Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-05-07 10:05:21
  • «Ժողովուրդ». Քաղաքապետարանում՝ պատգամավորից շատ աշխատավարձ
  • «168 ժամ». «Այդ գումարով իսպառ կարելի է լուծել 4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրը»
  • «Առավոտ». «Դժվար» թեման պետք է հանգիստ քննարկել
  • «Իրատես». «Փրկարարական ուժերը չեն կարող 30-40 մասի բաժանվել ու առավոտից-երեկո զբաղվել ջրագծեր փակելով»
  • «Փաստ». «Պետք է խիստ միջոցներ ձեռնարկել մահվան ելքով վթարներից խուսափելու համար»

Քաղաքապետարանում՝ պատգամավորից շատ աշխատավարձ

Երեւանի ավագանու առաջիկա արտահերթ նիստում փոփոխություններ կարվեն ավագանու նախկինում ընդունված որոշումներից մեկում: «Ժողովուրդ» թերթը տեղեկացնում է, որ այդ նախագծով, որը քննարկվելու եւ քվեարկության է դրվելու հենց վաղը, քաղաքային իշխանությունում ավելանալու են հաստիքներ, եւ բարձրանալու են աշխատավարձերը:

Օրինակ` 54 հաստիք է ավելանալու Երեւանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմում, որից միայն 50 միավորը՝ եկամուտներ հավաքագրող տեսուչների գծով, 26 հաստիք էլ` Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմում:

Սակայն հաստիքների ավելացումից զատ թերթը շատ ավելի հետաքրքրական է համարում աշխատավարձերի բարձրացումը:

Մասնավորապես, միջին եւ ստորին օղակների աշխատավարձերը բարձրանալու են 25-30 տոկոսով այն դեպքում, երբ, օրինակ, քաղաքապետի, նրա տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների, աշխատակազմերի քարտուղարների աշխատավարձը կրկնապատկվելու է: Եվ այդ փոփոխություններով ստացվում է, որ Երեւանի քաղաքապետը 575 հազար դրամի փոխարեն ստանալու է ամսական 1 մլն 200 հազար դրամ աշխատավարձ։ Այսինքն, ինչպես թերթն է նշում, նա ստանալու է ճիշտ այնքան աշխատավարձ, որքան ստանում է ՀՀ վարչապետը. ԱԺ նախագահն էլ ստանում է 1 մլն 190 հազար դրամ աշխատավարձ։

Քաղաքապետարանի վարչությունների պետերը նախկին 346 հազարի փոխարեն կստանան 641 հազար, վարչական շրջանների ղեկավարները՝ 400 հազարի փոխարեն կստանան 773 հազար դրամ, իսկ նրանց տեղակալները 346 հազարի փոխարեն՝ 668 հազար։

«Ստացվում է, օրինակ, որ ԱԱԾ պետը, ոստիկանապետը, ՊՎԾ պետը ստանալու են ավելի քիչ աշխատավարձ, քան քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը: Կամ համեմատության համար նշենք, որ մարզպետները եւ պատգամավորները եւս ավելի քիչ գումար են ստանալու, քան քաղաքապետարանի շատ պաշտոնյաներ», - գրում թերթը՝ ներկայացնելով ևս մեկ օրինակ՝ ԱԺ նախագահի տեղակալները ստանում են 925 հազար 960 դրամ, իսկ, քաղաքապետի առաջին տեղակալը՝ 947 հազար, տեղակալները՝ 912 հազար դրամ։

«168 ժամ». «Այդ գումարով իսպառ կարելի է լուծել 4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրը»

Քաղաքային իշխանությունում ավելացած հաստիքներին ու աշխատավարձերի հնարավոր բարձրացմանը «168 ժամ»–ի հետ զրույցում անդրադարձել է նաև Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Անհամաչափ է բարձրացվել՝ իրենցը՝ կրկնապատիկ, ցածր ու միջին օղակներինը՝ 20-30 տոկոս։ Քաղաքապետի բուն աշխատակազմն էլ ավելի է ուռճացվել. տասնյակներով նոր հաստիքներ են ավելացվել»,- ասել է Խաժակյանը։

Խաժակյանը նկատել է, որ այդ ամենն արվում է Երևանի բյուջեի հաշվին ու հաշվել է հարկատուների վրա այս ծախսի էֆեկտը.

