Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երեք խորհուրդ՝ տուրփաթեթ ստանալուց առաջ
2019-05-06 18:10:34

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Չկայացած հանգի՞ստ, թե՞ խաբեության զոհ. օրերս մեծ աղմուկ բարձրացրած «Travelan» զբոսաշրջային ընկերության նկատմամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 178 հոդվածով՝ խարդախության հատկանիշով:

Մի խումբ քաղաքացիներ օրեր առաջ պարզել էին, որ «Travelan» տուրիստական գործակալության տնօրեն Աննա Սահակյանից գնած տուրիստական փաթեթները կեղծ են և իրենք խաբեության զոհ են դարձել՝ կորցնելով վճարած գումարները:

Տուժածների հետ է զրուցել մեր թղթակից Սոնա Հակոբյանը: Լսել նաև Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խորհուրդները, թե ինչպես խուսափել նմանատիպ խարդախություններից:

Աննա Հայրապետյանն ամուսնու և 1 տարեկան որդու՝ Անրիի հետ մայիսի 21-ին պիտի մեկներ Եգիպտոս: 9-օրյա հանգստի փաթեթի համար վճարել էին 1100 դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Մի քանի օր անց, սակայն, զանգահարել է ընկերություն՝ ավիատոմսերի և հյուրանոցի վաուչերները վերցնելու համար, սակայն ընկերության տնօրեն Աննա Սահակյանը զանգերին չի պատասխանել։ Սպառողը փորձել է փաթեթի լինել-չլինելը ճշտել թռիչքն իրականացնող ավիաընկերությունից։

Արդյունքում պարզել է, որ նրանց անունով ոչ մի ամրագրում չկա։ «Ռադիոլուրի» հետ զրույցում Աննան պատմեց, որ անմիջապես շտապել է Մաշտոցի 18 հասցեում գտնվող «Travelan» տուրիստական ընկերության գրասենյակ։ Դուռը փակ էր, փոխարենը՝ դրա առջեւ հավաքված բազմաթիվ մարդկանց է հանդիպել։

Պարզվում է՝ Աննա Սահակյանը միլիոնավոր դրամներ է վերցրել աշխարհի տարբեր ուղղություններով հանգստի փաթեթների և ավիատոմսերի համար, սակայն մարդիկ ձեռնունայն են մնացել։

Խաբված Աննա Հայրապետյանը լրագրող է, ուստի սոցիալական ցանցերում իր գրառումը մեծ արձագանք գտավ։


«Իմ հայտարարության տակ հայտնվում են մարդիկ, ովքեր Աննայի զոհն են, և նրանց թիվը մոտավոր հաշվարկներով հասնում է 100-ի»:  

Արձագանքում են ինչպես տուժածները, այնպես էլ տուրիստական գործակալությունները: Հայտարարություն է տարածել նաև «Երևան Թրավելը», որտեղ ժամանակին աշխատել է նույն Աննա Սահակյանը:

«2018 թվականի սեպտեմբերին մեզ հայտնի է դարձել որ 2017 թվականի հոկտեմբերից «YEREVAN TRAVEL» տուրիստական ընկերությունում, որպես տուրմենեջեր գրանցված աշխատակցուհի՝ Աննա Նաիրիի Սահակյանը, իրականացրել է տուրիստական ծառայությունների վաճառք, ընկերության անունից, ընկերության դրամարկղ մուտքեր չանելով: 2018 թ սեպտեմբերից վերոհիշյալ անձը ազատվել է աշխատանքից»,- ասված է հայտարարության մեջ։

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել նաև «Travelan» տուրիստական գործակալության նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 178 հոդվածով՝ խարդախության հատկանիշով: «Travelan» տուրիստական գործակալության տնօրեն Աննա Սահակյանը չորեքշաբթի օրը՝ մայիսի 1-ին, բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին՝ քաղաքացիներից խաբեությամբ գումար հափշտակելու կասկածանքով:

Թե ինչ ընթացք կստանա այս գործը, ժամանակը ցույց կտա: Բայց ինչպե՞ս կողմնորոշվել տուրգործակալությունների շուկայում, որպեսզի խաբեության զոհ չդառնալ։

Բնականաբար, զբոսաշրջիկների մեծ մասի համար առաջին կողմնորոշիչը գինն է, որն էլ հաճախ դառնում է «թակարդի մեջ դրված պանիր»։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը տուրիստական ընկերությունների հետ աշխատելու մի քանի կանոն է մատնանշում:

  1. Պահանջեք զբոսաշրջային օպերատորի հետ պայմանագրի ձեր օրինակը
  2. Ստորագրելուց առաջ մանրամասն ծանոթացեք դրա հետ
  3. Պայմանագրում պետք է մանրամասն ներկայացված լինեն ծառայությունները, ողջ երթուղին եւ պայմանագիրը չեղարկելու պայմանները։

«Պահանջեք և տեսեք, թե ինչ պայմանագիր են ձեզ առաջարկում: Արդյոք դա այն պայմանագիրն է, որտեղ հարգված են և զբոսաշրջային օպերատորի և սպառողի իրավունքները: Փաթեթում պետք է մանրամասն ներկայացված լինի փաթեթն ու ծառայությունները, ամբողջ երթուղին, չեղարկման պայմանները»:


Մեխակ Ապրեսյանը հորդորում է անպայման պահանջել պայմանագրի օրինակը: Նկատենք, սակայն, որ Աննա Հայրապետյանի դեպքում կար պայմանագրի օրինակը և ստացականը: Բայց անգամ դա չօգնեց սպառողին: Ավելին, իրավաբանորեն դրանցում խախտում չի էլ եղել:

« Շատ ավելի ահավոր դեպքեր կան: Մեր 1000 դոլարը երևի փառք է դրանց համեմատությամբ»:

Որն է եղել Աննա Հայրապետյանի թերացում, արդյո՞ք որևէ կասկածելի բան չի նկատել տուրիստական ընկերությունում: Զրուցակիցս օրեր անց որոշ կասկածելի նշաններ է մտաբերում:

«Գրասենյակը թեև գտնվում էր Մաշտոցի պողոտայում, այնտեղ որևէ ցուցանակ չկար: Չկային նաև սերտիֆիկատներ, որոնք սովորաբար լինում են նման գրասենյակներում»:

Բայց ում մտքով կանցներ, որ այդ ամենն արդեն իսկ զգուշանալու ահազանգ էր: Ինչևէ, խարդախության զոհ դառնալուց ապահովագրված չէ և ոչ ոք: Ուստի Տուրիզմի հայկական ֆեդերացիան նմանատիպ երևույթներից խուսափելու ու առհասարակ ոլորտում սպասարկման որակը բարձրացնելու նպատակով բազմիցս հայտարարել է. ժամանակն է, որպեսզի Հայաստանում զբոսաշրջային օպերատորի գործունեությունը լիցենզավորվի:

Այդ դեպքում՝ ոչ միայն տուրօպերատորներն ավելի պատասխանատու կմոտենան իրենց գործին, այլեւ նման խնդիրների դեպքում ապահովագրական ընկերությունը կփոխհատուցի վնասը: Սա ընդամենը առաջարկ է, որին առաջին հերթին համաձայն չեն հենց պետական համակարգում:

Կարծում են, որ դրանով կսահմանափակվեն տնտեսվարող սուբյեկտների իրավունքները: Նախապատվությունը տալիս են կամավոր որակավորման համակարգին:

0:00
0:00