Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կհավարսարվե՞ն արդյոք Մարությանի եւ Փաշինյանի աշխատավարձերը
2019-05-07 16:00:45

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Երեկ քաղաքապետարանում պետք է կայանար ֆինանսավարկային և տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվելու էր 1700 աշխատակիցների հաստիքացուցակների փոփոխության հարցը։

Նախատեսվում է քաղաքապետարանի ղեկավար կազմի աշխատավարձերը բարձրացնել շուրջ 100 տոկոսով: Սակայն  հանձնաժողովի նիստը չի կայացել: Ավագանու երկու ընդդիմադիր խմբակցությունների՝ ԲՀԿ-ի և «Լույսի» անդամները մոտ 40 րոպե սպասել են, որպեսզի մասնակցեն ֆինանսավարկային և տնտեսական հանձնաժողովի նիստին:

Սակայն «Իմ քայլը» դաշինքն այդ նիստից առաջ քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ հրավիրել էր իրենց խմբակցության առանձին նիստը, որը, ըստ «ԲՀԿ» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի,  այնքան  էլ հանդարտ չի անցել:

« Իրենց մոտ էլ թեժ քննարկում էր, որովհետև անընդհատ ներս ու դուրս էին անում և զգացվում էր, որ թեժ է քննարկումը»:

Ֆինանսավարկային հանձնաժողովի նիստը տեղի կունենա այսօր երեկոյան: ԲՀԿ մասնակցելու է նիստին, քանի որ կարևորում է քննարկվող հարցերը: Ընդդիմադիր խմբակցությունը  կողմ է, որ աշխատավարձերը բարձրանան, սակայն դեմ է, որ 100 տոկոս բարձրացումները լինելու են միայն  ղեկավար օղակում, իսկ մյուսների աշխատավարձերը կբարձրանան մոտ 30 տոկոսով:

«Մեր խմբակցության առաջարկն է լինելու, որ ստորին օղակի աշխատավարձերն էլ բարձրանա 100 տոկոսով,  իսկ քաղաքային ղեկավար կազմի աշխատավարձերը  բարձրանա ընդամենը 50 տոկոսով»:

Եթե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, պետք է սկսենք ստորին օղակներին բարձր աշխատավարձեր տրամադրելով՝ ասում է ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ու ավելացնում՝ անհեթեթ են նման բարձրացումները, քանի որ քաղաքապետի տեղակալներն ու իրենց գործավարները ստանում են նաև հավելավճարներ՝ արտաժամյա աշխատանքի համար: 

«Աշխատանքային ժամն ավարտվում է 18.00-ին: Նրանք մինչև ժամը  22.00-ը մնում են աշխատավայրում, և, բնականաբար, ստանում են դրա համար հավելավճարներ: Եվ աշխատակազմի ղեկավարը, որի աշխատավարձը պետք է լինի 840 հազար, և սրան գումարած էլ ստանում է հավելավճար, դա  միլիոնն անցնում է»: 

Մանրիկյանը պահանջելու է  արտաժամյա աշխատավարձ ստացած ղեկավար կազմի հավելավճարների վերջին երեք ամիսների ցուցակը: 

«Լույս» խմբակցությունն էլ դեմ չէ բարձրացումներին, սակայն դեմ է աստղաբաշխական աշխատավարձերին՝ ասում է խմբակցությունից Թեհմինա Վարդանյանը.

«Այո՛, մենք դեմ ենք, որ քաղաքապետի կամ թաղապետի տեղակալը ավելի շատ աշխատավարձ ստանան, քան՝ մարզպետը։ Մենք դեմ ենք, որ քաղաքապետի աշխատակազմի քարտուղարը ավելի շատ ստանա, քան ԱԱԾ պետը կամ ոստիկանապետը: Մենք դեմ ենք, որ վարչական շրջանի աշխատակազմը ավելի շատ վճարվի, քան պատգամավորը  կամ մնացած այլ կարևորագույն օղակի աշխատակիցներ պետական մարմիններում։ Այո մենք դեմ ենք: Սա նորմալ չէ: Քաղաքապետը իր աշխատավարձը հասցրել է վարչապետի աշխատավարձին»:  

Իսկ «Իմ քայլը» դաշինքի անդամ Իզաբելլա Աբգարյանը «Ռադիոլուրին» փոխանցեց երեկվա նիստից որոշ մանրամասներ: Քննարկվել է հաստիքացուցակների հարցը, սակայն խմբակցությունը փոխհամաձայնության չի եկել: 

Վաղը հարցը կլինի ավագանու արտահերթ նիստի օրակարգում: 

0:00
0:00