Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Անվտա՞նգ է արդյոք «Սուխոյ սուպերջեթը». հայ օդաչուն՝ աղետի մասին
2019-05-06 20:27:32

Մառլենա Հովսեփյան
«Ռադիոլուր»

Մոսկվայում 41 մարդու կյանք խլած ավիաաղետի պատճառը իսկապես եղանակային պայմաններն ու կայծակն են. «Ատլանտիս» ավիաընկերության օդանավի հրամանատար Արթուր Դովլաթյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասնում է, թե ինչու է այդպես կարծում։

«Ես համարում եմ, որ, այո, կայծակի պատճառով ինքնաթիռում ծագել են էլեկտրական և հիդրավլիկ խնդիրներ: Կադրերից երևում է, որ ինքնաթիռը վայրէջքից հետո, ավիացիոն լեզվով ասած «козел» է անում, և երկրորդ «козел»-ից հետո հրդեհ է սկսվում: Եթե կայծակի հարված է եղել, բնականաբար էլեկտրականության խնդիր է ծագել, ինչն էլ ստեղծել է արտակարգ իրավիճակ: Այդ ժամանակ ինքնաթիռի կառավարման ոչ բոլոր մեխանիզմներն են աշխատում, անձնակազմը հայտնվել է ոչ ստանդարտ իրավիճակում, որը համարվում է լուրջ և, ըստ երևույթին, անձնակազմը որոշում է կայացրել շտապ վայրէջք կատարել»,- ասում է փորձառու օդաչուն:

Արթուր Դովլաթյանը տեղին չի համարում նաև անձնակազմի արհեստավարժության վերաբերյալ քննարկումները, նա մեզ փոխանցեց, որ անձամբ է ճանաչում հրամանատարին, որի ինքնաթիռը նախօրեին վթարի է ենթարկվել. «Աէրոֆլոտում»  թռիչքներ իրականցնելիս առիթ է ունեցել օդ բարձրանալու Դենիս Եվդոկիմովի հետ:  

«Ինչ վերաբերվում է անձնակազմին, հրամանատարը ինձ հետ «Աէրոֆլոտում» թռչել է որպես երկրորդ օդաչու:  Շատ գրագետ օդաչու է։ Ով գործից հասկանում է՝ կփաստի: Դեռ հայտնի չէ, թե ով ինչպես իրեն կպահեր և իրավիճակին ինչ լուծում կտար»,- ասում է:

Երեկվանից համացանցում չեն դադարում քննարկումները վթարի ենթարկված ինքնաթիռի տեսակի վերաբերյալ. արժե՞ արդյոք թռչել «Սուխոյ սուպերջեթով», որքանով են այդ օդանավերը ապահով թռիչքների համար, չունե՞ն արդյոք խնդիրներ և այլն:

Արթուր Դովլաթյանը, որը թռիչքներ է իրականացրել տարբեր ինքնաթիռներով, այդ թվում «Սուխոյ սուպերջեթով»,  2011-12 թվականներին այդ ինքնաթիռը կառավարել է «Արմավիա» ընկերությունում աշխատելիս, իսկ երկու տարի առաջ նաև «Աէրոֆլոտում»: Օդանավի հրամանատարը վստահեցնում է, որ իր համար, որպես օդաչուի, ոչ մի տարբերություն չկա «Սուխոյ սուպերջեթի», «Էյրբասի» կամ «Բոինգի» միջև:

«Սուխոյ սուպերջեթը», հիմա այդ մասին չեն խոսում, առաջինը շահագործվեց Հայաստանի Հանրապետությունում՝ մեր օդաչուների կողմից: Ավիաջոկատը ղեկավարել է լուսահոգի Սերգեյ Խառատյանը: Եվ առաջին ինքնաթիռի շահագործման ժամանակ եղել են տարբեր տեսակի խնդիրներ, բայց մեզ մոտ Հայաստանում իրագործվել է շատ նորմալ, շատ լավ: Ես փորձ ունեմ հետագայում նաև «Աէրոֆլոտում» թռիչքներ իրականացնելու, և այդ ինքանթիռները հիմա շատ ավելի կատարելագործված են, ոչ մի բանով չեն զիջում ոչ «Աէրոբուսին», ոչ «Բոինգին», որոշ ֆունկցիաներ շատ ավելի լավ են:

Մոսկվա-Մուրմանսկ չարաբաստիկ չվերթի օդանավում  զոհվել են հիմնականում ինքաթիռի հետնամասում գտնվող ուղևորները, որտեղ էլ բռնկվել է հրդեհը: Համացանցում ակտիվորեն քննարկվում է, որ զոհերը հնարավոր է ավելի քիչ լինեին, եթե բիզնես-կարգով թռչող  ուղևորները չփորձեին այրվող ինքնաթիռից դուրս բերել նաև ձեռքի ուղեբեռը՝ խցանում և խուճապ առաջացնելով:

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում «Աերոֆլոտ» ավիաընկերության օդանավում բռնկված հրդեհի հետևանքով 41 մարդ է զոհվել, առնվազն տասը՝ վիրավորվել, նրանցից երկուսի վիճակը ծանր է։ Զոհվել են նաև երեխաներ և անձնակազմի մեկ անդամ, ով օգնում էր ուղևորներին դուրս գալ ինքնաթիռից։

«Շերեմետևո»-ում վթարային վայրէջք կատարած օդանավում տուժածների մեջ Հայաստանի քաղաքացիներ, կամ ազգությամբ հայեր չկան, հայտնել են Հայաստանի արտգործնախարարությունից։

0:00
0:00