ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Շիրակամուտցիների հոգսն ու ճագարաբուծության զարգացումը
2019-05-06 10:40:27

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Լոռու մարզում Գետիկի ջրամբարի կառուցումը կարող է փոխել ոչ միայն Շիրակամուտի, այլև հարակից 8 գյուղերի կյանքը: Անջրդի հողատարածքները ոռոգելու պայմաններում կավելանան համայնքի բյուջեի մուտքերը, կզարգանա անասնապահությունը: Ներկայում համայնքում փորձում են զարգացնել ճագարաբուծությունը: Գյուղի մի հատվածն էլ խմելու ջրի բարելավման խնդիր ունի:

Գյուղը գյուղի կնմանվի, գյուղացին էլ գյուղացու պես կապրի, եթե կանոնավոր ոռոգման ջուր ունենան և կարողանան մշակել իրենց փոքր հողակտորները: Խոսքը Լոռու մարզի Շիրակամուտ՝ Նալբանդ, գյուղի մասին է: Այստեղ արոտավայրերն ավելի շատ են, քան մշակովի հողերը: 540 հա վարելահողից 150 հա ոռոգելի է, որտեղ մշակում են կարտոֆիլ և հացահատիկային մշակաբույսեր: Ոռոգումը կազմակերպվում է Նալբանդի ջրանցքից: Շիրակամուտում մշակովի հողակտորները մի կերպ կարողանում են ոռոգել 15 օրը մեկ անգամ: Համայնքի ղեկավար Աշոտ Երանոսյանը մտահոգ է. «Ինտենսիվ գյուղատնտեսություն զարգացնելու համար մենք չենք կարող էդ ոռոգման վրա հույս դնել»:

Ոռոգման խնդրի լուծման լավագույն տարբերակը Գետիկի ջրամբարի վերակառուցումն է՝ շուրջ 5 մլն խմ ջրի տարողությամբ: Ջրամբարի շինարարության մասին հարցը կառավարության առջև տարիներ շարունակ բարձրացրել են Սպիտակի տարածքի 9 համայնքի ղեկավարները: Ջրամբարաշինության առաջին ծրագրում Գետիկը ներառված չէ և նախատեսել են ընդգրկել 2-րդ փուլով, որի սկիզբը 2021թվականն է: Գետիկի ջրամբարի շահագործմամբ ենթադրվում է եռակի ավելացնել ոռոգելի տարածքները: Իսկ մինչ այդ իրարից անջատ հողերը դարձյալ կմնան անմշակ: Շիրակամուտում խոշոր հողատերեր չկան, քանի որ հողեր չունեն:

Երկու ֆերմեր ունեն, որոնք վարձակալել են հարևան համայնքների հողերը և երկու խոշոր անասնատեր: Մյուսները կամ անասուն չունեն, կամ էլ մեկ-երկու գլխով սահմանափակվում են՝ խոտ չունենալու պատճառով: 644 տնտեսություն ունեցող գյուղում 460 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է գրանցված: Փոխարենը փորձում են զարգացնել ճագարաբուծությունը:

Վահան Ոսկանյանը համայնքի մյուս երիտասարդների քայլին չի հետևել և մնացել է գյուղում, զբաղվում է ճագարաբուծությամբ: Ասում է փոքր հասակից է ճագար խնամել, բայց վերջին երկու տարում մտածել է այն բիզնես դարձնելու մասին: Երկրաշարժից հուշ մնացած վագոն-տնակում մոտ 650 ճագար է բազմացրել. «Կերի վրա ենք շատ ծախսում, գարի, ցորեն, կուկուռուզ, մենք լրիվ գնում ենք, մեր հողատարածքները շատ քիչ են՝ 2000քմ, 1000 քմ, բայց մեզ տարվա կտրվածքով 15 տոննայից ավելի գարի, ցորեն է պետք»:

Վահանը մտադրվել է այս տարի օգտվել գյուղատնտեսական վարկերից և 100 քմ տարածքով գոմ կառուցել միայն ճագարների համար: Ասում է՝ ճագարները շատ զգայուն կենդանիներ են և շուտ են սթրեսի ենթարկվում, նրանց հետ այլ կենդանիներ չի կարելի պահել:

Երկու տարի առաջ 150 անկում են ունեցել: Վտանգն այն է, որ ճագարները կարող են միանգամից սատկել: Տարիների ընթացքում փորձ է ձեռք բերել, հիմա ճագարներին ինքն է բուժում, պատվաստումներ անում: Նրանց առողջ պահելու լավագույն միջոցը մաքրությունն է: ճագարները հիմա քիչ եկամուտ են ապահովում, ավելացնելու դեպքում՝ կշատանա: Վաչագան Ոսկանյանը նշում է, որ բացի մսից վաճառում են նաև կենդանի քաշով: Միսն իրացնում են Վանաձորի և Գյումրու ռեստորաններում, առայժմ տարեկան հանձնում են շուրջ 200 ճագար՝ մինչև 2կգ քաշով: Վահանի հայրը տեղեկացնում է, որ ճագարի գլուխը, աղիները, կղանքը, մորթին, բոլորն էլ պիտանի են:

Շիրակամուտում մտածում են նաև տուրիզմը զարգացնելու մասին: Գյուղից հեռացածների դատարկ տները սեփականատերերի համաձայնությամբ կարող են հյուրատների վերածվել: Համայնքում խմելու ջրի խնդիրը ամբողջությամբ լուծված չէ: Գյուղը բաժանված է 2 թաղամասի՝ գտնվում է ճանապարհի աջ և ձախ կողմերում: Մի տեղում խմելու ջրի հարցը կարգավորվել է «Վեոլիա Ջուր» ընկերության միջոցներով, տեղադրվել են ջրաչափեր, մյուսում խնդրի կարգավորումը բարդ է: Երեք աղբյուրից անհրաժեշտ քանակությամբ ջուր են ստանում, բայց ջրագծերի մաշվածության պատճառով բավարար քանակությամբ ջուր չի մատակարավում: Գյուղի շուրջ 17 կմ երկարությամբ խմելաջրի ներքին ցանցը քայքայված է: Այս տարի նախատեսել են վերականգնել 1 կմ հատվածը:

Շիրակամուտ համայնքի ղեկավարը հույս ունի, «Վեոլիա Ջուր» ընկերության միջոցով կարգավորել այս հարցը:

0:00
0:00