Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նույնիսկ դժվարին հարցերին լուծումներ կգտնվեն
2019-05-06 09:10:28

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»

Հայ-վրացական բարիդրացիական, ջերմ հարաբերությունները հայաստանյան հեղափոխությունից հետո էլ ավելի են ամրապնդվել։ Այս մասին Թբիլիսիում «Ռադիոլուր»-ին ասել է վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ Նա ընդգծել է նաև՝ Հայաստանն ու Վրաստանը այնպիսի հարաբերություններ ունեն, որոնք թույլ են տալիս նույնիսկ դժվարին հարցերին լուծում գտնել։

Վլադիմիր Կարապետյանը Թբիլիսիում հանդիպումներ է ունեցել այդ երկրի կառավարության ու ԱԳՆ-ի իր գործընկերների, ինչպես նաև վրաստանյան լրատվամիջոցների ու քաղաքագետների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Վերջիններիս բարձրացրած հարցերը Կարապետյանը խոստացել է հասցնել Հայաստանի վարչապետին ու մյուս պաշտոնյաներին։

«Հայաստանը ձեզ հետ է, դուք մենակ չեք», Թբիլիսիում վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վստահեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ ընդգծելով, որ վիրահայերը պետք է զգան, որ Երևանի կողմից մեծ հետաքրքրություն կա։ «Բոլոր այս հարցերը ոչ միայն կբարձրացվեն, այլև ամեն ինչ կարվի, որ լուծվեն»,-ասաց նա։

Վրաստանում ապրող հայերի հարցերը վերաբերում են հատկապես Սփյուռքի նախարարության լուծարմանը՝ համատեղ ծրագրերին, ինչպես նաև հեղափոխությունից հետո Հայաստան ներդրումներ անելու կոչերին:

Հայաստանի վարչապետի խոսնակը ընդհանուր առմամբ վիրահայերի խնդիրներին ծանոթ է. նա 2001-2004 թվականներին Վրաստանում Հայաստանի դեսպանի խորհրդականն էր։ Ասում է համայնքն այսօր ավելի ինքնավստահ է, կայացած, ամբողջությամբ գիտակցում է իր իրավունքները և պահանջները Հայաստանի նկատմամբ։

Ըստ նրա՝ հայ-վրացական հարաբերությունները մշտապես եղել են ջերմ, բարիդրացիական, սակայն դրանք էլ ավելի են ամրապնդվել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո։ Հաճախակի են դարձել բարձր մակարդակի շփումները․

«Շատ կարևոր է երկու երկրների վարչապետների տրամադրվածությունն ու անձնական հարաբերությունները, որոնք իրենց ազդեցությունը կարող են ունենալ նաև միջպետական հարաբերությունների վրա»։

Կարապետյանը կարծում է, որ այն հարցերը, որոնք դեռ պետք է լուծվեն, ընդգրկվելու են հուլիսին նախատեսված հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստում․ դրանք վերաբերելու են նաև այլընտրանքային ճանապարհներին․ «Հավատացնում եմ, որ ակտիվ քննարկում կա նաև այլընտրանքային ճանապարհի հարցով։ Այստեղ Հայաստանից ավելի քիչ բան է կախված, որովհետև առաջնայինը եռակողմ ֆորմատն է՝ Ռուսատան, Վրաստան, Շվեցարիա։ Հույս ունենք, որ պրոգրես կլինի այս հարցում»․

Իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան տարանցելու շուրջ հարցը ևս կարող է ընդգրկվել նիստում։ Ավելի վաղ՝ Նիկոլ Փաշինյանի Իրան այցի օրերին, Կարապետյանը հայտարարել էր, որ պայմանավորվածություն կա Թեհրանում քառակողմ՝ Հայաստան, Ռուսաստան, Վրաստան և Իրան հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։

«Այս պահին առայժմ զարգացում այդ ուղղությամբ չկա, բայց կարծում եմ խորհրդատվությունները պետք է ընթանան»,-նկատում է Կարապետյանը։

Հետհեղափոխական Վրաստանի հաջողված փորձը Հայաստանում կիրառելու մասին նա ասում է, որ «իհարկե, այն դրականը, որ կա մենք ուսումնասիրելու ենք, տեսնելու ենք, կարիքը եղած դեպքում օգտագործելու»։

Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարը կարծում է, երկու երկրների միջև առաջացող հարցերն պետք է կարգավորվեն Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների տրամաբանության մեջ։ «Մենք այնպիսի մակարդակի հարաբերություններ ունենք, որ բոլոր՝ նույնիսկ դժվարին հարցերը կարող ենք բարձրացնել և լուծումներ գտնել»,-վստահ է վարչապետ Փաշինյանի խոսնակը։

0:00
0:00