Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Կլոնների» պատերազմ մենաշնորհի շուկայում
2019-05-06 18:51:58

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Մենաշնորհի դեմ պայքարի մասին հստակ խոսել են Հայաստանի վերջին 3 վարչապետերը՝ Հովիկ Աբրահամյանը 2016-ի մայիսին Աժ-ում ասում է, որ ցանկացած ապրանքի ներկրման համար որեւէ խոչընդոտ չկա:

Գրեթե նույն միտքը հետո՝ 2016-ի դեկտեմբերին ասել է Կարեն Կարապետյանը:  Ուղիղ մեկ տարի առաջ վարչապետ դառնալուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 40 րոպեի ընթացքում վերացվեց բանանի եւ շաքարավազի մենաշնորհը:

Այսօր արդեն եկել է ժամանակն ուսումնասիրել՝ ովքե՞ր են ներկրման շուկայի հետհեղափոխական խաղացողները:

Մենաշնորհ բառը մեզ մոտ սովորույթի ուժով նույնականացվում է բանանի կամ շաքարավազի հետ: Առաջինն այս օրինակներն են ներկայացվում մենաշնորհի դեմ պայքարի շրջանակներում: Քաղաքացիներն այս հարցում վերջին շրջանում միտում են տեսնում՝ վերադարձ ի շրջանս յուր:

Հեղափոխությունից հետո այս դաշտում հետաքրքիր իրավիճակ է արձանագրել ՏՄՊՊՀ-ն: Պաշտոնական տվյալներով՝ նախկին պատգամավորներին պատկանող «Քեթրին Գրուպ»-ը բանանի եւ «Ալեքս Հոլդինգ»-ը շաքարավազի շուկաներում զիջել են իրենց գերիշխող դիրքերը:

Այս տվյալներին, սակայն, չեն շտապում հավատալ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը եւ  տնտեսագիտական համալսարանի Ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

«Իսկ որքանո՞վ մենք վստահ ենք, որ այդ տոկոսը իսկապես նոր տնտեսվարողներ են: Երկրորդը՝ գները, եթե էապես չեն փոխվել, նշանակում է կան նորից ինչ որ կոռուպցիոն մեխանիզմներ»,- ասաց Վարուժան Հոկտանյանը:

«Միամտություն կլինի կարծել, որ շուկաների «արքաները»՝ ներկրողներ, արտադրողներ, այդպիսի հեշտությամբ կզիջեն իրենց արտոնյալ կամ մենաշնորհային դիրքը եւ գերշահույթները: Եվ միամտություն կլինի ասել, որ խոշոր ներկրողները չեն կլոնավորել իրենց բիզնեսը այլ ընկերությունների անունների տեսքով»,- նշեց Ատոմ Մարգարյանը:

Հետհեղափոխական ներկրման շուկայի ուսումնսիրությունը փաստում է, որ հնչած մտահոգությունները հիմնավոր են: Բանանի եւ շաքարավազի շուկաներում հեղափոխությունից հետո հայտնվել է օրինակ՝ «Բանանեկ» ընկերությունը՝ հիմնադիրը «Քեթրին Գրուպ» ընկերության սեփականատեր, գլխավոր տնօրեն Ռիկարդո Անտոնիո-Մերինոն է:

Շուկայում հայտնվել է նաեւ «Սիթի» ընկերություն: Այն կապում են նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ: Շաքարավազի շուկայում ստեղծվել է նաեւ «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերություն: Պարզվում է,  Սամվել Ալեքսանյանի հարեւանի անունով է գրանցված: Ստեղծված իրավիճակում արագ լուծումների տարբերակ տեսնում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

« Իրականում այդ մենաշնորհային դաշտը քանդելը շատ ժամանակատար է: Մի դեպքում ժամանակատար կարող է չլինել, երբ կիրառվի 1917-ի հեղափոխական մեթոդները: Այսինքն՝ վերցնում են, ուղղակի սեփականազրկում են, ասում են որ պետականացնում են: Սա մի ձեւ է: Կա երկրորդը ձեւը, որը կիրառում է գործող իշխանությունը, բայց այս դեպքում ես չեմ կարող նշել հաջողված դեպքեր»:

Մենաշնորհի դեմ պայքարը բացառապես սեփական սառնարանի դիտանկյունից վերլուծելու մոտեցումը տնտեսագետների շրջանում իրականում պարզունակ է համարվում: Ատոմ Մարգարյանի համար, համենայնդեպս հասկանալի է.

«Ազատականացումը ոչ մի բանի էլ չի բերել, որովհետեւ գնային ստատուս-քվոյի փոփոխություն, ըստ էության, մենք չենք ունեցել որոշ բացառություններով»:

Մենաշնորհի դեմ պայքարում որոշակի դրական արդյունքներ արձանագրվել են բենզինի շուկայում, գների որոշակի իջեցում եղել է, բայց մասնակիցների քանակը՝ հարեւան Վրաստանի համեմատ, գրեթե երկու անգամ զիջում է:

Տնտեսագետների կարծիքով՝ Վրաստանի եւ Ուկրաինայի փորձը պետք է հաշվի առնել եւ կիրառել լրացուցիչ լծակներ։ 

Ատոմ Մարգարյան. «Իշխանության խնդիրը պետք է լինի այդ ոլորտներում գոյացող գերշահույթները այնպես հարկել, որպեսզի այդ ոլորտներից կապիտալը ստիպված լինի տեղափոխվել բարձր արտադրողական, տեխնոլոգիապես բարձր, ունիկալ պրոդուկտներ եւ բարձր ավելացված արժեք ստեղծող ճյուղեր»:

Ցանկությունը կա, բայց մենաշնորհների դեմ պայքարի  ռազմավարությունը մասնագետները դեռ չեն տեսնում: Այս քաղաքականությամբ եւ այսպիսի ձեւաչափերով կանխատեսում են՝ Հայաստանը չի դառնա ոչ Իսրայել, ոչ Իռլանդիա, ոչ էլ Հնդկաստան:

0:00
0:00