաղափարը հետեւյալն է՝ բոլոր այն դեպքերում, երբ քրեական արդարադատության ընթացքում խոչընդոտներ, արգելքներ են լինում պետությանը պատճառված վնասի պարագայում, կլինեն քաղաքացիադատավարական բնույթի մեխանիզմներ, որոնցով հետապնդում կիրականացվի։

Օրենքի թիրախավորած ուղղություններն, ասում է՝ շատ պարզ են՝ պետական պաշտոնատար անձանց ունեցած գույք, հանցավոր համագործակցության, փողերի լվացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղված անձանց պատկանող գույք:

Անցումային արդարադատության տարրերի կիրառման պայմաններում նոր դատարաններ ստեղծելու անհրաժեշտություն չի առաջանա՝ հաստատում է ՀՀ գլխավոր դատախազը:  

0:00
0:00