«Հարկատուների վրա քաղաքապետարանի աշխատակազմի վրա ծախսվող գումարը շուրջ 2 միլիարդ դրամով աճում է, ինչն արդարացված չէ, որովհետև այդ գումարով իսպառ կարելի է լուծել 4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրը»։

«Հարկատուների վրա քաղաքապետարանի աշխատակազմի վրա ծախսվող գումարը շուրջ 2 միլիարդ դրամով աճում է, ինչն արդարացված չէ, որովհետև այդ գումարով իսպառ կարելի է լուծել 4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրը»։

«Դժվար» թեման պետք է հանգիստ քննարկել

«Իմ մարմինը անձնական է» գրքի շնորհանդեսը, որը կազմակերպել էր «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հ/կ-ն, «Առավոտ» թերթի գնահատմամբ անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների ու բռնությունների խնդիրների միասին խոսակցություն վարելու փորձ էր, և նպատակը, ինչպես եւ ցանկացած այլ հանցագործության պարագայում, դրանք կանխարգելելն էր դաստիարակչական, լուսավորչական աշխատանքի միջոցով: «Ջայլամությունը» նման պարագայում, թերթի կարծիքով, բացարձակապես անընդունելի է՝ խնդրի մասին պետք է խոսել ե՛ւ ծնողների, ե՛ւ երեխաների հետ:

Որքանով է այդ փորձը հաջող, «Առավոտ» -ը դժվարանում է ասել, քանի որ գրքի որոշ մտքեր (խորհուրդներ) տարակուսանք են առաջացնում, հեղինակները միշտ չէ, որ կարողացել են գտնել մեր դաստիարակության եւ մշակույթի տեսանկյունից «կոնվենցիոնալ» ձեւակերպումները (վերնագիրն անգամ անգլերենից բառացի թարգմանության տպավորություն է թողնում):

«Բայց նրանք, ովքեր անցած շաբաթ հարձակում են գործել սրճարաններից մեկում այդ գրքի շնորհանդեսի կազմակերպիչների վրա, ըստ ամենայնի, այդ գիրքը չեն կարդացել, ականջի ծայրով ինչ-որ բան են լսել եւ որոշել են հանդես գալ «ազգասերի» եւ «հայապահպանի» դերում: Չգիտես որտեղից, նրանք որոշել են, որ գիրքը պարունակում է այլասերվածության եւ միասեռականության քարոզ: Դա ապատեղեկատվություն է, իսկ մարդկանց վիրավորելու, վարկաբեկելու եւ պիտակավորելու ոճը լուրջ բանավեճին, մեղմ ասած, չի նպաստում: Համաձայն չե՞ք՝ ներկայացրեք ձեր փաստարկները՝ հանգիստ, հարգալից, առանց քրեական դրսեւորումների», - գրում է «Առավոտ»-ը:

«Բայց նրանք, ովքեր անցած շաբաթ հարձակում են գործել սրճարաններից մեկում այդ գրքի շնորհանդեսի կազմակերպիչների վրա, ըստ ամենայնի, այդ գիրքը չեն կարդացել, ականջի ծայրով ինչ-որ բան են լսել եւ որոշել են հանդես գալ «ազգասերի» եւ «հայապահպանի» դերում: Չգիտես որտեղից, նրանք որոշել են, որ գիրքը պարունակում է այլասերվածության եւ միասեռականության քարոզ: Դա ապատեղեկատվություն է, իսկ մարդկանց վիրավորելու, վարկաբեկելու եւ պիտակավորելու ոճը լուրջ բանավեճին, մեղմ ասած, չի նպաստում: Համաձայն չե՞ք՝ ներկայացրեք ձեր փաստարկները՝ հանգիստ, հարգալից, առանց քրեական դրսեւորումների», - գրում է «Առավոտ»-ը:

Թերթը նշում է, որ ոլորտին վերաբերող օրենքներ ընդունվել են նախորդ իշխանությունների օրոք նաեւ նման բովանդակությամբ գրքեր են հրատարակվել:

«Պետք է խիստ միջոցներ ձեռնարկել մահվան ելքով վթարներից խուսափելու համար»

Ո՞րն է ճանապարհներին վթարների քանակի նվազեցման ուղին: «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանն «Փաստ»-ի հետ զրուցում ասում է, որ իրեն չի թվում, թե վարորդական իրավունքի տրման կարգի, մասնավորապես, հարցաշարերի խստացումը կբերի երթևեկության ընթացքում վարորդի գիտակցության բարձրացմանը:

«Վարորդական իրավունք ստանալու համար ավելի ճիշտ կլինի, եթե ապագա վարորդները գործնական քննություններ հանձնեն երթևեկության ընթացքում և ոչ թե ինչ-որ փակ տարածքներում: Ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել հենց այդ քննությանը՝ հասկանալու համար, թե վարորդը երթևեկության մեջ տարբեր իրավիճակներում ինչպես է դրսևորում իրեն», - ասում է Քեյանը՝ ընդգծելով, որ լավ կլինի, եթե դպրոցական տարիներից սկսած երեխաները տիրապետեն երթևեկության կանոններին:

Հնարավոր է վթարների թվի անհամեմատ կրճատում՝ երթևեկության կանոնները պահպանելու դեպքում: Փորձը ցույց է տալիս, որ մահվան ելքով վթարների մեծ մասը եղել է արագության գերազանցման և ոչ սթափ երթևեկելու հետևանքով: Կան, սակայն, երթևեկության կանոնների հետ կապ չունեցող խնդիրներ: Նա օրինակ է բերում ճանապարհային ծածկույթի պատճառով առաջացած վթարները: Վարորդները փոսերի են հանդիպում, ճանապարհները ոչ բարվոք վիճակում են: «Նրանք փորձում են շրջանցել այդ անբարեկարգ հատվածները, և մեքենան վթարի է ենթարկվում», - նշում է հ/կ նախագահը:

Հաճախակի է խոսվում այն մասին, որ ոչ սթափ վիճակում մեքենա վարող, արագությունը պարբերաբար գերազանցող կարգազանց վարորդներին պետք է զրկել վարորդական իրավունքից, նույնիսկ՝ ցմահ: Նման խիստ օրենք է գործում ԱՄՆ-ում, որտեղ այդ վարորդներին համարում են «պոտենցիալ մարդասպաններ», չէ որ վթարի հետևանքով հետիոտնը կարող է կյանքից զրկվել: Տիգրան Քեյանը փաստում է, որ նման խստությունը, իհարկե, ողջունելի կլինի նաև Հայաստանի պարագայում: Պետք է բոլոր խիստ միջոցները ձեռնարկել մահվան ելքով վթարներից խուսափելու համար:

«Փրկարարական ուժերը չեն կարող 30-40 մասի բաժանվել ու առավոտից-երեկո զբաղվել ջրագծեր փակելով»

«Իրատես»-ը գրում է, որ վերջին երկու տարիներին ԱԻՆ Ճգնաժամային կենտրոնի «911» ահազանգերի սպասարկման ծառայությունը տարեկան ստանում է 2 միլիոնից ավելի հեռախոսազանգ, ինչը, սակայն, պայմանավորված չէ արտակարգ դեպքերի կտրուկ աճով, պարզապես մարդիկ իրենց անհանգստացնող շատ հարցերով նախընտրում են զանգել 911: ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանի հետ թերթի զրույցը նշված թեմայի շուրջ է:

Քաղաքացիները հաճախ ահանզագում են, երբ բնակարանում ջրատար խողովակներն են վնասվում՝ ակնկալելով փրկարարի արձագանքը: Նման զանգերը, ինչպես նշում է թերթի զրուցակիցը, սոցիալ-կենցաղային հարթակում են և վերաբերում են կոմունալ ծառայություններին, համատիրություններին, համապատասխան մասնագետներին:

«Ի՞նչն է խնդիրը: Գիտեք, որ խոշոր քաղաքներում օրվա ընթացքում նմանատիպ անթիվ-անհամար խնդիրներ են ծագում, իսկ տվյալ տարածքը սպասարկող փրկարարական ուժերը չեն կարող 30-40 մասի բաժանվել ու առավոտից-երեկո զբաղվել ջրագծերը փակելով, վերականգնելով: Նախ, մարտական պատրաստվածության աստիճանի կտրուկ անկում տեղի կունենա: Պատկերացրեք, որ իրոք արտակարգ պատահար լինի, այդ ուժերը, որ սփռվել են քաղաքում կենցաղային հարցերի լուծման համար, մի փոքր ուշանան դեպքի վայրից, մեր քաղաքացիները արդարացի գանգատներ կներկայացնեն թե՛ մեզ, թե՛ իրավապահ մարմիններին»,- ասում է Հովհաննես Խանգելդյանը:

«Անտեղի», «քմահաճ» ահազանգերին փրկարարները պարտավորված չեն «օգնության» հասնել. «Նման պարտավորվածություն չունեն մեր փրկարարները: Հարկ եմ համարում նշել, որ արձագանքման գործընթացն ամբողջությամբ, սկսած ահազանգի սպասարկման պահից, վերջացրած օգնության ցուցաբերման առանձնահատկություններով, կարգավորված է համապատասխան իրավական ակտերով, նախարարի հրամաններով, կառավարության որոշումներով, և հստակ ընդգծված են այն դեպքերը, որոնք ենթակա են անմիջական արձագանքման»: